Նոր տարին` իր ամբողջ պերճանքով ու գորշությամբ

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | January 20, 2011 13:56

Դընգ-դընգ,դընգ-դընգ…. Երբ գիշերը խփում է տասներկուսի զանգերը` կատարվում է ոչ թե երազողների սպասվածը` ամանորյա հրաշքը, ոչ թե լսվում է Ձմեռ պապին աշխարհի տարբեր անկյուններ տանող եղնիկների ոտքերի դոփյունը, այլ մի բղավոց. «Շո՛ւտ արեք, եկե՛ք, արդեն նոր տարի ա»: Հյուրասենյակ է վազում այդ տան բազմաչարչար տիկինը` հևալով, հոգնած ու դեմքին հազիվ նշմարվող ժպիտով, խոհանոցից  ևս մեկ ուտեստ  ավելացնելով ամանորյա սեղանին:

Ընտանիքի անդամները` հազիվ սկսում են տոնել նոր տարվա մուտքը, շնորհավորել միմյանց, կենացներ խմել, երբ բաժակների զնգոցի ձայնը լռեցնում է դռան զանգը. այս տարվա առաջին հյուրն է: Ու  նախատոնական վազքը սկսում է փոխարինվել տոնականով: Տանտիկինը մյուս ուտեստներն է բերում, ընտանիքի անդամներն էլ հյուրեր են ընդունում, ուտում-խմում նրանցից յուրաքանչյուրի հետ, ինչպես առաջինի հետ, նրանց  ճանապարհում ու ընդունում նորերի…. Ու էդպես մինչև  գիշերվա հինգը, հաճախ` արևածագ: Առավոտյան երբեմն հագուստով, կիսահագնված պառկում են քնելու: Ընդամենը մի քանի ժամ: Արթնանում են դռան զանգի բարձր ձայնից: Հարևան, բարեկամ, խնամի, ընկեր, ծանոթ-անծանոթ, նույնիսկ մարդիկ, որոնց հետ ողջ տարին գրեթե չես շփվում ու մյուս տարի էլ հաստատ չես շփվելու:  Գալիս են ձեր տուն մի առաքելությամբ` շնորհավորելու ձեր ամանորը: Նրանք գալիս են, որովհետև ձևն  է  էդպես: Ձևը, որի ստրուկն է այդ օրերին դառնում գրեթե ողջ հանրությունը: Ոչ  հյուրերն են  հաճույք ստանում իրենց հյուր լինելուց, ոչ էլ տանտերերն են  առանձնապես ցնցված լինում նրանց ներկայությունից: Բայց քանի որ ձևն է էդպես…

STOP

Գրեթե ամեն տանը  կան մարդիկ, ովքեր չեզոք դիրքում են, բացի այն, որ ստիպված են բաժակ բարձրացնել ծեծված կենացների համար, հնարավորություն չի լինում առանձնանալու: Ու չկարողանալով փախչել այդ վիճակներից, կեղծ ժպիտների տակ թաքցնելով իրենց զայրույթը, դա արտահայտում են ֆեյսբուքի  էջերում. «Հերիք ա, մեր տուն էլ մարդ չգա» կամ «Մեր բուդը պրծել ա,դուռն էլ փակ ա»….

ԽՄԵՆՔ  ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ  ԿԵՆԱՑԸ

Իրականում այս մարդիկ, որոնք հիմնականում երիտասարդներ են, ոչ թե հյուրասեր կամ մարդասեր ու մարդամոտ չեն, այլ ուղղակի ձևականության, այդ օրերի մեջ կարծես թմբիրի մեջ հայտնված զանգվածի արթուն հատվածն են, որը հոգնել է կենացների նույն, երբեմն տափակ տեքստերը լսելուց, բաժակ բարձրացնելուց ու ստիպված խմելուց, ինչը միշտ չէ, որ անհետևանք է անցնում: Օրինակ` այս տարի ամանորյա տասնօրյակում գրանցվել է  4 զոհ, ? տրանսպորտային պատահար, իսկ թե քանի ծեծկռտուք ու գզվռտոց, դժվար է ասել: Չափից  շատ խմելն էլ մեզ մոտ իր հիմնավորումն ունի: Ընդունված է, թե շատ խմելը տղամարդկային հատկանիշ է: Ով ինչքան շատ խմի, այնքան կայացած, ուժեղ ու իսկական տղամարդ է:

«Մի հատ էլ լցնեմ, ախպերս» արտահայտությամբ բաժակ բաժակի հետևից  շարունակվում է գինարբուքը: Երբ ավարտվում են ավանդական կենացները, հյուրին կկոցած աչքերով նայող տանտերը առաջարկում է խմել քաղաքականության կենացը, որի մասին ամեն օր խոսում է, այլ երկրների բարեկեցության, որտեղ երազում է ապրել, Լիոնել Մեսիի` որպես  տաղանդավոր ֆուտբոլիստի… Ինչ ասես, միայն թե խմեն:

Բդախառը

Լավ խմելու համար լավ ուտել է պետք, որպեսզի չհարբես:  Այս սկզբունքով առաջնորդվելով` ուտում են սեղանի գրեթե ողջ պարունակությունը` խոզի բուդ, հնդկահավ, ձուկ, բլինչիկ, տոլմա, իշլի քյուֆթա, տարբեր տեսակի աղցաններ, հետո թխվածք, միրգ և այլն: Ու սա դեռ ոչ հարուստ ընտանիքների մասին է խոսքը, սովորական ապրող ընտանիքների: Ուտելիքն ավարտվում է մի երկու-երեք օրում: Սովորաբար, միջինը գոնե 50 հյուր ամեն ընտանիք ընդունում է.  մի լավ նշանդրեքի ծախս է: Ընդունելով այդքան հյուր իրենց տանը` մարդիկ ստիպված են փոխադարձ այցով պատասխանել բոլորին: Հյուրն  էլ, երբ արդեն ինքն է տանտիրոջ կարգավիճակում հայտնվում, չի ուզում  հետ մնալ իր հյուրասիրությամբ ու սեղանի ուտեստների բազմազանությամբ ու առատությամբ:

Այս մարդը ստիպված է նույն քանակությամբ ուտել, խմել, հետո հարբել ու հազիվ շարժվելով` գնալ մնացած 49-ի տուն, որոնք եկել են իր տուն, ու նորից համբուրվել, շնորհավորել, շարունակել ուտել-խմելը, կենացներ ասել…

«Փո՞ր է, թե՞ հոր»  արտահայտությունը երևի հին ժամանակներում նման  տոներից  մի  ժուժկալ մարդու  զարմանքի բանաձևումն է: Եթե այսպես շարունակվի, որպեսզի ամոթով չթողնեն տանտիրոջը, կարիք կլինի օգագործել հին հռոմեացիների մեթոդը` կերածը հետ տալ` տեղ ազատելով նոր ուտեստների համար….

Եվ այսպես….

Մարդկանց մի մասն այս օրերին կշտանում է… ուրիշի տանը, մի մասը գիրանում` ուրախանալով, թե ինչ չաղ ու բախտավոր է ինքը,  ոմանք ձեռք են բերում ալկոհոլի հակում,  նրանց սկսում է թվալ, որ ամեն օր ամանոր է:

Ի դեպ, ամենազավեշտալին: Այդ օրերին պաս է: Քրիստոնյաների ճաշացանկը պետք է ընդգրկի անյուղ ուտեստներ, իսկ ալկոհոլային խմիչք չի կարելի մինչև Սուրբ ծնունդ:

Մանվել Քեշիշյան

Դիտվել է 2903 անգամ:
Print Friendly

Leave a Reply