ԼՂՀ կառավարությունում խորհրդակցել են պետական գնումների մասին նոր օրենքի շուրջ

Պաշտոնական, Օրվա լուր | | January 20, 2011 13:25

Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանն երեկ խորհրդակցություն է անցկացրել կառավարության անդամների եւ պետական համակարգում գործող մյուս մարմինների ու կառույցների ղեկավարների հետ:

Խորհրդակցությունը հրավիրվել էր վերջերս ուժի մեջ մտած պետական գնումների մասին նոր օրենքի կապակցությամբ, որի պահանջների կատարումով ակնկալվում է այդ ոլորտում հստակության, օրինականության եւ պարզեցված ընթացակարգի արմատավորում: Մեկնաբանելով գնումների սահմանված նոր կարգը` վարչապետ Ա.Հարությունյանը  նշել է, որ նախկին օրենքը արդյունավետորեն չի գործել, հաճախ էին թույլ տրվում խախտումներ եւ ոչ նպատակային գնումներ: Այժմ, կենտրոնացված կարգի փոխարեն, գնումների իրավունքը վերապահվում է պետական գերատեսչություններին ու հաստատություններին: Կառավարության ղեկավարը ներկաներին կոչ արեց առաջնորդվել բացառապես օրենքի պահանջներով. օրինախախտներն անպայմանորեն կպատժվեն` զգուշացրել է նա:

Նոր օրենքի հիմնական դրույթների պարզաբանմամբ խորհրդակցությունում հանդես եկավ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը: Նրա խոսքով` պետական գնումների նոր կարգը ավելի թափանցիկ ու հրապարակային է, համահունչ` ՀՀ նույնանուն օրենքին ու միջազգային ժամանակակից փորձին: Ս.Թեւոսյանը հայտնեց, որ «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ի փոխարեն այսուհետ կգործի գնումների աջակցման կենտրոնը, որը պետք է համագործակցի պատվիրատու գնորդների հետ: Առաջիկայում կընդունվեն ենթաօրենսդրական համապատասխան ակտեր, որոնք կամբողջացնեն պետգնումների ընթացակարգը: Այն լիովին հասկանալի դարձնելու եւ հստակ կիրառում ապահովելու նպատակով ֆինանսների նախարարությունը իրավասու անձանց համար կկազմակերպի սեմինար-խորհրդակցություններ:

ԼՂՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ կառավարության ղեկավարությունը որոշ պարզաբանումներ է տվել խորհրդակցությունում հնչած մի շարք հարցերի վերաբերյալ: Ամփոփելով` վարչապետ Ա.Հարությունյանը համոզմունք է հայտնել, որ պետգնումների նոր կարգը հնարավորություն կտա խնայողաբար օգտագործել բյուջետային հատկացումները եւ հասնել ֆինանսների ճիշտ կառավարման:

Դիտվել է 1272 անգամ:
Print Friendly

Leave a Reply