Ստալին
ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | ankakh | January 26, 2011 7:33
Համաշխարհային պատմության մեջ Ստալինն ամենաառեղծվածային, ամենադաժան և ամենահակասական կերպարներից է: Հազիվ թե այսօր գտնվի մեկը, որ Ստալինի մասին արտահայտվի չեզոք դիրքերից: Նրան կա՛մ պաշտում են, կա՛մ ատում:
Նախկին Խորհրդային Միության ժողովուրդների մեջ դեռ երկար կպահպանվեն ստալինյան բռնությունների հիշողություններն ու «Ժողովուրդների մեծ առաջնորդի» ուրվականը:
Բայց քննենք միայն հայ իրականությունը և հստակ պատկերացում կազմելու համար դիմենք վիճակագրությանը:
1930-1938 թթ. ընթացքում Հայկական ԽՍՀ-ում բռնադատվել է 14904 մարդ, որոնցից 3 տարով ազատազրկվել է 1494 հոգի, 5 տարով ազատազրկման է դատապարտվել 1094 հոգի, 8 տարով` 3651 հոգի, 10 տարով` 1721 հոգի, գնդակահարության է դատապարտվել է 4639 հոգի, համակենտրոնացման ճամբարներ և ուղղիչ աշխատանքային գաղութներ է ուղարկվել 1882 հոգի, արդարացվել և ազատ է արձակվել 1166 հոգի: Նշվածներից 8104-ը բռնադատվել են 1937-1938 թթ., 5004-ը բռնադատվել են հակախորհրդային գործունեության մեղադրանքով, 2013-ը մեղադրվել են դաշնակցական գործունեության համար, 690-ը ` հակահեղափոխական գործունեության, 254-ը ` բանդիտիզմի, 217-ը ` տրոցկիզմի, 108-ը ` հակակոլտնտեսային գործունեության, 101-ը ` օտար պետությունների օգտին կատարած լրտեսության, 13-ը` տեռորիզմի, 9-ը ` ազգայնամոլական քարոզչության մեղադրանքով:
14908 բռնադատված` 8 տարվա ընթացքում:
Դեռ 1920-ական թթ. վերջերից Ստալինի թեթև ձեռքով իրականացված համատարած կոլեկտիվացումը քայքայեց երկրի` առանց այն էլ անմխիթար վիճակում գտնվող տնտեսությունը: Դա շատ ավելի ցայտուն էր Հայաստանի նման սակավահող երկրներում, որտեղ դեռևս արդյունաբերական հզոր ձեռնարկություններ չկային, և բնակչության եկամտի հիմնական աղբյուրը հողն էր: 1931 թ. պաշտոնից ազատվում է ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Հայկազ Կոստանյանը, և նրան փոխարինում է Աղասի Խանջյանը, որ սեփական քաղաքական տեսակետներն ուներ, Մոսկվայի, ստալինյան ռեժիմի հլու կամակատարը չէր: Եվ նա հատուցեց կյանքով. 1936 թ. հուլիսի 9-ին Թիֆլիսում` Բերիայի աշխատասենյակում, Խանջյանը գնդակահարվեց:
Հայաստանում Ստալինն ու Բերիան հենվեցին իրենց կամակատարների` ՀԿԿ քարտուղարներ Ա. Ամատունու, Ստ. Ակոպովի, ՆԳԺԿ կոմիսար Խ. Մուղդուսու և ուրիշների վրա, որոնք էլ Աղասի Խանջյանի թաղման օրը նրան որակեցին «վախկոտ», «դավաճան», «ազգայնամոլ» և նման այլ մակդիրներով:
Այդ տարիներին Հայաստանում և ողջ խորհրդային երկրում տեռորի, վախի, սարսափի մթնոլորտ էր տիրում: Պետականորեն խրախուսվում էր մատնությունն ու քծնանքը:
Տեռորի ենթարկվեցին բնակչության բոլոր խավերի ներկայացուցիչները: Բռնադատվեցին այնպիսի նշանավոր մտավորականներ, ինչպիսիք էին Ակսել Բակունցը, Եղիշե Չարենցը, Զապել Եսայանը, Գուրգեն Մահարին, Քալանթարը, Հրաչյա Աճառյանը, հասարակական-քաղաքական գործիչներ Սահակ Տեր Գաբրիելյանը, Արամայիս Երզնկյանը, ականավոր զինվորականներ…
1930-ական թթ. վերջին Ստալինին արդեն հաջողվեց իսպառ ազատվել լենինյան հին գվարդիայից և իշխանության վերին լծակներում հաստատեց իր կադրերին, որոնք ամենայն հավատարմությամբ ու նվիրվածությամբ ծառայում էին «մեծ առաջնորդին»: Այսինքն` երկրում կայունացավ քաղաքական համակարգն ու վերջնականապես ձևավորվեց Ստալինի անձի պաշտամունքը: Պետության ղեկավարը, փաստորեն, աստվածացվեց:
Իոսիֆ (Ջուղաշվիլի) Ստալինը ծնվել է 1879 թ. դեկտեմբերի 21-ին, Վրաստանի Գորի քաղաքում: Կանգ չառնելով նրա կենսագրության մանրամասների վրա` նշենք միայն մի քանի «նվաճումներ», որ ունեցավ «Ժողովուրդների մեծ հայրը» իր երկարատև թագավորության ժամանակ: Նախ, պարտադիր կոլեկտիվացման և սխալ տնտեսական քաղաքականության հետևանքով քայքայեց երկրի տնտեսությունը և միլիոնավոր մարդկանց դատապարտեց սովամահության: Ապա կադրային ջարդ սկսեց ողջ երկրում. նախ հաշվեհարդար տեսավ լենինյան հին գվարդիայի անդամների հետ, ապա` գլխատեց ողջ բանակը, վերջում` լայնամասշտաբ տեռոր սկսեց սեփական ժողովրդի դեմ` ԽՍՀՄ-ում հաստատելով անձի պաշտամունք: Նրա կառավարման տարիներին միլիոնավոր անմեղներ չնչին, շատ դեպքերում կեղծ ու շինծու մեղադրանքներով աքսորվեցին, տարագրվեցին բնակության վայրերից: Հարյուրհազարավորներ մահացան ու սպանվեցին աքսորավայրերում ու ճամբարներում:
Նա արտաքին քաղաքական ճակատում ևս փառահեղ սայթաքումներ ունեցավ: 1932 թ. խանգարեց Գերմանիայի կոմունիստների միությունը սոցիալիստների հետ, և հետևանքն այն էր, որ այս կուսակցությունները, կոալիցիա չկազմելով, իրենցից առաջ թողեցին ֆաշիստներին: Փաստորեն, նաև Ստալինի շնորհիվ ֆաշիստները Գերմանիայում իշխանության եկան:
1939 թ. Ռոբենտրոպ-Մոլոտով պայմանագրով Ստալինն անմիջականորեն դաշինք կապեց Հիտլերի հետ, նրա հետ բաժանեց Լեհաստանը` դրանով ավելի հզորացնելով Ֆաշիստական Գերմանիան, խրախուսեց նրա կողմից Երկրորդ աշխարհամարտի սանձազերծումը:
Պատերազմից հետո Ստալինը երկփեղկեց Եվրոպան ու կրկին բռնությունների ալիք բարձրացրեց սեփական ժողովրդի դեմ, որն ընդհատվեց 1953 թ. նրա մահով (մարտի 5-ին):
Առեղծվածային էր նաև նրա մահը: Քաղբյուրոյի նիստի ժամանակ Ստալինը հանկարծ անդիմադրելի ծարավ է զգում: Շտապ ջուր է պահանջում: Խմում է և վատ զգում: Ստալինին առանձնասենյակ են տանում, ուր էլ ուշքի չգալով` մի քանի օր անց հոգին ավանդում է:
Այսօր քչերին է հայտնի, որ «Ժողովուրդների մեծ հայրը»` Լենինի հետևորդ Իոսիֆ Վիսարիոնովիչ Ջուղաշվիլի-Ստալինը, քրեական անցյալ է ունեցել: Նա իր գործունեությունը, ըստ որոշ վկայությունների, սկսել է որպես շարքային գրպանահատ և աստիճանաբար բարձրացել է քրեական աշխարհի սանդղակով մինչ ամենավերին հարթակները: Ստալինի քրեական մականունը Կոբա էր: Նա Թիֆլիսում Կամոյի հետ պայքարում էր ազդեցությունների գոտիների ձեռքբերման համար, բայց անզոր էր Կամոյի դեմ: Նրանց կատաղի պայքարն ավարտվեց 1922 թ., երբ Վրաստանի ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցնող Սիմոն Տեր-Պետրոսյանը` քրեական աշխարհում հայտնի Կամոն, կասկածելի հանգամանքներում զոհվեց:
Միգուցե Ստալինի ատելությունը հայերի նկատմամբ գալիս է հենց Կամոյից: Հնարավոր է, եթե հաշվի առնենք Ստալինի հիշաչարությունն ու բնավորության այլ գծերը:
Շրջանառվող տեղեկություններ կան նաև, որ Ստալինի կենսաբանական հայրը հայ էր: Անգամ անուններ են տալիս: Մասնավորապես, շատերը պնդում են, թե Ստալինը հայտնի հայ կապիտալիստ Ադելխանովի որդին էր: Իբր մեծահարուստը գայթակղել է Ստալինի մորը, երբ նա աշխատում էր իր գործարանում:
Իոսիֆ Ստալինը չէր սիրում մոտիկից լուսանկարվել, իսկ լուսանկարվելիս էլ դեմքը մշակում էր գրիմով, որովհետև ծաղկատար էր: Նա մի այլ թերություն էլ ուներ: «Ժողովուրդների մեծ հոր» աջ ձեռքը, ինչպես իր հուշերում նշել է դուստրը` Սվետլանան, վնասված էր, նա չէր կարողանում ծալել այն: Ստալինն իր բնույթով բավական ծույլ մարդ էր: Քայլում էր դանդաղ, ճեմելով: Նստակյաց կյանք էր վարում, չէր զբաղվում սպորտով: Շատ էր ծխում (ծխամորճ): Խմիչքի նկատմամբ առանձնակի սեր չի ունեցել: Խմել է չափավոր, գերադասել է Կախեթի սպիտակ գինի: Բայց և ուրախ սեղանների և դրանց շուրջ աղմուկ-աղաղակի սեր ուներ:
Ստալինը, սակայն, երբեք չէր կորցնում ինքնատիրապետումը, միշտ հանգիստ էր, հավասարակշռված, ծածկամիտ ու քննախույզ: Խորամանկ ու ոխակալ էր: Նա չգիտեր ներել, առավել ևս` մոռանալ: Ահավոր հիշաչար էր: Մի խոսքով` օժտված էր արևելյան բռնապետին բնորոշ բոլոր հատկություններով:
Բնույթով շատ զգուշավոր, անվճռական, վախկոտ մարդ էր, որ չէր սիրում, անգամ վախենում էր իր կարծիքն արտահայտել: Բայց երկաթե համբերությունն ու ինքնատիրապետումը նրան շատ տհաճ իրավիճակներից են հանել: Որոշ իմաստով էլ նրա բախտն ուղղակի բերել է: Միաժամանակ, նա խելացի էր և տիրապետում էր կառավարման արվեստին, ամեն տեսակի խարդավանքներին, դավադրությունների իսկական վարպետ էր: Հրաշալի վերլուծաբան էր, լավ հոգեբան:
Բայց դիվանագետ չէր: Նաև զուրկ էր խոսքի կուլտուրայից: Սակայն բնածին խորամանկությունը նրան հնարավորություն էր տալիս շրջանցելու այն իրավիճակները, երբ ստիպված էր խոսել: Քաղբյուրոյի նիստերին երբեք առաջինը չէր խոսում, չէր արտահայտում իր տեսակետը: Միայն բոլորի տեսակետները լսելուց հետո հակիրճ խոսքով հավանության էր արժանացնում մեծամասնության կարծիքը: Իսկ երկար ելույթներից խուսափում էր, որովհետև աչքի չէր ընկնում հռետորական ընդունակություններով:
Փաստորեն, միշտ ստացվում էր, որ Ստալինի խոսքը վերջինն էր և ընդունվում էր առանց առարկության: Ժամանակակիցների վկայություններով` Ստալինը երբեք ոչինչ չէր կարդում: Նա չէր հետևում մամուլին, ռադիոյին: Լրատվություն ստանում էր միայն բերանացի: Նաև չէր գրում: Նրա աշխատությունների մեծ մասը պատվիրված էր, մի մասն էլ Ստալինի ճառերի սղագրությունն է: Արվեստի, երաժշտության և գրականության նկատմամբ բացարձակ անտարբեր է եղել: Միակ մշակութային օջախը, որ այցելել է, օպերան էր, այն էլ` տուրք տալով մոդային ու պատշաճությանը: Անտարբեր է եղել նաև կանանց նկատմամբ, չնայած ժամանակակիցների հուշերում նշվում է, որ երիտասարդ շրջանում հաջողություններ է ունեցել կանանց շրջանում: Ընտանիքում բռնակալ էր. նա վատ ամուսին էր և վատ հայր:
Ստալինի ամենասիրած զբաղմունքը գաղտնալսումներն էին: Նա կարող էր ազատ ժամանակ իր աշխատասենյակից ժամերով լսել իր գործընկերների, կառավարության անդամների խոսակցությունները:
Այդ գաղտնալսման կայանը տեղադրված էր Ստալինի առանձնասենյակում, հետևաբար, նա տեղյակ էր ամեն ինչից. գործերից, անցուդարձից, տիրող տրամադրություններից, իր մասին շրջանառվող բամբասանքներից: Այս կայանը սարքվել էր դեռևս Լենինի օրոք, նրա իսկ պահանջով, իսկ կայանի հաջող փորձարկումից հետո հեղինակը` կոմունիստ ինժեները, գնդակահարվել է… որպես իմպերիալիստական լրտես:
Ստալինը շատ զուսպ էր: Նա երթևեկում էր համեստ «Ռուսո-Բալտով», երբ քաղբյուրոյի շատ անդամներ երթևեկում էին «Ռոլս-Ռոյսով»: Բնակվում էր Կրեմլի մի փոքր սենյակում, որտեղ նախկինում սպասուհի է բնակվել: Ազգականների հետ շփումից խուսափում էր: Գրեթե չէր շփվում նաև ընտանիքի անդամների հետ:
Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ






Facebook
Tweet This
Email This Post
