Ըստ Օբամայի` Պաղեստին պետության հռչակումը բխում է հենց Իսրայելի շահից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 29, 2009 18:38

obama-abbas-1Պաղեստինի Արևմտյան ափում հրեաների վերաբնակեցման քաղաքականությունը չդադարեցնելու մասին Իսրայելի պաշտոնական հայտարարությունից ժամեր անց ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վերահաստատել է Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման հարցում իր վարչակազմի դիրքորոշումը: Սպիտակ տան Ձվաձև գրասենյակում Օբաման ընդունել է Պաղեստինյան ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասին և հայտարարել, որ ամերիկյան վարչակազմը կողմ է հակամարտության կարգավորման 2 պետություն բանաձևին: ԱՄՆ նախագահը վերահաստատել է, որ Իսրայելը պետք է դադարեցնի վերաբնակեցման քաղաքականությունը, փոխարենը` պաղեստինցիները պետք է դադարեցնեն բռնություններն ու հրեական դպրոցների ու աղոթատեղիների նկատմամբ հարձակումները: Օբաման հստակ ու «արհեստական» ժամկետներ չի նշել պաղեստինյան պետության հնարավոր հռչակման ժամանակացույցի մասին, սակայն ընդգծել է, որ Թելավիվը պետք է գիտակցի, որ 2 պետության բանաձևը նախևառաջ ձեռնտու է իր իսկ անվտանգությանը: Ամերիկյան ու արաբական աղբյուրների փոխանցմամբ` Օբաման առաջիկայում Եգիպտոս այցի շրջանակում կարևոր ելույթ կունենա իսլամական աշխարհի համար և այնտեղ կնախանշի իր վարչակազմի` մերձավորարևելյան հակամարտության խաղաղ կարգավորման նոր մոտեցումները:

Al-Nahar, Al-Arabiya, AlKuds

Դիտվել է 1402 անգամ:
Print Friendly

Leave a Reply