Գյումրիում կառուցվող բնակարանների քանակը կրճատվել է
Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | ankakh | January 20, 2011 14:06
Դատելով տեղի պատասխանատուների հայտարարություններից, այս տարի ևս, ինչպես և նախորդ տարի, կրճատվել է Գյումրիում երկրաշարժից անօթևան մնացած ընտանիքների համար կառուցվող բնակարանների նախատեսված քանակը: Եթե աղետի գոտու բնակարանաշինության նախորդ փուլով այստեղ անցյալ տարի ծրագրված 1320-ի փոխարեն կառուցվեց և շահագործման հանձնվեց 1056 բնակարան, այսինքն` 264 բնակարանով պակաս, ապա այս տարի նախատեսված 1944-ի փոխարեն կշահագործվի 1750 բնակարան կամ 188-ով պակաս: Պատճառաբանությունը երկու տարիների համար գրեթե նույնն է. նախորդ փուլում նախապես որոշված 1 և 2 սենյականոցների հաշվին շինարարության ընթացքում որոշվեց և կառուցվեց 264 հատ 3-սենյականոց, իսկ այժմ 1, 2 և 3-սենյականոց բնակարանների թվի կրճատման հաշվին նախատեսվում է նախագծային փոփոխություններով կառուցել նաև 40-ի չափ 4-սենյականոց բնակարան:
Ներկայումս Գյումրու անօթևանների հերթացուցակում հաշվառված 4-սենյականոց բնակարանի հավակնորդ 44 ընտանիք կա: Անշուշտ, առաջին հայացքից մարդասիրական է նման փոփոխությունը: Սակայն առավել տրամաբանական կլիներ, եթե ընթացիկ տարում կառուցվող բնակարանների նախատեսված քանակի կրճատման փոխարեն 4 սենյակի հավակնորդ բազմանդամ ընտանիքներին հատկացվեին 2-ական բնակարաններ: Խնդիրն այն է, որ երկրաշարժից հետո` անցած 23 տարիների ընթացքում, նման ընտանիքների կազմը զգալի փոփոխությունների է ենթարկվել. հիմնականում նրանց և՛ անդամների քանակն է ավելացել, և՛ ընտանիքի ներսում նոր ընտանիքներ են ավելացել: Ուստի այս շահառուներն այժմ ստանալիք բնակարանի պատկանելությունը որոշելու բավական լուրջ խնդիրներ ունեն:
Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանի պարզաբանմամբ` Գյումրու անօթևանների հերթացուցակում հաշվառված 5-սենյականոց բնակարանի հավակնորդ 8 անձից բաղկացած ընտանիքներին, ամենայն հավանականությամբ, հատկացվելու է 2-ական բնակարան: Իսկ ինչո՞ւ չի կարելի հարկ եղած դեպքում նույն կերպ վարվել նաև 4-սենյականոցի շահառու ընտանիքների նկատմամբ:
Եվս մեկ դիտարկում: Բոլորիս քաջ հայտնի է, որ 2008 թ. ՀՀ կառավարության ընդունած «Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման հայեցակարգի» համաձայն` աղետի գոտու անօթևան ընտանիքների բնակապահովման խնդրի լուծման վերջնաժամկետ է հայտարարված է 2013 թվականը: 2009 թ. Գյումրու անօթևանների հերթացուցակում հաշվառված էր մոտ 4100 ընտանիք, նրանցից 1056-ը բնակարան ստացան 2010 թ., ևս 1750-ը բնակարանատեր պետք է դառնան ընթացիկ տարում: Սակայն դրանից հետո էլ անօթևանների ցուցակում հաշվառված կմնա մոտ 1300 ընտանիք: Ըստ Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանի` բացառված չէ, որ հաջորդ տարի այդ ընտանիքների բնակարանային խնդիրները լուծելու նպատակով ՀՀ պետական բյուջեով նախատեսվեն գումարներ, այսպես կոչված՝ բնակարանային գնման վկայագրեր տրամադրելու համար:
Էլ չենք խոսում Գյումրիում տնակներում և վարձով բնակվող հարյուրավոր այն անօթևան ընտանիքների գոյության մասին, որոնք տարբեր պատճառներով հաշվառված չեն հերթացուցակում և,փաստորեն, զրկված են անգամ անօթևանի կարգավիճակից, հետևաբար, ըստ ՀՀ կառավարության գործող որոշումներով սահմանված կարգի, ենթակա չեն պետության կողմից բնակարանային փոխհատուցման:
Ավելացնենք, որ 2010 թ. Շիրակի մարզում քաղաքաշինության ոլորտում իրականացվել է 35 մլրդ 700 մլն դրամի շինաշխատանք: 2011թ. արդեն այստեղ իրականացվելու են 38,2 մլրդ դրամի աշխատանքներ: Միայն բնակարանաշինության համար նախատեսված է 27 մլրդ 584 մլն դրամ գումար:
«Շիրակ կենտրոն» ՀԿ






Facebook
Tweet This
Email This Post
