Ադրբեջանը հայերի ջարդարարներին սպիտակեցնելու քաղաքականություն է վարում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | January 19, 2011 15:37

 «Հունվարի 20-ին, երբ Բաքվում այլևս հայեր չէին մնացել, սովետական զորքերը մտան Բաքու: Բախում տեղի ունեցավ իշխանության հասնելու համար»,- ասում է Սովորական ցեղասպանություն նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը՝ ներկայացնելով, թե ինչ է իրականում տեղի ունեցել 1990-ի հունվարի 20-ին Բաքվում:

Գրիգորյանը նշում է, որ մինչև հունվարի 20-ը Մոսկվայի և ադրբեջանական իշխանությունների շահերը համընկնում էին: Սակայն հունվարի 20-ին արդեն կողմերը իշխանության համար պայքար ծավալեցին.   «Մոսկվան փորձում էր պահպանել սովետական կարգերը, մինչդեռ իշխանության էին ձգտում թե ազգային ճակատը,որի հետևում կանգնած էր Թուրքիան,  թե Հեյդար Ալիևը, թե Մութալիբովը»: Ապացույցներ կան, որ ադրբեջանական ուժերը տեղյակ են եղել բախման մասին: Գրիգորյանը նշում է, որ Հեյդար Ալիևը հայերի ջարդերի կազմակերպիչներից մեկի հետ զրույցում ասել է, թե  «Դիակներից մի վախեցեք:Անմեղ զոհերի արյունը կլինի ի օգուտ Ադրբեջանի»:

Նախկինում հունվարի 20-ը Ադրբեջանը ներկայացնում էր որպես իրենց ժողովրդավարական շարժման տապալումը խորհրդային միության կողմից:Վերջին տարիներին, երբ ակտիվացավ հայկական հակաքարոզչությունը, Բաքվի դեպքերի համար սկսեցին նաև մեղադրել հայերին: «Ադրբեջանական քարոզչությունը աբսուրդի է հասնում: Անգամ հայտարարում են, որ հայկական սփյուռքն է Գորբաչովին իշխանության բերել, որ հայերի կոտորած կազմակերպի ու Ադրբեջանին զրկի Լեռնային Ղարաբաղից»,-ասում է Գրիգորյանը:

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն ասում է, որ դեռ 1990թ. փետրվարից Բաքվի քաղաքական վերնախավը բաքվի ջարդեը որակավորեց որպես հայերի պատճառով տեղի ունեցած. «Անգամ նշում են, թե հայերն իրենց ջարդերը պլանավորել են դեռ 80-ականներից»:

Մարտիրոսյանը նշում է, որ աբսուրդի հասնող քարոզչությունը տարվում է պետական մակարդակով, պաշտոնական կայքէջերում էլ են տեղադրվում հոդվածներ, որոնք հունվարի 20-ի դեպքերը համարում են ռուս-հայկական ագրեսիա:

Տեղեկատվական անվտանգության մասնագետը նշում է, որ մամուլն է ձևավորում հասարակական կարծիք, իսկ ադրբեջանում լրատվամիջոցները գրեթե ամբողջությամբ վերահսկվում են իշխանությունների կողմից:  «Իշխող վարչակազմը հասարակության մեջ դաստիարակում է ամենամութ բնազդները: Հայկական ջարդերը ներկայացվում են որպես դրդված, ստիպված կատարված քայլ: Ջարդարարներին սպիտակեցնում են»,- ասում է  Մարտիրոսյանը՝ հավելելով, որ  մտահոգիչ է, երբ հարևան երկրում սերունդներ են դաստիարակվում ջարդարարների ոգով:

Դիտվել է 924 անգամ:
Print Friendly

Leave a Reply