Հայաստանի դեսպանը հանդիպել է Ռումինիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարին եւ ԱԳՆ Եվրոպական հարցերով պետքարտուղարին

Պաշտոնական, Օրվա լուր | | January 20, 2011 14:54

Հունվարի 18-ին Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը հանդիպեց  Ռումինիայի տրանսպորտի եւ ենթակառույցների նախարար տիկին Անկա Բոաջիուն (Anca Daniela Boagiu), որը ռումինական կողմից գլխավորում է հայ-ռումինական առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը:

Զրույցի ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական կապերի խորացման հեռանկարները, այդ առումով կարեւորելով առաջիկա մարտի 10-ին նախատեսված Միջկառավարական հանձնաժողովի 3-րդ նիստի գումարումը Բուխարեստում: Նիստի օրակարգում ընդգրկված են առեւտրի, արդյունաբերության եւ էներգետիկայի, ճանապարհային եւ երկաթուղային տրանսպորտի, գյուղատնտեսության, փոքր եւ միջին ձեռնարկությունների, ինչպես նաեւ տուրիզմի ոլորտներում համագործակցության զարգացման հարցեր:

Նախատեսվում է նաեւ Միջկառավարական նիստին զուգահեռ Բուխարեստում կազմակերպել հայ-ռումինական գործարար ֆորում` երկու կողմերի առեւտրատնտեսական հաստատությունների եւ գործարար շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հայկական պատվիրակությունը կգլխավորի ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար, Միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մանուկ Վարդանյանը:

Տիկին Բոաջիուի հետ անդրադարձ կատարվեց նաեւ կրթական եւ գիտատեխնիկական ոլորտում մի շարք ծրագրերի եւ համաձայնագրերի իրականացման հարցերին:

Նույն օրը դեսպան Գասպարյանը հանդիպել էր նաեւ Ռումինիայի ԱԳՆ եվրոպական հարցերով պետքարտուղար Բոգդան Աուրեսկուի (Bogdan Lucian Aurescu) հետ: Զրույցի ընթացքում շոշափվել էին հայ-ռումինական երկկողմ, ինչպես նաեւ ԵՄ, մասնավորապես Արեւելյան գործընկերության նախաձեռնության, ինչպես նաեւ Հյուսիսանտլանտյան դաշինքի եւ Սեւծովյան տնտեսական համագործակցության շրջանակներում հարաբերությունների խորացման հարցեր:

Երկուստեք ընդգծվեց, որ հայ-ռումինական կապերն օժտված են զգալի ներուժով եւ ունեն զարգացման որոշակի հեռանկարներ`այդ համատեքստում հատուկ ուշադրություն դարձվեց նախատեսված օրակարգային միջոցառումների ու ծրագրերի ժամանակին եւ պատշաճ իրականացմանը, որոնք ընդգրկում են առեւտրի եւ տնտեսության, տուրիզմի, մշակույթի, կրթության եւ գիտության ոլորտները, ինչպես նաեւ ապակենտրոնացված մակարդակով համագործակցությունը:

Դիտվել է 1106 անգամ:
Print Friendly

Leave a Reply