Այսօրվանից մի շարք դեղեր կվաճառվեն միայն բժշկի դեղատոմսով

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | January 21, 2011 10:14

Հայաստանի դեղատներում վերջերս «Թիանեպտին» («Կոաքսիլ»), «Տրոպիկամիդ», «Սեդալգին» և «Պրեգաբալին» («Լիրիկա»)  դեղերի վաճառքի աճ էր արձանագրվել:

Առողջապահության նախարարության կողմից կատարված դիտարկումների արդյունքում պարզվել է, որ նշված դեղերն այլ դեղերի և/կամ նյութերի համադրմամբ կարող են օգտագործվել որպես հոգեմետ նյութեր: Ստացված պատրաստուկների գործածումն արագ առաջացնում է և’ ֆիզիկական, և’ հոգեկան կախվածություն, ինչպես նաև վարքային տարբեր խանգարումներ, իսկ գերդոզավորումը բերում է մահվան:

Հաշվի առնելով խնդրի հասարակական հնչեղությունն ու վտանգավորությունը մարդկանց առողջության համար` ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ՀՀ առողջապահության նախարարությունը շահագրգիռ այլ գերատեսչությունների հետ համատեղ միջոցառումներ է իրականացրել նշված դեղերի ազատ վաճառքը սահմանափակելու ուղղությամբ:

Մասնավորապես, 2010թ. դեկտեմբերի 9-ի Հայաստանի Հանրապետության կառավարության N 1646-ն որոշմամբ լրացումներ են կատարվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի թիվ 1129-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության  հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների N 3 ցուցակում»: Վերոհիշյալ ցանկում ընդգրկվել են «Թիանեպտին», «Տրոպիկամիդ», «Պրեգաբալին» և «Սեդալգին»` պարացետամոլ, մետամիզոլ (մետամիզոլի նատրիումական աղ), կոֆեին, ֆենոբարբիտալ, կոդեին  ֆոսֆատ» դեղերը:

Որոշումը պաշտոնապես հրապարակվել  է 2010թ. դեկտեմբերի 22-ին և ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը` 2011 թվականի հունվարի 21-ին:

Ուստի այսօրվանից`  հունվարի 21-ից «Թիանեպտին» («Կոաքսիլ»), «Տրոպիկամիդ», «Պրեգաբալին» («Լիրիկա») և «Սեդալգին» դեղերը դեղատներում վաճառվելու են միայն բժշկական կազմակերպություններից դուրս գրված հոգեմետ դեղատոմսերով:

Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության  բաժնից հաղորդում են, որ այս դեղերի շրջանառության նկատմամբ կիրառվելու են բոլոր սահմանափակումները, որոնք նախատեսված են «Հայաստանի Հանրապետության  հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների N 3 ցուցակում» ընդգրկված դեղերի համար:

Դիտվել է 1484 անգամ:
Print Friendly

Leave a Reply