«Արարատ» ֆուտբոլային ակումբին ժամանակ է տրամադրվել` ծառացած խնդիրները լուծելու
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | August 1, 2009 10:03
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմը որոշել է Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբին ժամանակ տալ` եղած թերությունները վերացնելու համար:
«Արարատ» ֆուտբոլային ակումբի պատանեկան թիմերից երեքը վերջին շրջանում չեն մասնակցում ՀՀ առաջնություններին, կան նաև այլ կարգի թերություններ: ՀՖՖ-ն էլ արտոնագրման կոմիտեն պատրաստվում էր ետ վերցնել ակումբից արտոնագիրը և չթույլատրել թիմին պայքարը շարունակել ՀՀ բարձրագույն խմբի առաջնությունում: ՀՖՖ գործկոմի երեկվա նիստում եղած թերություններին է անդրադարձել ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը:
«Արարատ» ակումբի փոխնախագահ Արկադի Անդրեսյանը խոստովանել է, որ կատարվածն ակումբի որոշ աշխատողների անփութության հետևանքով է, և պատճառն այն է, որ մարզիչն ինքնակամ թիմերը հանել է առաջնությունից: ՀՖՖ ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը ափսոսանք հայտնեց, որ այդպիսի իրավիճակ է առաջացել: «Եթե որևէ մեկը կարող է կարծել, որ «Արարատ»-ի «թշնամին» եմ կամ եղել եմ «թշնամի», ապա չարաչար սխալվում է: Իմ նպատակն է տեսնել «Արարատ»-ին այնպիսին, ինչպիսին այն մեր բոլորիս լավագույն հիշողություններում է: Այս տեսանկյունից ևս մեկ անգամ դիմում եմ ձեզ խնդրանքով` կողմ դնել բոլոր տեսակի ամբիցիաները, սկսել «նոր տողից», համագործակցել ֆեդերացիայի հետ, ստանալ անհրաժեշտ խորհրդատվություն, շտկել ակումբում տեղ գտած թերությունները, միասին գտնել լուծումներ ստեղծված իրավիճակից և, վերջիվերջո, ծառայել հայկական ֆուտբոլին: Այս իմաստով կարող եք ակնկալել բոլորիս և իմ անձնական աջակցությունը»,-ասել է ֆեդերացիայի նախագահը:
Իր հերթին Անդրասյանը նշել է, որ պատրաստ են համատեղ քայլեր կատարել: Նա ասել է, որ Աբովյանում ֆուտբոլի դպրոց է ստեղծվել, որը կօգնի թերությունները վերացնել, կնպաստի հայկական ֆուտբոլի զարգացմանը: Գործկոմը որոշել է «Արարատ» ակումբին ժամանակ տրամադրել մինչև նոյեմբերի 1-ը` փաստաթղթային, կադրային և ծառացած մյուս խնդիրները լուծելու համար:






Facebook
Tweet This
Email This Post
