Հանրային խորհրդի առաջիկա անելիքները. շաբաթ օրը կքննարկվի «Արարատ» և «Շողակաթ» հեռուստաալիքների գործունեության դադարեցման հարցը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | Անի Գասպարյան | January 20, 2011 20:33
Հանրային խորհրդի փոքր նիստում այսօր քննարկվեցին մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին ՀԽ առաջիկա անելիքներին, Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորված՝ անասնապահության զարգացման և արոտավայրերի բարելավմանն ուղղված ծրագրին, դատապարտյալների պայմանական-վաղաժամկետ ազատման երեք հանձնաժողովներում ՀԽ երեք ներկայացուցիչների ընդգրկմանը, ՀՀ Կրթության և գիտության նախարարի՝ Հանրային խորհրդին ուղղված նամակին, «Արարատ» և «Շողակաթ» հեռուստաընկերությունների գործունեության դադարեցմանը և այլ հարցերի:
Մասնավորապես բուռն քննարկումներ տեղի ունեցան երկու հեռուստաընկերությունների դադարեցման հարցի շուրջ:
ՀԽ մշակույթի հարցերով ենթահանձնաժողովի նախագահ Գագիկ Մանասյանը, բարձրացնելով «Արարատ» հեռուստաընկերության գործունեության դադարեցման հարցը, հայտնեց, որ իրեն են դիմել մի շարք մտավորականներ, ովքեր անհանգստացած են փաստի առնչությամբ:
Հանրային Խորհրդի անդամ Կորյուն Առաքելյանը, ով նաև Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ է, պարզաբանեց, որ «Շողակաթ հեռուստաընկերությունը չի մասնակցել հեռարձակման իրավունքի մրցույթին, այլ կամովի հանձնել է իր հաճախականության իրավունքը: Փոխարենը Հանրային հեռուստաընկերությունը, որի կազմի մեջ է մտնում նաև «Արարատ» հեռուստաալիքը, պայմանավորվածություն է ձեռք բերել արդեն նախկին «Շողակաթ» հեռուստաընկերության հետ՝ նրանից որոշակի ժամեր վերցնելու վերաբերյալ.
«Հանրային հեռուստաընկերությունը «Շողակաթ»-ից ընդամենը որոշակի ծրագրեր է վերցնելու, իսկ թե ինչ է դնելու այդ հեռուստաալիքի անունը, դա իր գործն է»,-ասաց Առաքելյանը:
Գագիկ Մինասյանը շարունակեց, որ իրենց մտահոգությունն այն չէ, թե երկու հեռուստաընկերություններն ինչպես են փոխանակելու իրենց ծրագրերը և թե ինչ պայմանավորվածություն ունեն՝ ընդգծելով այն փաստը, որ վաղվանից «Արարատ» անունով մշակութային հեռուստաալիք գոյություն չի ունենալու.
«Մշակույթի ոլորտի ներկայացուցիչներն ուզում են ունենալ մշակութային հեռուստաալիք, որը Հանրապետության Նախագահի նախընտրական խոստումներից մեկն է եղել»,-նշեց նա:
ՀԽ անդամ, «Ժուռնալիստների միության» նախագահ Աստղիկ Գևորգյանը, «Արարատ» և «Շողակաթ» հեռուստաալիքների գործունեության դադարեցման վերաբերյալ հայտնելով իր վրդովմունքն, ասաց.
«Փաստորեն, սերիալների համար ալիքներ կան, իսկ մշակույթի ու հոգևորի համար ալիքներ չկան: Մնում է ՝ աղանդների համար ալիք բացեն, իմանանք, թե ինչ երկրում ենք ապրում»:
ՀԽ նախագահը հանձնարարեց շաբաթ օրը սկսել այս հարցի վերաբերյալ քննարկումները՝ հրավիրելով նաև այլ մասնագետների.
«Պետք է այդ հարցն ուսումնասիրել, և եթե կա ինչ որ սխալ, դրա դեմ պետք է պայքարել»,-ասաց նա:
Փոքր խորհրդի նիստում քննարկված գյուղատնտեսության ոլորտին առնչվող հարցերը վերաբերում էին Համաշխարհային բանկի կողմից
ֆինանսավորված՝ անասնապահության զարգացման և արոտավայրերի բարելավմանն ուղղված ծրագրին:
ՀԽ նախագահը նշեց, որ կառավարությունն այդ ծրագրին հավանություն կտա այն դեպքում, երբ երեք կողմեր՝ Համաշխարհային բանկը, ՀՀ կառավարությունն ու Հանրային խորհուրդը համատեղ կքննարկեն այն:
Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը, խոսելով ծրագրի մասին, հայտնեց, որ այն իրականացվելու է հանրապետության 6 մարզերում՝ արդեն ընտրված 50 համայնքներում: Նա նաև ասաց, որ յուրաքանչյուր համայնքի վրա ծախսվելու է մոտ 240 հազար դոլար:
ՀԽ նախագահը խորհրդի անդամներին տեղեկացրեց, որ դատապարտյալների պայմանական-վաղաժամկետ ազատման երեք հանձնաժողովներում այսուհետ կընդգրկվի Հանրային խորհրդի մեկական անդամ՝ Արմեն Տեր-Տաճատյանը, Գրիգոր Բադիրյանը և Հովհաննես Հովհաննիսյանը: Նա առաջարկեց, որ Հանրային խորհուրդը ներկայացնող երեք անդամների գործունեությունը համակարգի Հանրային Խորհրդի պաշտպանության, անվտանգության և ներքին գործերի հարցերի հանձնաժողովի նախագահ Կառլոս Ղազարյանը:
ՀԽ նախագահի կողմից հանձնարարվեց նաև տասնօրյա ժամկետում ուսումնասիրել և քննարկման դնել Հանրային խորհրդին ուղղված ՀՀ Կրթության և գիտության նախարարի նամակը, որն առնչվում է Հանրային խորհրդի կողմից բարձրացված կրթական համակարգի գործընթացի կազմակերպման մի շարք հարցերին:
Նիստում քննարկվեցին նաև «Ժամանակավոր անաշխատունակության մասին» օրենքի նախագծում կատարված փոփոխությունները, որոնց հետևանքով հասարակության շրջանում բողոքի մեծ ալիք էր բարձրացել: Կրկին հանձնարարվեց հարցը քննարկել համապատասխան հանձնաժողովի կողմից և ներկայացնել լիագումար նիստին:
Օրակարգում քննարկվեցին նաև տեխնիկական հարցեր. ՀԽ նախագահը հայտնեց, որ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Հանրային խորհուրդը պետք է հաստատի 2011-ի աշխատանքային պլանը: ՀԽ հանձնաժողովների նախագահներին հանձնարարվեց տասնօրյա ժամկետում ներկայացնել հանձնաժողովների նոր աշխատանքային տարվա պլանը՝ ներառելով նաև անցյալ տարվանից մնացած հարցերը:
Հանրային խորհուրդը ստեղծման երկրորդ տարելիցի նախաշեմին՝ մարտի վերջին, կներկայացնի նաև իր կողմից կատարած աշխատանքների վերաբերյալ ծավալուն հաշվետվություն:






Facebook
Tweet This
Email This Post
