Սեպտեմբերի վերջին «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի 8 հայկական նոր կարճամետրաժ ֆիլմեր

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | July 31, 2009 17:21

Ձախից`Վահան Գասպարյան, աջից`Անդրանիկ Մուրադխանյան

Նորաբաց «ANGRY STUDIO»-ն սեպտեմբերի վերջին և հոկտեմբերի սկզբին «Մոսկվա» կինոթատրոնում կներկայացնի նոր նախագիծ` 8 կարճամետարժ ֆիլմերով: Ֆիլմերի սցենարներն ընտրվել են մրցութային կարգով:

«ANGRY STUDIO»-ի գլխավոր պրոդյուսեր Վահան Գասպարյանն ասում է, որ ֆիլմերի նկարահանումներն ընթացքի մեջ են. դրանք բազմաժանր են` երիտասարդական կինոյի առանձնահատկություններով:

Նախագծի աշխատանքներն սկսվել են մայիս ամսից: Նկարահանվող ֆիլմերից յուրաքանչյուրը ստեղծվելու է առանձին ռեժիսորի կողմից` անհատական մոտեցմամբ: 8 ֆիլմերից 3-ը լինելու են դրամա, 2-ը` կատակերգություն, 1-ը` դետեկտիվ, 1-ը` հոգեբանական միստիկ թրիլեր և ևս 2-ը` արտհաուսային (անժանր) աշխատանք:

«Մենք համագործակցում ենք մոսկովյան «Հայարտ մեդիա» ընկերության հետ, ֆինանսավորումը ևս այդ ընկերությունից ենք ստանում. մեր նպատակը Հայաստանում կինոարտադրությունը զարգացնելն է»,-ասում է Գասպարյանը:

Ֆիլմերի բովանդակային կողմի մասին նախագծի աշխատակիցները ոչինչ չեն ասում: Ֆիլմերը հանդիսատեսին կներկայանան նաև DVD տարբերակով. «Մենք ցանկանում ենք ֆիլմերը հասու դարձնել  բոլորին. սահմանել ենք անհամեմատ ցածր գներ, ավելի ճիշտ` հակաճգնաժամային` 1500 դրամ: Մինչդեռ Հայաստանում ֆիլմերը DVD տարբերակով արժեն 2500-4000դրամ»:

ANGRY STUDIO-ն «Արարատ» հեռուստաալիքի  հետ ունի համաձայնություն` նոր եթերաշրջանում «Սինեմատ» հաղորդումը հեղինակելու: Հաղորդման սկզբում կընթանա քննարկում, այնուհետ քննարկման թեմա հանդիսացող հայաստանյան կամ արտասահմանյան  ֆիլմը եթեր կհեռարձակվի:

«Մենք չենք քննադատելու կինոն, ցույց ենք տալու միայն վատ կողմերը, մենք ներկայացնելու ենք կինոյի նոր որակ, աշխատելու ենք միայն կինոյի համար, թեև չենք թաքցնում, որ եկամուտ ենք հետապնդում. նախորդից ստացվող գումարը պետք է ներդրել հաջորդի համար»,-ասում է Հայաստանում կինոյից գերշահույթ չսպասող գործադիր պրոդյուսեր Անդրանիկ Մուրադխանյանը:

Դիտվել է 1790 անգամ:
Print Friendly

Leave a Reply