Հայ-վրացական դպրոցականների առաջին օլիմպիադան

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | January 21, 2011 15:12

Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցում այսօր տեղի է ունեցել հայ-վրացական դպրոցականների առաջին օլիմպիադայի բացման հանդիսավոր արարողությունը: Ողջունելով օլիմպիադայի մասնակիցներին` ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ օլիմպիադայի կազմակերպման գաղափարը պատկանում է երկու երկրների ղեկավարներին, ովքեր ցանկություն են ունեցել խորացնել հարաբերությունները ոչ միայն տնտեսական, քաղաքական, այլ նաև հումանիտար համագործակցության ոլորտում, մասնավորապես ստեղծելով հնարավորույթուններ մեր երկու երկրների երիտասարդ սերունդների համար` սկսած այս տարիքից ծանոթանալ, շփվել, աշխատել, ապրել առողջ մրցապայքարում, փորձելով հարթել ճանապարհը դեպի ճշմարտություն: “Գաղտնիք չէ, որ մեր տարածաշրջանում պետություններից մեկը փորձում է այլ պետություններին թելադրել սպառազինությունների մրցավազք, սակայն վստահ ենք, որ մեր տարածաշրջանի ապագան ոչ թե սպառազինությունների մրցավազքի մեջ է, այլ գիտելիքի առողջ մրցակցության” նշել է նախարարը և հավելել. “Պատահական չէ, որ օլիմպիադայի մեկնարկը համընկել է նաև Վրաստանի Նախագահ Մ. Սահակաշվիլու Հայաստան պաշտոնական այցին, սա նույնպես խորհրդանշական է, որ երկու երկրների նախագահների մտերմությունը, հարաբերությունները, բարեկամությունը փոխանցվում է նաև երիտասարդ սերնդին”: Նախարարը նաև ընդգծել է, որ օլիմպիադան կլինի շարունակական և երկու երկրները հաջորդաբար կհյուրընկալեն մասնակիցներին` ընդլայնելով նաև առարկաների ցանկը:
Վրաստանի պատվիրակության ղեկավար Ալուդա Գոգլիչիձեն, ողջունելով օլիմպիադայի մասնակիցներին, նշել է, որ այս մրցույթը լուրջ հիմքեր է ստեղծում երկու երկրների աշակերտների միջև շփումների և բարեկամության խորացման համար: Նա վստահություն է հայտնել, որ օլիմպիադան շարունակական բնույթ է ունենալու:
Հայ-վրացական դպրոցականների առաջին օլիմպիադան անց է կացվում “Մաթեմատիկա”, “Ֆիզիկա”, “Ինֆորմատիկա” առարկաներից: Յուրաքանչյուր երկրից օլիմպիադային մասնակցում են 30-ական աշակերտ, յուրաքանչյուր առարկայից տասական աշակերտ: Հայկական թիմում հանդես են գալիս ՀՀ տարբեր մարզերի աշակերտներ, իսկ վրացական թիմում ընդգրկված են նաև Վրաստանում ապրող, ազգությամբ հայ աշակերտներ:
Օլիմպիադայի կազմակերպմանն աջակցում են ԵՊՀ-ն, “Սինոփսիս” ընկերությունը և “Փյունիկ” բարեգործական հիմնադրամը:
Հունվարի 23-ին կհրապարակվեն օլիմպիադայի արդյունքները, և հաղթողները կպարգևատրվեն մեդալներով և պատվոգրերով:

Դիտվել է 1147 անգամ:
Print Friendly

Leave a Reply