Կատարվեց Համահայկական խաղերի ծրագրով բասկետբոլի և ֆուտբոլի մրցաշարերի վիճակահանությունը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 1, 2009 12:54

mhm43124-copyԱյսօր Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նիստերի դահլիճում կայացավ Համահայկական խաղերի ծրագրով բասկետբոլի և ֆուտբոլի մրցաշարերի վիճակահանությունը, հայտնի դարձան խմբային մրցաշարերի հակառակորդները:

Համահայկան խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը հայտնեց, որ խաղերը մեկնարկելու են օգոստոսի 9-ին:

Բասկետբոլիստների և բասկետբոլիստուհիների մրցաշարերին մասնակցելու են համապատասխանաբար 16 և 6, իսկ ֆուտբոլիստների մրցաշարին` 16 թիմեր: Ապա Համահայկական խաղերի գլխավոր մրցավար Եղիշ Դավթյանը ներկայացրեց բասկետբոլի և ֆուտբոլի մրցաշարերի գլխավոր մրցավարներ Ժորա Բաղդասարյանին և Արարատ Ճաղարյանին, խնդրեց նրանց անցկացնել վիճակահանությունը:

Սկզբում կայացավ բասկետբոլիստուհիների մրցաշարի վիճակահանությունը: Թիմերը մրցելու են շրջանաձև մրցակարգով: Լավագույնները որոշվելու են ընդհանուր արդյունքով: Այսպիսով, վիճակահանությամբ քաղաքների հավաքականները բաշխվեցին այսպիսի հերթականությամբ` Երևան, Սիսիան, Գյումրի, Թավրիզ, Թեհրան, Ստեփանակերտ: Բասկետբոլիստների մրցաշարն անցկացվելու է Երևանի Արաբկիր համայնքի թիվ 1 մարզադպրոցի դահլիճում:  Տղամարդկանց 1-ին, 3-րդ և 2-րդ, 4-րդ խմբերի ներկայացուցիչներն ուժերն են չափելու համապատասխանաբար «Դինամո» և «Մաստեր կլաս» ակումբների մարզադահլիճներում:

Թիմերը վիճակահանությամբ տեղաբաշխվեցին հետևյալ կերպ. 1-ին խումբ` Թեհրան, Ալեքսանդրիա, Գյումրի, Ախալքալաք, 2-րդ խումբ` Սոչի, Մաշհադ, Լոս Անջելես, Սիսիան, 3-րդ խումբ` Կահիրե, Իսպահան, Մոսկվա, Հալեպ, 4-րդ խումբ` Երևան, Ստամբուլ, Ստեփանակերտ, Թավրիզ: Ի դեպ, վիճակահանության ժամանակ այնպես արվեց, որ նույն երկրների քաղաքների թիմերը խմբային մրցաշարում չհանդիպեն միմյանց:

Հետագայում պայքարը շարունակելու են խմբերում առաջին երկու տեղերը գրաված թիմերը: Գործելու է օլիմպիական մրցակարգը, և պարտվողը դուրս է մնալու պայքարից: 1-8-րդ տեղերի համար խաղերն անցկացվելու են «Դինամո», իսկ 9-16-րդ տեղերի համար` «Մաստեր կլաս» ակումբներում: Նույն սկզբունքներով էլ կայանալու են ֆուտբոլի մրցաշարի խաղերը: Վիճակահանությամբ որոշվեց, թե թիմերը որ խմբերում են ընդգրկվելու և որտեղ են անցկացնելու հանդիպումները. 1-ին խումբ (Արտաշատ)՝ Ստեփանակերտ, Գորգան, Երևան , Թբիլիսի, 2-րդ խումբ (Աշտարակ)՝ Ստամբուլ, Գյումրի, Իսպահան , Ալմելո, 3-րդ խումբ (Արարատ)՝ Բուենոս Այրես, Էջմիածին, Ախալքալաք, Շահրինշահր, 4-րդ խումբ (Աբովյան)՝ Լոս Անջելես, Բեյրութ, Թեհրան, Բաթում:

Վիճակահանությունից հետո հայտնվեց, որ Բառնաուլի ներկայացուցիչները հնարավոր է ես մրցավայր ժամանեն՝ ֆուտբոլի մրցաշարին մասնակցելու համար: Բայց քանի որ նրանք ուշացրել են հայտը, որոշվեց չընդառաջել և չթույլատրել մասնակցել խաղերին:

Խաղերի հանդիսավոր բացում չի նախատեսվում կազմակերպել: Իսկ բասկետբոլի և ֆուտբոլի մրցաշարերի փակումները կայանալու են օգոստոսի 16-ին՝ Աբովյանի մարզադաշտում և «Դինամո» մարզադահլիճում:

Դիտվել է 1512 անգամ:
Print Friendly

Leave a Reply