ՌԱՀՀԿ-ը դիտարկեց այն դասերը, որ պետք է Հայաստանը քաղի թունիսյան իրադարձություններից
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | January 20, 2011 20:55
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնն (ՌԱՀՀԿ) այսօր անցկացրեց կլոր սեղանի հատուկ քննարկում` «Թունիսյան հեղափոխություն. դա՞ս Հայաստանի համար» խորագրով: Քննարկվեցին մասնավորապես Թունիսում տեղի ունեցած վերջին խժդժությունները, որոնց հետեւանքով անփառունակ կերպով պաշտոնազրկվեց երկար տարիներ այդ երկիրը ղեկավարող նախագահը:
Իր վերլուծականում ՌԱՀՀԿ տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանն ընդգծեց թունիսյան իրադարձություններից դասեր քաղելու` մեզանում իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերությունների մեջ հանդուրժողականության, զիջումների հասնելու, ծագող խնդիրները երկխոսության սեղանի շուրջ քաղաքակիրթ ձեւով քննարկելու եւ դրանց լուծումների վերաբերյալ փոխադարձ համաձայնության գալու անհրաժեշտությունը:
Քննարկման մասնակիցները դիտեցին տեսահոլովակ` Թունիսի մայրաքաղաքում վերջին ցույցերի վերաբերյալ, որից հետո հավելյալ պարզաբանումներով հանդես եկավ Կիրակոսյանը` նշելով, որ տեղի ունեցածը փաստորեն հեղափոխություն էր առանց առաջնորդի: «Ցուցարարների մեծամասնությունը գործում էր ինքնաբուխ եւ դրդված այն հակազդեցությունից, որը հետեւանքն էր Թունիսի կառավարության կողմից տարիներ ի վեր շարունակվող կոռուպցիայի, քաղաքական ազատությունների սահմանափակման եւ, առհասարակ, իշխանությունների կողմից հրահրվող հարաճուն հասարակական վրդովմունքի, հուսալքության ու նվաստացման»,- ասաց քաղաքագետը: Նրա խոսքով` թունիսյան զարգացումները նշանակալից են հատկապես Հայաստանի համար, քանի որ այնտեղ ստեղծված իրավիճակն ի հայտ բերեց կարեւորագույն հինգ գործոններ. ա) իրական լեգիտիմության պակաս ունեցող պետությունների բնական թուլությունն ու խոցելիությունը, բ) հանրային զայրույթի եւ դժգոհության պոռթկման հանկարծակիությունը, գ) հանրային դժգոհության սոցիալ-տնտեսական եւ ժողովրդագրական արմատները, դ) համացանցի եւ սոցիալական լրատվամիջոցների կազմակերպական ներուժը, եւ ե) իշխող քաղաքական վերնախավի` «իր անձը բոլորից գերադասելու» մոլորությունը:
Կիրակոսյանը վերջում կարծիք հայտնեց, որ Հայաստանի քաղելիք ամենակենսական դասը փոփոխություններ իրականացնելու` հանրային պահանջն անտեսելու վտանգի գիտակցումն է, ինչպեսեւ ավելի խորքային ու տեւական բարեփոխությունների անհրաժեշտությունը: Նա միաժամանակ նկատեց, որ թունիսյան դեպքերից սովորելու էլ ավելի շատ բան ունի Ադրբեջանի ղեկավարությունը, «քանի որ այդ երկրի կառավարման բնույթը մոտ է տոհմականին, ինչը պաշտոնական Բաքվին դարձնում է շատ ավելի խոցելի` աճող դժգոհության եւ հնարավոր խռովությունների հանդեպ»: Ըստ ՌԱՀՀԿ տնօրենի, դրան նպաստող էական հանգամանք են «իշխանության լեգիտիմության բացահայտ պակասը եւ ժողովրդավարական բարեփոխումների հանդեպ աչքի ընկնող արհամարհանքը»:






Facebook
Tweet This
Email This Post
