Էրդողան. Ադրբեջանը, Թուրքմենստանը, Իրաքը և Եգիպտոսը «Նաբուկո» նախագծի մաս կկազմեն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 31, 2009 16:57

TURKEY POLITICS«Հավատացած եմ, որ որոշ ժամանակ անց մերձկասպյան տարածաշրջանի եւ Մերձավոր արևելքի գազ արդյունահանող երկրները` Ադրբեջանի, Թուրքմենստանի, Իրաքի և Եգիպտոսի գլխավորությամբ, «Նաբուկո» նախագծի մաս կկազմեն»,- ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Թուրքիայի վարչապետը նշել է, որ այժմ նախագծում ընդգրկված երկրների կառավարություններին ու ընկերություններին հարկ է ակտիվացնել նախագծի իրացմանն ուղղված իրենց գործողությունները:

«Մենք գիտակցում ենք այն օգուտը, որը նախագիծը կբերի ինչպես Թուրքիային, այնպես էլ տարածաշրջանին: Հնարավորությունները, որոնք կբացահայտեն այդ նախագիծը, կխթանեն տարածաշրջանային այլ նախագծերի իրացումը»,- ասել է նա:

Թուրքիայի, Ավստրիայի, Հունգարիայի կառավարությունների ղեկավարները և Բուլղարիայի ու Ռումինիայի էներգետիկական ընկերությունների ղեկավարները  հուլիսի 13-ին միջկառավարական համաձայնագիր են ստորագրել «Նաբուկո» նախագծի վերաբերյալ:

«Նաբուկո» նախագիծը գնահատվում է 7,9 մլրդ դոլար և եվրոպական երկրներ բնական գազի փոխադրում Է ենթադրում Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, Բուլղարիայի, Հունգարիայի, Ռումինիայի և Ավստրիայի տարածքով: Այն կդառնա արդեն կառուցված Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի շարունակությունը, և հաշվարկված է տարեկան 31 մլրդ խմ գազի փոխադրման համար:

Սկզբնական փուլում խողովակաշարով ծրագրվում է պոմպամղել մոտ 15 մլրդ խմ գազ: Թուրքիայի տարածքով է անցնելու գազամուղի երկու երրորդը, կամ 3,3 հազար կիլոմետրից մոտ 2 հազարը:

Գազամուղի շինարարությունը, ինչպես հաղորդում է «Արմնեպրես»-ը, ծրագրվում է սկսել 2010 թ., իսկ խողովակաշարով գազի մատակարարումը` 2014 թ.:

Կոնսորցիումի մասնակիցներն են Թուրքիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Հունգարիայի, Ավստրիայի և Գերմանիայի էներգետիկական ընկերությունները:

Դիտվել է 2587 անգամ:
Print Friendly

Leave a Reply