Թոմաս Համմարբերգ. «ԵԽԽՎ-ն Հայաստանի նկատմամբ ոչ մի պատժամիջոց չի կիրառի»

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | January 21, 2011 19:46

Հունվարի 18-21-ը Հայաստանում էր ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը: Քառօրյա այցելության ընթացքում նա հանգել է այն եզրակացության, որ  «մարտի 1»-ի դեպքերի ժամանակ տեղի ունեցած տասը զոհերի մեղավորների չբացահայտումը  համարժեք է անպատժելիության: Նա լրագրողներին խոստացավ, որ դա անպայման կարտացոլվի իր զեկույցում:

Սակայն նա չի կարծում, որ այդ «անպատժելիության» մթնոլորտը որևէ  համարժեք արձագանքի կարժանանա ԵԽԽՎ-ում: «Կառավարությունների գործունեության մասին ընթացող քննարկումներին մասնակցելով` տպավորություն եմ ստացել, որ Հայաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարց չի քննարվում»,- ասաց նա:

Միաժամանակ Համմարբերգն ասաց, որ Մարդու իրավունքների միջազգային համաձայնագրերում «քաղաքական բանտարկյալ» եզրույթ գոյություն չունի. «Ես առաջնորդվում եմ մարդու իրավունքների երկու սկզբունքով` արդար դատաքննության և օրենքի առջև հավասարության` անկախ քաղաքական համոզմունքներից»:

Նա ասում է, որ «մարտի 1-ի» իրադարձությունների հետ կապված բանտարկյալները դատապարտվել են ազատազրկման այդ երկու կարևոր սկզբունքների խախտումների հետևանքով, քանի որ  նրանց առաջադրված մեղադրանքները քաղաքական ասպեկտներ են ունեցել: Համմարբերգը իշխանությունների հետ քննարկել է  Նիկոլ Փաշինյանի և Սասուն Միքայելյանի հարցը:  «Պատասխաններ չկան, բայց տպավորությունս այն է, որ իշխանությունները մտածում են դրա մասին»,- ասաց նա:

Նա հանդիպել է  «մարտի 1»-ի իրադարձությունների հետևանքով բանտարկվածների, ինչպես նաև զոհվածների հարազատների հետ, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում հանդիպել է Սասուն Միքայելյանի հետ, «Արթիկ» ՔԿՀ-ում՝ Նիկոլ Փաշինյանի: «Պետք է ասեմ, որ Նիկոլ Փաշինյանը չափազանց լավ էր պատրաստվել հանդիպմանը»,- ասաց նա:

Համմարբերգին մտահոգում է նաև  խոսքի ազատության հարցը, և նա հանդիպել է  ՀՌԱՀ-ի նախագահի, ինչպես նաև  «Ա1+» և «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունների ղեկավարների հետ, որից հետո եզրակացրել է. «Կարծում եմ, որ բազմակարծության սկզբունքը լրատվամիջոցներում պաշտպանված չէ»:

Մարդու իրավունքների հանձնակատարին անհանգստացնում են նաև բանակում մարդու իրավունքների խախտումները և ոչ մարտական պայմաններում բանակի ներսում տեղի ունեցած դեպքերը:  Նրա կարծիքով` բանակում բռնության հիմնախնդիր կա: «Այդ հարցի վերաբերյալ որոշակի առաջարկություն կարվի,- ասաց նա,- պետք է ստեղծվի բողոքարկման համակարգ, որպեսզի մարդը, որի նկատմամբ բռնություն է կիրառվում, անկաշկանդ բողոքարկելու հնարավորություն ունենա»:

ԵԽԽՎ մարդու իրավունքների հանձնակատարը բանակին առնչվող հարցերի կապակցությամբ հանդիպել է   ՀՀ պաշտպանության նախարարի ու զինդատախազի հետ: «Երկուսն էլ դրական էին տրամադրված փոփոխությունների նկատմամբ»,- ասաց նա: Համմարբերգը պաշտոնական հանդիպումներ է ունեցել ՀՀ նախագահի, ոստիկանապետի, գլխավոր դատախազի, նորանշանակ արդարադատության նախարարի, ԱԺ կոալիցիոն խմբակցությունների, ինչպես նաև ՀՅԴ-ի ու «Ժառանգության», արտախորհրդարանական ընդդիմության, ՀԿ-ների և իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Սա Համմարբերգի երկրորդ այցելությունն է Հայաստան: Առաջին անգամ նա  ժամանել է 2008 թ. մարտյան դեպքերից հետո: Լրագրողները մտավախություն հայտնեցին, որ միգուցե այս այցելությունից հետո զեկույց չլինի, քանի որ առաջին այցելությունից հետո նա այդպես էլ զեկույց չներկայացրեց: «Զեկույց անպայման կլինի»,- հավաստիացրեց նա:

Համմարբերգն իր առաքելությունն իրականացնում է եվրոպական 46 երկրներում:

Դիտվել է 1754 անգամ:
Print Friendly

Leave a Reply