«Միկան» չի հրաժարվի առճակատումից
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | January 19, 2011 13:45
Սանկտ Պետերբուրգում ընթացող ԱՊՀ և Բալթյան երկրների «Համագործակցության գավաթ» ֆուտբոլի միջազգային մրցաշարի խմբային փուլի վերջին տուրում Հայաստանի ներկայացուցիչ Երևանի «Միկան» 2:1 հաշվով առավելության հասավ Ուզբեկստանի չեմպիոն «Բունեդկորի» նկատմամբ և դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Մեր թիմի կազմում գոլերի հեղինակներ են դարձան Ալեքսանդր Թադևոսյանը (11 մետրանոց) և Հրայր Մկոյանը: Նույնպես B խմբում ընդգրկված Լատվիայի չեմպիոն «Սկոնտո»-ն 3:0 հաշվով հաղթեց ղազախական «Տոբոլին» և գրավեց 1-ին տեղը: «Միկան», վաստակելով 4 միավոր, զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը: Այսպիսով, «Միկան» մրցելու է Բաքվի «Ինտերի» հետ, որը A խմբում, տանելով 3 հաղթանակ, գրավել է առաջին տեղը: «Ինտերը» Ադրբեջանի 2008-ի և 2010-ի չեմպիոնն է: Այն մարզում է Կախաբեր Ցխադաձեն:«Միկա»-»Ինտեր» հանդիպումը կայանալու է հունվարի 19-ին Սանկտ Պետերբուրգի «Պետերբուրգսկի» մարզահամալիրում: Խաղը սկսվելու է Երևանի ժամանակով 15:00-ին: «Համագործակցության գավաթ» մրցաշարում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպել են 2005-ին: Բաքվի «Նեֆթչին» 2:0 հաշվով հաղթել էր «Փյունիկին»: 2006-ին այս թիմերի մրցավեճը չկայացավ, քանի որ «Փյունիկ» խաղից առաջ հեռացավ մրցավայրից և մեր թիմին տեխնիկական պարտություն գրանցվեց: Բացի այդ, այս միջադեպը մեծ աղմուկ էր առաջացրել: Սակայն «Միկան» չի հրաժարվելու առճակատումից: Այդ մասին հայտնել է Սանկտ Պետերբուրգում գտնվող «Միկա» թիմի մարզչական շտաբում որպես խորհրդատու աշխատող Երևանի «Արարատի» ու Բաքվի «Նեֆթչիի» նախկին ֆուտբոլիստ Էդուարդ Մարգարովը:






Facebook
Tweet This
Email This Post
