2011-2012 ուստարում Հայաստանում կգործի «Այբ» ավագ դպրոցը

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | January 21, 2011 14:43

2011-2012 ուսումնական տարում Հայաստանում կգործի «Այբ» նոր ավագ դպրոցը, որը կներկայանա ուսման նոր ձեւաչափով եւ Հայաստան կբերի կրթության նոր մշակույթ: Ինչպես այսօր «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը, դպրոցի ստեղծումը հիմնադրամի ամենամեծ ծրագիրն է, որը ինքնանպատակ չէ:

«Այստեղ դրված խնդիրը շատ ավելի լայն է, այն նոր սերունդ ձեւավորելու մեջ է, սերունդ, որը պետք է լինի կրթված, ունենա համապատասխան արժեքային համակարգ, հստակ տեսլական, պատասխանատվություն իր, երկրի եւ ընդհանրապես` հայության ապագայի համար: Եվ այդ նպատակին հասնելու ճանապարհը մենք տեսանք դպրոցի միջոցով: Պետք է ստեղծել դպրոց, որտեղ կարելի կլինի դաստիարակել նման սերունդ»,- նշեց նա` ավելացնելով, որ երեխաների դիմումները կընդունվեն գարնան ամիսներին:

Նրա խոսքով`»Այբ» դպրոցն այն երեխաների համար է, որոնք դպրոցն ավարտելուց հետո կարողանան կրթական ոլորտում հասնել համաշխարհային ճանաչման` ընտրություն կատարելով ոչ միայն Հայաստանի, այլեւ աշխարհի լավագույն բուհերի միջեւ: «Կրթօջախը կլինի եռաստիճան` տարրական, միջին եւ ավագ դպրոցներով: Սկզբում մենք կառուցում ենք ավագ դպրոցը, որպեսզի կարողանանք ցույց տալ, թե ինչպիսի արդյունք կամ ինչպիսի երեխաներ կարող ենք ունենալ:

Եվ համաշխարհային փորձն է ցույց տալիս, որ դպրոցաշինության ճիշտ ճանապարհը վերեւից ներքեւն է»,- նշեց Դ. Սահակյանը: Նշենք, որ երեխաները «Այբ» դպրոց ընդունվելու են ընտրության սկզբունքով` քննական թեստերի եւ հարցազրույցի արդյունքներով: Տարածաշրջանային սահմանափակումներ չկան` դպրոցում կսովորեն ե’ւ մայրաքաղաքի, ե’ւ մարզերի, ե’ւ սփյուռքի երեխաները: Դպրոցը տեղակայված կլինի Երեւանի հյուսիսային մասում, Թբիլիսյան խճուղուն հարող 6.5 հա հողատարածքի վրա:

Դիտվել է 1924 անգամ:
Print Friendly

Leave a Reply