ՀՄԸՄ-ի խաղերի բացումը կսկսվի Հյուսիսային պողոտայից

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 31, 2009 16:45

Օգոստոսի 1-8-ը Հայաստանում առաջին անգամ անցկացվելու են Հայ մարմնակրթական ընդհանուր միության խաղերը:

ՀՄԸՄ-ի խաղերը կազմակերպվում են 1981-ից, որոնք անցկացվում են 4 տարին մեկ անգամ: Նախկինում այս ստուգատեսի մասնակիցներին հյուրընկալել են տարբեր երկրներ. վերջին` 2005-ի խաղերը կայացել են Հունաստանում: Եվ ահա, առաջին անգամ է, որ խաղերն անցկացվելու են Հայաստանում:

Ստուգատեսի ծրագրում է 5 մարզաձև` լող, սեղանի թենիս, բասկետբոլ, ֆուտբոլ և շախմատ: «Ընտրել ենք այն մարզաձևերը, որոնք տարածում ունեն հայկական համայնքներում: Ուժերն են չափելու 15 երկրների ներկայացուցիչներ»,-ասաց այս ստուգատեսի կազմկոմիտեի փոխնախագահ Հրաչ Շմավոնյանը:

Խաղերի բացումը կայանալու է օգոսոստոսի 1-ին` ժամը 20-ին: Մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայից երթ է սկսվելու: Այն առաջնորդելու է փողային նվագախումբը: Մասնակիցներն անցնելու են Թումանյան, Աբովյան փողոցներով: Բացման հանդիսավոր արարողությունը կայանալու է Հանրապետության հրապարակում: «Անկախ»-ի այն հարցին, թե ինչով է պայմանավորված Հյուսիսային պողոտայի ընտրությունը, Շմավոնյանը պատասխանեց. «Նախկինում տարբեր միջոցառումների, երթերի ժամանակ մասնակիցները հավաքվում էին Ազգային օպերայի և բալետի թատրոնի հրապարակում: Քանի որ այնտեղ ներկայումս շինարարական աշխատանքներ են ընթանում, այս անգամ երթի մեկնարկի վայրը տեղափոխվել է Հյուսիսային պողոտա»:

Դիտվել է 1615 անգամ:
Print Friendly

Leave a Reply