Վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 7,25 տոկոս

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | January 21, 2011 14:09

2011 թ. հունվարի 11-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցում էին` ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, խորհրդի անդամներ Արմենակ Դարբինյանը, Անդրանիկ Նորեկյանը, Ահարոն Չիլինգարյանը, Աշոտ Մկրտչյանը, Վախթանգ Աբրահամյանը:

Խորհրդի նիստը սկսվեց իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ, որտեղ քննարկվեցին գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային և դրամավարկային հատվածների ընթացիկ զարգացումները: 2010 թ. ընթացքում արձանագրված 12-ամսյա 9.4% գնաճի միայն 7.5 տոկոսային կետը պայմանավորվել է պարենային ապրանքների գների աճով: Ընդ որում, գյուղատնտեսական պարենային ապրանքների գների աճի նպաստումը կազմել է 5.0 տոկոսային կետ, հացամթերքինը` 2 տոկոսային կետ:

Ըստ պաշտոնական վիճակագրության 2010 թ. դեկտեմբերի 1.8% գնաճն   արձանագրվել է բացառապես պարենային ապրանքների գների աճի հաշվին: Չնչին նվազում է գրանցվել ծառայությունների սակագներում` տրանսպորտի և հանգստի կազմակերպման ծառայությունների հաշվին: Ոչ պարենային ապրանքների գներն անփոփոխ են մնացել:

2010 թ. հունվար-նոյեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, արձանագրվել է 2.6% տնտեսական աճ: Ընդ որում, արդյունաբերության ճյուղի ավելացված արժեքի աճը կազմել է 9.6%` պայմանավորված մետաղական հանքաքարերի արդյունահանման, սննդամթերքի, խմիչքների, շինանյութերի, քիմիական արդյունաբերության, մետալուրգիայի և ոսկերչական արտադրատեսակների արտադրության ծավալների աճով: Անփոփոխ են մնացել շինարարության ճյուղի և ծառայությունների ոլորտի ավելացված արժեքի աճի տեմպերը` համապատասխանաբար` 3.5% և 4.9%: Ընդ որում, մատուցված ծառայությունների ծավալում մեծ բաժին է կազմել ֆինանսական և ապահովագրական գործունեությունը: Շարունակվել, սակայն նախորդ ամսվա համեմատությամբ փոքր-ինչ դանդաղել է է գյուղատնտեսության ճյուղի անկումը, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 14.4%, ընդ որում, բուսաբուծության ենթաճյուղի անկումը կազմել է 20.5%, իսկ անասնապահության ենթաճյուղինը` 1%:

Ինչ վերաբերում է արտաքին ապրանքաշրջանառությունը բնութագրող ցուցանիշներին, գրեթե պահպանվել է ապրանքների արտահանման ծավալների աճի տեմպը, որը 2010 թ. հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 41.2%: Ապրանքների ներմուծման աճի տեմպը շարունակել է դանդաղել և նշված ժամանակահատվածում կազմել է 14.2%:

Ներկայացվեցին նաև ֆինանսական շուկայի եռամսյակային զարգացումները: Եռամսյակի ընթացքում ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքի անփոփոխ մակարդակի պայմաններում ՊՊ առաջնային շուկայում նախորդ ամսվա համեմատ արձանագրվել է տոկոսադրույքների նվազում. մասնավորապես` մինչև 1 տարի մարման ժամկետով պարտատոմսերի միջին տոկոսադրույքը նվազել է 1.2 տոկոսային կետով և կազմել 9.1%: Ռեպո շուկայում միջին տոկսադրույքն աճել է շուրջ 0.5 տոկոսային կետով և կազմել 7.6%: Արտարժույթի շուկայում դրամի միջին շուկայական փոխարժեքը նախորդ եռամսյակի նկատմամբ դրսևորել է հետևյալ միտումները. ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամն արժեքավորվել է 1.33%-ով և կազմել 360.73 դրամ, Եվրոյի նկատմամբ արժեզրկվել է 3.72%-ով և կազմել 490.43 դրամ, ՌԴ ռուբլու նկատմամբ արժեզրկվել է 0.85%-ով և կազմել 11.75 դրամ:

Տարեսկզբից ԿԲ և Կառավարության համատեղ ապադոլարայնացման միջոցառումների արդյունքում դոլարայնացման մակարդակը շարունակել է նվազել. դեկտեմբերի վերջին նախորդ ամսվա նկատմամբ, նվազումը կազմել է 0.6%` պայմանավորված դրամային ավանդների 5% և արտարժութային ավանդների 4%-ով աճերով (բացառելով դրամի փոխարժեքի արժեքավորման ազդեցությունը` 3.7%-ով): Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ դրամային ավանդներն ավելացել են 23.7%-ով, արտարժութային ավանդները` 2.7%-ով (բացառելով դրամի փոխարժեքի արժեքավորման ազդեցությունը` 7.7%-ով), ինչի արդյունքում դոլարայնացման մակարդակը նվազել է 4.6%-ով: Չնայած դոլարիզացիայի տեմպերի շարունակական նվազմանը, դեկտեմբերին տնտեսության վարկավորման ընդհանուր ծավալում շարունակել են գերակշռել արտարժույթով վարկերը` առևտրային բանկերի կողմից արտերկրից ներգրավված միջոցների, ինչպես նաև ԿԲ-ում արտարժութային թղթակցային հաշվի ավելցուկային միջոցներ հաշվին: Դեկտեմբերի վերջի դրությամբ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ վարկավորումն ավելացել է շուրջ 24%-ով, ընդ որում, դրամով տրամադրված վարկերի աճը կազմել է շուրջ 10%, իսկ արտարժույթով տրամադրված վարկերինը` 37.2% (բացառելով դրամի փոխարժեքի փոփոխության ազդեցությունը` 43.9%-ով):

Իրավիճակային հաշվետվության քննարկումից հետո խորհուրդը սկսեց քննարկումներն արտաքին և ներքին զարգացումների, դրամավարկային քաղաքականության ուղղությունների վերաբերյալ:

Տարեվերջին հիմնական ապրանքների միջազգային շուկաներում պահպանվեցին գնաճային ճնշումները. ավելին, գրեթե բոլոր հումքային ապրանքների (ցորեն, շաքար, նավթ, պղինձ) միջազգային գներն արձանագրեցին վերջին երկու տարիների ընթացքում առավելագույն արժեքները: Արտաքին հատվածի ազդեցությունների ներքո ՀՀ տնտեսությունում շարունակաբար ավելանում են գնաճային ռիսկերը:

Խորհուրդը մտահոգված է արտաքին հատվածի և գյուղատնտեսության ճյուղի 2010 թ. զարգացումների արդյունքում արձանագրված բարձր գնաճի` երկրորդային ազդեցությունների և գնաճային սպասումների ավելացմամբ: Մյուս կողմից խորհուրդը գտնում է, որ համախառն պահանջարկի դանդաղ տեմպերով վերականգնումը դեռևս գնաճային ճնշումներ չի ստեղծում, ինչպես նաև քիչ հավանական է համարում 2011 թ. ընթացքում գյուղատնտեսության ճյուղի 2010 թ. զարգացումների շարունակումը և դրանից բխող գնաճային ճնշումների ավելացումը:

Այդուհանդերձ, խորհուրդը միակարծիք է, որ ձևավորված գնաճային միջավայրի և արտաքին հատվածից ակնկալվող ռիսկերի ուժգնացման պայմաններում ավելանում են նպատակային միջակայքի վերին սահմանի գերազանցման ռիսկերը: Վերոնշյալն առավել մանրամասն կքննարկվի առաջիկայում հրապարակվելիք 2011 թ. առաջին եռամսյակի Դրամավարկային քաղաքականության ծրագրում:

Հաշվի առնելով համախառն պահանջարկի վրա դրամավարկային քաղաքականության ազդեցության լագերը, առաջարկի գործոնների ու դրանց երկրորդային ազդեցությունների դրսևորումները և գյուղատնտեսության ճյուղի զարգացումների անորոշությունները, ԿԲ խորհուրդը դեռևս հավանական է համարում դրամավարկային պայմանների խստացումը:

2011 թ. հունվարի 11-ի նիստում առաջիկա ժամանակահատվածի համար սահմանվեցին ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքի 7.25%, լոմբարդային ռեպոյի 10.25% և ներգրավված միջոցների 4.25% մակարդակներ:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Դիտվել է 1034 անգամ:
Print Friendly

Leave a Reply