Զինդատախազ Կոստանյանը ծառայել է Հայոց բանակում, իսկ Թորոսյանի սուտը «բռնվեց» սոցցանցում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | January 18, 2011 19:41
Հայաստանի նորանշանակ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանն իրականում ծառայել է Հայոց բանակում: Ավելին, եղել է օրինակելի զինվոր և ծառայության ընթացքում հասել է մինչև ավագի աստիճան (շարային անձնակազմի համար ամենաբարձր կոչումը): Սոցիալական ցանցերում այս թեմայով հետաքրքրվողներն ինտենսիվ քննարկում են ծավալել՝ արձագանքելով օր առաջ «Ընդդեմ ՀՀԿ ապօրինությունների համահայկական կոմիտե» ՀԿ նախագահ, ԳԽ նախկին դաշնակցական պատգամավոր, իսկ այժմ Լ.Տեր-Պետրոսյանին համակրող Ռուբեն Թորոսյանի տարածած հայտարարությանը, թե ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանն, իբր, բանակում չի ծառայել: Այսօր մի քանի թերթերով տարածված այդ հայտարարության համաձայն, Ռ. Թորոսյանը նման եզրահանգման է եկել՝ ուսումնասիրելով ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքը: Իսկ սոցիալական ցանցերի ակտիվ այցելուներն էլ իրենց հերթին արագորեն բացահայտել են, որ «ընդեմ ապօրինությունների» բարձրագոչ անվանումով կոմիտեի ղեկավարի հայտարարության մեջ նշվածը սուտ է: Սուտը բացահայտած ինտերնետ-օգտվողները ներկայացրել են ավելին քան փաստեր. նրանք հրապարակել են զինդատախազ Գևորգ Կոստանյանի բանակային ծառայության ժամանակի (1999-2001թթ.) լուսանկարներ: Մոտ 10-ամյա վաղեմության այդ լուսանկարներից մեկում Գևորգ Կոստանյանը պատկերված է իր ծառայակից ընկերների հետ (նրանցից մեկի բարեկամն էլ հենց հրապարակել է լուսանկարները): Այդսպիսով, սուտը «բռնվեց», իսկ աղմկահարույց թեման էլ կարելի է մարած համարել: Ի դեպ, այս թեմայով սոցկայքերում ծավալված քննարկման ընթացքում զինդատախազ Գևորգ Կոստանյանի մասին մեկ հետաքրքրաշարժ մանրամասն էլ հայտնի դարձավ: Նրան մոտիկից ճանաչող «ցանցայիններից» մեկը նշում է, որ Գևորգ Կոստանյանը չափազանց լրջորեն զբաղվել է արևելյան մարտարվեստով, կոնկրետ՝ ֆուլ-կոնտակտ կարատեով, ավելին՝ ժամանակին իր տարիքային ու քաշային խմբում նվաճել է Հայաստանի չեմպիոնի տիտղոսը: Կասկածողները կարող են անձամբ ստուգել տեղեկատվության իսկությունը, եթե, իհարկե, ցանկություն առաջանա: Panorama.am






Facebook
Tweet This
Email This Post
