Սուր շնչառական հիվանդությունների համաճարակային իրավիճակը հանգիստ է
ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | January 19, 2011 10:33
Հայաստանի Հանրապետությունում սուր շնչառական վարակների և թոքաբորբերի առումով համաճարակային իրավիճակը համեմատաբար հանգիստ է: Ներկայումս հանրապետության ողջ տարածքում իրականացվում է սուր շնչառական վարակների օրական մոնիտորինգ. այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը:
Մոնիտորինգի տվյալներով` սուր շնչառական վարակներով հիվանդացությունը, 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, գտնվում է միևնույն մակարդակի վրա:
Ինչ վերաբերում է շտապ օգնության կանչերին, ապա պետք է նշել, որ տոնական օրերի համեմատ ներկայումս սուր շնչառական վարակներով պայմանավորված կանչերը կազմում են ընդհանուր կանչերի միայն 10 % -ը /60-70%-ի փոխարեն/:
2011 թվականին, 2010 թվականի միևնույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են հանրապետության հիվանդանոցներ հոսպիտալացված թոքաբորբերի դեպքերը:
Վերակենդանացման բաժանմունքներ հոսպիտալացված թվով 9-ը թոքաբորբի դեպքերն ունեն առողջացման դրական շարժ:
Սկսած 2010 թվականի հոկտեմբերից` հանրապետության դպրոցներում և նախադպրոցական կազմակերպություններում իրականացվում է ջերմային ռեժիմի մոնիտորինգ:
Պարզաբանվում են բացակայության պատճառները, իսկ հիվանդացության բարձրացման դեպքում իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ:
Հետագայում համաճարակային իրավիճակի բարդություններից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարության կողմից շարունակվում են սուր շնչառական վարակների կանխարգելման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները: Իսկ գրիպով կամ սուր շնչառական վարակներից խուսափելու համար ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկում է`
- խուսափե´լ հիվանդների հետ շփումից,
- եթե հիվանդ եք, ապա մնացե´ք տանը,
- եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին, ինքնաբուժմամբ չզբաղվել,
- հագնվել եղանակին համապատասխան,
- պահպանել հազի և/կամ փռշտալու վարվելակարգը,
- օգտագործել հնարավորինս շատ հեղուկ,
- հաճախակի օդափոխել փակ տարածքները:






Facebook
Tweet This
Email This Post
