Խնդիրներ, նաև սպասելիքներ նոր տարում
Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | Գագիկ Բեգլարյան | January 21, 2011 8:072011-ին Հայաստանի տարբեր մարզաձևերի ներկայացուցիչներին լուրջ փորձություններ են սպասում: Տարին նախաօլիմպիական է, դա նշանակում է, որ մեր երկրի ներկայացուցիչներն առաջին հերթին պետք է փորձեն այդ ստուգատեսին մասնակցելու իրավունք տվող ուղեգրեր նվաճել: Այսինքն` նույնիսկ խոշորամասշտաբ մեկնարկներում մեդալներ նվաճելը երկրորդական պլան է մղվելու:
Իսկ հանրագումարի բերելով 2010-ի ընթացքում Հայաստանի մարզիկների մրցելույթները` կարելի է ասել, որ մրցաշրջանը մեր երկրի ներկայացուցիչների համար արգասաբեր էր: Մերոնք տարբեր տարիքային խմբերի Եվրոպայի, աշխարհի առաջնություններում, խոշորամասշտաբ միջազգային ստուգատեսներում տիրացել են 157 մեդալի` 43 ոսկե, 51 արծաթե, 63 բրոնզե: Նախորդ տարվա համեմատությամբ առաջընթաց է արձանագրվել12 մեդալով: Այսինքն` ցուցանիշը բարելավվել է:
Սակայն կա նաև մեդալի հակառակ երեսը: Այդ պարգևների առյուծի բաժինը ծանրորդներինն է` 78 մեդալ: Ուշագրավ է, որ Հայաստանի 2010-ի 10 լավագույնների ցուցակում 4 ծանրորդ կա, և նրանցից լավագույնը` Թուրքիայում աշխարհի չեմպիոն դարձած Տիգրան Մարտիոսյանը, առաջին տեղում է: Այդ արժանավորների թվում Երկու հունահռոմեական ոճի ըմբիշ կա: Արսեն Ջուլֆալակյանն ու Յուրի Պատրիկեևը Մոսկվայում կայացած աշխարհի առաջնությունում դարձել են փոխչեմպիոն: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ բացի ծանրամարտից ու հունահռոմեական ոճի ըմբշամարտից, լուրջ նեդրումներ են կատարվում, նաև Հայաստանի կառավարությունն աջակցության կարգով մեծ փողեր է տրամադրում մեր երկրում ազատ ոճի ըմբշամարտը, շախմատը, բռնցքամարտը, ձյուդոն զարգացնելու համար, ապա կարելի է ասել, որ ոչ բոլոր մարզաձևերի ներկայացուցիչներն են արդարացրել սպասելիքները:
Մասնավորապես, Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական և մեծահասակների հավաքականները մեդալներ չունեն Եվրոպայի, աշխարհի առաջնություններում, այն դեպքում, երբ մեծ գումարներ են ծախսվել, արտասահմանյան երկրներից լեգեոնականներ են հրավիրվել: Շախմատում նույնպես պատկերը քիչ հուսադրող է, քանի որ միայն Լևոն Արոնյանն է դրսևորել իրեն: Նաև տարեվերջին Թուրքիայում կազմակերպված սակավաթիվ թիմերի մասնակցությամբ շախմատի պատանեկան օլիմպիադայում չեմպիոն է դարձել մեր ընտրանին: Իսկ մյուսներն այդպես էլ ոչնչի չեն հասել: Բռնցքամարտում էլ մեկ ծաղկով գարուն է: Հրաչիկ Ջավախյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն, այն դեպքում, երբ բռնցքամարտում էլ մեծ ներդրումներ են կատարվել:
Ուրախացնում է, որ ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում լավ է մեկնարկել այս մարզաձևի Հայաստանի ընտրանին, սակայն պայքարն այս տարի շարունակվելու է, և խմբային մրցաշարի ավարտից հետո միայն կպարզվի` կատարվածը օրինաչափությո՞ւն է, թե՞ պատահականություն: Ի դեպ, մարտին արդեն Հայաստանի ընտրանին Երևանում մրցելու է Ռուսաստանի ներկայացուցիչների հետ: Երկու կողմերի համար հաղթանակը կարևոր է, այնպես որ խաղեր են սպասվում նաև կուլիսներում: Չի բացառվում, որ կրկին առաջնային պլան մղվի ֆուտբոլային դիվանագիտությունը, ինչպես 2010-ի աշխարհի առաջնության խմբային մրցաշարում, երբ Հայաստանի հավաքականը մրցամարտեր էր անցկացնում Թուրքիայի ներկայացուցիչների հետ: Եվ եթե Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններն ավելի սերտ են, ամենևին էլ չի նշանակում, որ դրանից ֆուտբոլը կարող է չտուժել:
Միջազգային բասկետբոլում, ի տարբերություն ֆուտբոլի, 2010-ին մեր երկրի ներկայացուցիչների գործերը շատ վատ ընթացան: Չնայած վատնված մեծ ֆինանսներին` Հայաստանը Եվրոպայի գավաթի խաղարկությունում ներկայացրած կանանց «Հատիս» ակումբը վեց հանդիպում անցկացրեց և բոլորում էլ պարտություններ կրելով` միայն դառնություն պատճառեց թիմի երկրպագուներին: Ի դեպ, նույնիսկ այն ժամանակ, երբ պարզ էր, որ թիմն ի վիճակի չէ ոչինչ անելու, «Վիվասել-ՄՏՍ»-ը զարմանալիորեն ևս 70 մլն դրամ տրամադրեց: Փաստորեն, դա այդպես էլ ոչնչի չծառայեց:
Հայաստանի մարզաշխարհի ներկայացուցիչները տարեվերջին դափնեկիրների, արժանավորների պարգևատրումներ արեցին: Թերևս ամենամեծ դահլիճն ընտրել էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Հանդիսությունն անցկացվեց մայրաքաղաքի Արամ խաչատրյանի անվան համերգասրահում: Հանդիսականները շատ էին, սակայն սպասելիքները չարդարացան: Միջոցառումը համերգ էր հիշեցնում, զարմացնող պարգևներ էլ չբաշխվեցին, ոչ էլ մեր պետական հայտնի այրերից էին ներկա: Անգամ բարձաստիճան պաշտոնյաներ չկային Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից: Դահլիճի առաջին շարքում` ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողքին, միայն Երևանի փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն էին, ովքեր ՀՖՖ գործկոմի անդամներ են և ի պաշտոնե պարտավոր էին: Դժվար է ասել, թե պատճառն ինչ էր: Հավանաբար, դեր էր խաղացել այն հանգամանքը, որ 2010-ին կայացած ՀՖՖ համաժողովում այդ կազմակերպության գործկոմի կազմից դուրս էին թողնվել ԲՀԿ-ի ներկայացուցիչները, իսկ սպորտն այդ կազմակերպության ձեռքերում է:
Ինչևէ, խոսակցություններ կան, որ այժմ երկու կողմերի միջև խաղաղություն է տիրում, և տարեվերջին «Օջախ»» ռեստորանային համալիրում Հայաստանի հավաքական թիմերի մարզիկների ու մարզիչների պարգևատրման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին նաև ՀՖՖ նախագահ Ռ. Հայրապետյանը, ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մի խումբ խաղացողներ: Ներկա էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, նրա կողքին` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Այստեղ պարգևներն առատ էին: Մասնավորապես, մրցաշրջանի 10 լավագույններին, դրամական պարգևներից բացի, հանձնվեցին նաև «Լադա» մակնիշի ավտոմեքենաներ: Ընդ որում, 10 լավագույնները որոշվում են Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի հարցման արդյունքով, բայց այդ կազմակերպությունը պարգևներ չի նախատեսում: Պարզապես պատիվ է, որ մարզիկներն այդ ցուցակում են ընդգրկվում: Սակայն այս անգամ տասնյակի կազմում ընդգրկվածները նաև պարգևատրվեցին:
Իսկ ՀԱՕԿ-ի ու ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության համատեղ կազմակերպած միջոցառման ժամանակ 2011-ի անելիքներին իր ելույթում անդրադարձավ ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը: Նա խնդիր դրեց, որ Հայաստանի տարբեր մարզաձևերի ներկայացուցիչները 2011-ին փորձեն օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճել, իսկ 2012-ին Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերում նրանք պետք է իրենց ավելի լավ դրսևորեն, քան 2008-ին արել են Պեկինում կազմակերպված ստուգատեսում, երբ մերոնք տիրացել են միայն բրոնզե մեդալների: Փաստորեն, Անգլիայում պետք է նվաճել նաև արծաթե ու ոսկե մեդալներ: Իսկ նոր սկսված տարում ամենաբարդ խնդիրն ունեն մեր բռնցքամարտիկները: Այս մարզաձևի աշխարհի առաջնությունը, նաև օլիմպիական վարկանիշային մրցաշարը կայանալու է սեպտեմբերին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: Փաստորեն, եթե մերոնք պատվիրակներ չուղարկեն հարևան երկիր, կարող են զրկվել օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորությունից: Հիշեցնենք, որ Բաքվում կայացած Սինգապուր 2010-ի պատանեկան օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին մասնակցած Հայաստանի պատվիարակությունը խայտառակ ընդունելության արժանացավ և հոգեբանական ճնշումների ենթարկվեց: Այնպես որ, 2011-ի մրցաշրջանը հագեցած կլինի ուշագրավ իրադարձություններով:







Facebook
Tweet This
Email This Post
