Պարզապես միջոց

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | January 21, 2011 18:51

Լիբանանյան քաղաքական բեմը հատկանշած քաղաքական լարված իրավիճակը, անհեռանկարային կացությունն ու մանավանդ մոտ ապագայի նկատմամբ տիրող անորոշությունը տագնապի մատնած են լիբանանցի քաղաքացին։ Ընթացիկ գործեր վարող հրաժարյալ կառավարության գործունեությունը, խորհրդարանական պարտադիր խորհրդակցությունների հետաձգման փաստը կը հուշեն համաձայնական մթնոլորտի բացակայությունը։

Անորոշ այս կացությունը տեղի տված է հոռետեսական մեկնաբանություններու, ինչ որ բարոյահոգեբանական առումով լուրջ հարված հասցուցած է լիբանանյան հասարակության։ Որքան ալ կառավարական ընթացիկ աշխատանքները փորձեն բնական կենցաղի և առօրյայի տպավորությունը պահել, հստակ է, որ պողոտաներու վրայ երևցող համեմատական ամայացումը, տնտեսական գործարքներու տակավ սառեցումը երկիրը տեղափոխած են քաղաքական լարվածության համապատասխանող տագնապի երևույթներով հատկանշվող հատուկ դաշտ։

Արտաքին ճակատի վրա միջնորդ պետություններու կողմե հայտարարված հիասթափությունն ու առաջադրված համաձայնության գործընթացեն հրաժարումը եթե մեկ կողմե կընդգծեն ներլիբանանյան հանգույցին խորապես բարդ ըլլալը, մյուս կողմե քաղաքականորեն կը մեկնաբանվին հիմնական երկրի մը միջնորդությունը այլ երկիրով փոխարինելու փաստը։ Մեկուն ձախողության ձգած պարապը մյուսով լեցնելու իրականությունը։

Ավելի պարզ բացատրությամբ՝ Սաուդյան Արաբիան հիմնականին մեջ կը փոխարինվի Թուրքիայով։ Նոր միջնորդը այս պարագային Թուրքիան է, տրված ըլլալով որ թե՛ Քաթարը և թե՛ Սիրիան արդեն հանգուցալուծման բանակցություններու գործընթացին մաս կը կազմեին։ Բոլորովին նոր չէ անշուշտ Թուրքիո միջնորդությունը, որուն ներկայությունը շրջանին և երկրին մեջ, բազմակողմանի հանդիպումները, հակաիսրայելյան տրամադրություններու թատերական ներկայացումները բավական լուրջ ու նկատառելի ենթահող պատրաստած էին այդ ուղղությամբ։

Չմոռնանք, որ սիրիական-սաուդական հավանական համաձայնությունը խափանված էր Միացյալ Նահանգներու կողմե։ Թե Թուրքիան որքանով կը համաձայնեցնե իր քայլերը Միացյալ Նահանգներու հետ, և թե այս վերջինը նույն դերակատարությունը կ՛ունենա՞յ այս անգամ թրքական միջնորդությամբ լուծելի տարազի մը իրականացման մեջ, դժվար է կանխավ բացարձակ հաստատում կատարելը։ Իրադրությունները, սակայն, այնպես ցույց կու տան, որ թրքական միջնորդությունը նկատառելիորեն ընկալելի է առնչված տարբեր կողմերուն համար։

Թրքական այս քայլերը և ընկալելիության երևույթները պետք է դիտարկել պաշտոնական Անկարայի նոր օսմանականության ընդհանուր քաղաքականության շրջագծին մեջ։ Դեպի արաբական աշխարհ կտրուկ թեքումը և թրքական քաղաքական հովանավորությունը շրջանին մեջ առավելագույնս տարածելու փորձերը առարկայացման համար ամենապատեհ առիթներեն է լիբանանյան հանգուցալուծման մեջ առանցքային դերակատարություն ստանձնելն ու ընդունված միջնորդ համարվիլը։

Նոր օսմանականության անհեռանկարայնության մասին հստակ շեշտադրումներով և քաղաքական պարզաբանումներով հանդես եկավ Հայաստանի Հանրապետության նախագահը Լիբանանեն ոչ շատ հեռու Կիպրոսի մեջ, ուր ամենաբարձր ամբիոններե ան հաջողեցավ, ճիշտ երանգները մատնացույց ընելով, խոսիլ թրքական նորօրյա գաղափարախոսության դատարկության մասին։ Հիշեցնելով, որ շրջանի ժողովուրդները ինչ տեսակ  հետևանքներ կրած են օսմանականութենեն։

Նոր միջնորդին համար ո՛չ լիբանանյան հանգույցը, ո՛չ լիբանանցիներուն խաղաղ համակեցությունը, ո՛չ ալ շրջանին կամ երկրին կայունությունը գերադասելի առաջադրանքներ են։ Հակամարտության թղթածրարին մեջ բանալի դեր ստանձնելը պարզապես միջոց է նոր օսմանականության համար ենթահող շահելու։

Շահան Գանտահարյան

«Ազդակի» գլխավոր խմբագիր

Դիտվել է 1270 անգամ:
Print Friendly

Leave a Reply