4 տարի առաջ այս օրը սպանվեց Հրանտ Դինքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | January 19, 2011 16:26
Չորս տարի առաջ այս օրը սպանվեց նշանավոր պոլսահայ լրագրող, Թուրքիայում հայերենով և թուրքերենով տպագրվող թերթի` «Ակոսի» գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը: 2007-ի հունվարի 19-ին ոմն Օգյուն Սամասթին հրազենային երեք կրակոցներով հենց խմբագրատան մոտ սպանեց Դինքին:
Սպանությունից տարիներ անց գործն այդպես էլ մինչև վերջ դեռևս բացահայտված չէ: Պարբերաբար ինչ-որ մարդկանց են մեղադրում սպանության համար, դատական նիստեր նշանակվում ու հետաձգվում, սակայն գործն այդպես էլ բացահայտված չէ:
Հրանտ Դինքը ծնվել է 1954թ. սեպտեմբերի 15-ին։ 2007թ հունիսին ՀՀ նախագահի մրցանակ է հետմահու շնորհվել է Հրանտ Դինքին։ Ըստ ՀՀ նախագահի «առաջին անգամն է, որ նախագահի մրցանակը հանձնվում է հետմահու։ Հրանտ Դինքի մահը մեծ կորուստ էր մեր ժողովրդի համար։ Մենք միշտ կհիշենք նրան, և մենք հավաստիացնում ենք նրա ընտանիքին, որ Հայաստանն իրենց տունն է, որտեղ մենք միշտ ուրախ ենք նրանց տեսնել»։
Պատմական արդարության վերականգնման, ժողովուրդների փոխըմբռնման, խոսքի ազատության և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության գործում ունեցած նշանակալի ներդրման համար Հրանտ Դինքին շնորհված նախագահի մրցանակը ստանալու համար Թուրքիայից եկել էին Դինքի կինը` Ռաքել Դինքը, դուստրը` Դելաուա Դինքը և եղբայրը` Երվանդ Դինքը։ Մրցանակը հանձնվել է Հրանտ Դինքի այրուն՝ Ռաքել Դինքին, որը հայտարարել է. «Հայաստանի նախագահի մրցանակը միաժամանակ և պատվավոր, և տխուր է ընտանիքի համար։ Ես համոզված եմ, որ Հրանտը կցանկանար լինել մեզ հետ։ Նա միշտ ասում էր, որ Հայաստանը մեծ հայրենիքն է, իսկ Սփյուռքը՝ փոքր կղզիներ են»։






Facebook
Tweet This
Email This Post
