Ճագարի ու Կատվի տարվա անակնկալները

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | January 20, 2011 14:03

Ամանորի տոներից հետո Վանաձորի առևտրի կետերում էական նորությունը շաքարավազի գնի բարձրացումն էր 10-20 դրամով (դարձավ 340-350 դրամ) և հավկիթի գնի կտրուկ իջեցումը դեկտեմբերյան գնի մակարդակին (դարձ ի շրջանս յուր): Եթե դեկտեմբերի 30-ին ու 31-ին, երբ հայաստանյան տարբեր հեռուստաալիքներ (որոնց թվում` պետական) հեղեղված էին հավկիթի գնի չլսված բարձրացման դեմ քննադատական ռեպորտաժներով,  և Վանաձորում էլ, մայրաքաղաքի «օրինակելի» փորձի փոխանակմամբ, հավկիթի գինը 75-90, տեղ-տեղ էլ մինչև անգամ 100 դրամ էր, ապա հունվարի 5-ից սկսած` սուպերմարկետներում անգամ հավկիթները «էստի համեցեք» էին անում 50-55 դրամով: «Չեն էլ ամաչում, ժողովրդին մի լավ կլպեցին,  թալանեցին, հիմա ձվի գինը նորից իջեցրին»,- հավկիթ արտադրողների հասցեին նկատում են մարդիկ: Միայն քաղաքի կենտրոնական հատվածներից մեկում մի խանութ հավանաբար ամանորյա «նիրհից» դեռ ուշքի չէր եկել, և այդտեղ հունվարի 10-ի դրությամբ հավկիթը շարունակում էր «մատուցվել» … 90 դրամով: «Սրանց մոտ երևի կոմունիզմը դեռ չի հասել, սաղ քաղաքում ձուն արդեն 50 դրամ ա, իրենց մոտ՝ 90»,- այս կապակցությամբ զարմացել էր վանաձորցիներից մեկը:

Հաջորդ նորությունը Ճագարի տարվա  սկզբում վաղուց ի վեր որպես տեսակ անհետացած ոչխարի մսի հայտնությունն էր առևտրի կետերում 2000 դրամով և բանանի գնի կտրուկ «վայրէջքը»` 1000-ից  մինչև 500-600 դրամ (առավել «անբարեհույսները»` 300-350 դրամ): Իսկ ահա խնձորը շարունակում է  պահպանել իր «արժանապատիվ կեցվածքը». հունվարի 2-րդ տասնօրյակում անգամ խնձորի ու տանձի գինը 500-700, անգամ` 1000-1200 դրամ է, այն դեպքում, երբ «դրսից» ներմուծված մանդարինի 1կգ-ը 250-350 դրամ է: Խնձորի ու տանձի բարձր գները կարելի է բացատրել քչության հանգամանքով, և այդ հարցում, թերևս, գյուղնախարարության մեղքի բաժինն էլ կա, ինչպես կարտոֆիլի բարձր գնի (200-250 դրամ) հարցում:

Ճագարի տարվա նախօրեին էլ առևտրի կետերում ճագարի միս չհայտնվեց. թերևս  Հայաստանում անհիշելի ժամանակներից ճագարաբուծությամբ զբաղվողներ չկան. ավագ սերնդի մարդիկ լավ հիշում են, որ 30-40 տարի առաջ հայաստանյան գյուղերում զբաղվում էին ճագարաբուծությամբ: Հետաքրքիր է, որ որոշ գյուղերում անգամ սկսել են ջայլամ պահել ու ջայլամի ձու արտադրել, բայց ճագարաբուծության մասին կարծես թե մոռացել են: Մի՞թե հնարավոր չէ բիզնես-վարկերի օգնությամբ թռչնաբուծությունը զարգացնել ոչ միայն հավերի, այլև ճագարների, սագերի, բադերի ու հնդկահավերի գծով, ոչ թե դրսից հնդկահավի ու բադի միս ներկրել (այն էլ հայտնի չէ` ինչ որակի):

Ամանորի հետ կապված տհաճ անակնկալ կար գրահրատարակչության ոլորտում: Պարզվում է` դեֆիցիտ են դարձել տարվա ամիսների հորոսկոպով գրպանի օրացույցները, առևտրի որոշ կետերում էլ հորոսկոպի նշանների տեսականին թերի էր: Դեֆիցիտ էին դարձել նաև ճագարի նկարով օրացույցները: Դա կարելի է բացատրել նրանով, որ տարվա խորհրդանիշի «քարոզարշավը» հիմնականում ճապոնական հորոսկոպի «նախագծով»` ճագարի ուղղությամբ էր տարվում, և ճագարները շուտ էին սպառվել, ինչը հավաստում էին կրպակների վաճառողները: Ըստ այդմ, Վանաձորի կրպակներում մնացել էին չինական հորոսկոպի նախագծով տարվա խորհրդանիշ կատվի նկարով օրացույցները: Լավագույն դեպքում` օրացույցների վրա ճագարն ու նրա «այլընտրանք» կատուն միասին էին պատկերված: Ընդ որում, որոշ օրացույցների վրա ճագարներն այնքան անհաջող էին պատկերված, որ ավելի շուտ գազազած շուն էին հիշեցնում, քան` հեզաբարո նապաստակ: Սրան հակառակ, որոշ օրացույցների վրա պատկերված կատուներն այնքան գեղեցիկ էին, որ գնորդը լիուլի իրավունք կունենար հրաժարվելու նապաստակից և գայթակղիչ կատվին նախընտրելու:

Ճագարի տարում մի անակնկալ էլ թոշակառուներին մատուցվեց: Այս անգամ «Հայփոստից» թոշակ ստացողների բախտն էր բերել. ի տարբերություն նախորդ ամիսների, հունվար ամսվա թոշակներն ավելի շուտ էին սկսել բաշխել` դեռ հունվարի 5-ից: Իսկ ահա բանկերից թոշակ ստացողներից ոմանք հունվարի 4-ին և 5-ին ստիպված էին բանկից բանկ վազել, քանի որ քաղաքի կենտրոնում գտնվող բանկը մուտքի դռան վրա գրավոր ծանուցել էր, որ բաշխումն այդ օրերին պետք է իրականացվի քաղաքի մեկ այլ հասցեում գտնվող բանկից:

Գայանե ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է 1798 անգամ:
Print Friendly

Leave a Reply