Սիլվա Կապուտիկյանն այսօր կդառնար 92 տարեկան

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 20, 2011 12:11

Այսօր մեծանուն բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը կդառնար 92 տարեկան: Այս կապակցությամբ «Սիլվա Կապուտիկյան» հիմնադրամի նախաձեռնությամբ այցելություն կկազմակերպվի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն, որտեղ ծաղիկներ կդրվեն բանաստեղծուհու գերեզմանին: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, այս տարի միությունը միջոցառումներ չի նախատեսել, քանի որ տարին հոբելյանական չէ:

«Հնարավոր է, որ տարվա ընթացքում Ս. Կապուտիկյանի գրքերից վերահրատարակվեն»,-ասաց Լ. Անանյանը` հավելելով, որ անցած տարվա երկրորդ կեսին հրատարակվել է Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծությունների եռահատորյակը: Սիլվա Կապուտիկյանը ծնվել է 1919 թ-ին` Երեւանում` Վանից գաղթած ընտանիքում: Սովորել եւ ավարտել է Երեւանի Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցը: 1936 թվականին ընդունվել եւ 1941-ին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը:

Կապուտիկյանի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով: Նա ԽՍՀՄ պետական (1952), Հայաստանի պետական (1988), Նոսիդեի անվան միջազգային (Հռոմ, 1989) մրցանակակիր է: 1944-ին հրատարակվել է Սիլվա Կապուտիկյանի առաջին գրքույկը` «Երկու զրույց», այնուհետեւ 1945-ին «Օրերի հետ», 1947-ին «Զանգվի ափին», 1949-ին «Այս իմ երկիրն է», 1951-ին «Իմ հարազատները» ժողովածուները:

Սփյուռքի գաղթավայրերում կատարած շրջագայությունից հետո, Կապուտիկյանը գրել է «Քարավանները դեռ քայլում են» (1964), «Խճանկար հոգու եւ քարտեզի գույներից» (1976) եւ այլ ուղեգրություններ: 1994 թ-ից բանաստեղծուհին եղել է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ: Սիլվա Կապուտիկյանը մահացել է 2006թ. օգոստոսի 25-ին:

Դիտվել է 1871 անգամ:
Print Friendly

Leave a Reply