Մոմավառությամբ հանրահավաք Վանաձորում

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | January 16, 2011 13:33

Եթե մինչև վերջերս «Ժողովրդական» կուսակցության  և ԱԼՄ հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանը հայտարարում էր, թե կուսակցությունը կենտրոնամետ է, ապա հունվարի 15-ին Վանաձորի  Հայքի հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ հայտնեց, որ կուսակցությունն այսուհետ դառնում է ընդդիմադիր:

Հանրահավաքն ընթանում էր «Մի՛ հալածեք հային իր երկրում» կարգախոսով: Սկզբում Տիգրան Կարապետիչը կոչ արեց դատապարտել տեղական իշխանություններին` հանրահավաքը խոչընդոտող հանգամանքներ ստեղծելու համար: «Դռները փակել-փախել են, որ հոսանք չտան»,- մարզպետարանի ու քաղաքապետարանի հասցեին նետեց Կարապետիչը, իսկ ելույթի մեկ այլ հատվածում էլ կոչ արեց հիշյալ հիմնարկների շենքում նստած պաշտոնյաներին. «Թող մի բաժակ բան խմեն ու իջնեն ներքև»:

«Ամոթ քաղաքապետարանին»,- պարբերաբար հնչում էր ելույթի ընթացքում, որին ժողովուրդն արձագանքում էր մեծ ոգևորությամբ: «Թու իրենց նամուսին»,- հարթակից հավելեց Կարապետիչի մարզային ակտիվիստներից մեկը Ջանֆիդայի գյուղից, որի ելույթը շնչում էր սոցիալական ուղղվածությամբ: Առհասարակ ժողովուրդն այնքան էր նեղված սոցիալական վիճակից ու դժգոհ իշխանություններից, որ ոմանց թվում էր, թե այդ պահին Հայքի հրապարակում եռապտույտ կատարող մեքենաները` զիլ ազդանշանով, ոչ թե հարսանքավորներ են, այլ` իշխանությունների կողմից սադրանք, այնպես, ինչպես հոսանք չտալը: Կարապետիչի համախոհներից մեկն իր ելույթում նշեց, որ հանրահավաքի նպատակը միայն ԱԼՄ-ի փակման հետ կապված խնդիրը չէ, իրենք ցանկանում են համակարգային փոփոխություններ սոցիալական բոլոր ոլորտներում: Իսկ խորհրդային բանկերում պահ տված ավանդների մասին Կարապետիչը նշեց, որ այդ գումարները գողացել են:

Երբ կառավարության ու վարչապետի հասցեին քննադատություն հնչեց հարթակից («Եկեք անվստահություն հայտնենք կառավարությանը»), մի վանաձորցի կողքինին ասաց. «Էս կառավարությանը պետք ա մի վանդակում փակես, 10.000 դրամ թոշակ տաս, ասես` դե ապրի»: «Էսօր եթեր են փակում, վաղը հացը, ջուրը, օդն են փակելու»,- հայտարարեց Տիգրան Կարապետիչը: «Իբր էսօր շատ են հաց ու ջուր տալիս, մնաց վաղը տան»,- հեգնեց մի վանաձորցի: Ընդհանրապես մարդիկ բավականին ակտիվ էին, հաճախակի էին սրամտում: Երբ հարթակից հայտարարվեց, թե իշխանությունները «բռնաբարում են ազատ խոսքը», մի վանաձորցի, հավանաբար մի քիչ խմած, կատակեց, թե «բռնաբարություն նշանակում է բռնի ուժով բարի գործ կատարել»: Իսկ մի տարեց կին լոռեցու միամտությամբ քթի տակ կամացուկ ասաց. «Էնքան իրար ծախեցինք, վերջը էս օրն ընկանք»:

Կարապետիչն էլ էր սրամտում: Խոսելով Վանաձորի տնակային ավանի հոգսերից` նա նշեց, որ այնտեղ պարբերաբար ջուրն ու հոսանքը կտրում են, ինչի առթիվ իրենք քանիցս ահազանգել են ԱԼՄ եթերից: «Հոսանքը կտրում են, ջուրը կտրում են, լավ մինչև ու՞ր են էդպես գնալու, էլ ի՞նչն են կտրելու»,- զայրացած հարցնում էր նա: «Ջուրը կտրել են, «Փարոսից» էլ չենք օգտվում»,- հարթակից հայտարարեց վանաձորի տնակային ավանի մի բնակչուհի` ամրապնդելով Կարապետիչի ասածը: «Ամոթ քաղաքապետարանին»,- ի պատասխան կրկին հայտարարեց Կարապետիչը, և կրկին ժողովուրդն արձագանքեց վանկարկումներով:

Հանրահավաքի ընթացքում մարդկանց մոմեր բաժանեցին, որոնք շատերը տեղնուտեղը վառեցին:

Նշենք, որ տարիներ առաջ այս նույն հրապարակում «Ժողովրդական» կուսակցությունը մոմավառություն էր կազմակերպել, բայց առանց ընդդիմադիր կոչերի: «Ավելի լավ, որ հոսանք չտվեցին, ավելի լավ անցավ»,- ի հեճուկս տեղական իշխանությունների` հանրահավաքի վերջում հայտարարեց Տիգրան Կարապետիչը:

Գայանե ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է 1866 անգամ:
Print Friendly

Leave a Reply