Նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ, Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի հրավերով, այսօր պետական այցով ժամանել է Հունաստանի Հանրապետություն

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Պաշտոնական, Օրվա լուր | | January 18, 2011 17:41

Նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ, Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի հրավերով, այսօր պետական այցով ժամանել է Հունաստանի Հանրապետություն:

Հայաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Նախագահ Սերժ Սարգսյանն առանձնազրույց է ունեցել Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի հետ: Այնուհետև տեղի է ունեցել երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը:

Երկու երկրների նախագահները քննարկել են հայ-հունական բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակաբար զարգացման, առևտրատնտեսական, ռազմական, մշակութային և այլ ոլորտներում համագործակցության խորացման, ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում փոխգործակցության ակտիվացման, ինչպես նաև տարածաշրջանային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային հարցեր, անդրադարձել` ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումներին:

ՀՀ նախագահի Հունաստան կատարած պետական այցի շրջանակներում տեղի է ունեցել նաև փաստաթղթերի ստորագրման արարողություն` ուղղված մի շարք ոլորտներում երկկողմ կապերի ամրապնդմանն ու համագործակցության խորացմանը: Մասնավորապես, ստորագրվել են «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջև ռազմական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր», «ՀՀ կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում 2011-2013թթ.  համագործակցության մասին ծրագիր», «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Հունաստանի Հանրապետության մշակույթի և զբոսաշրջության նախարարության միջև 2012 թվականին` Հունաստանի Հանրապետությունում «Հայկական մշակույթի օրեր» և 2013 թվականին` Հայաստանի Հանրապետությունում «Հունական մշակույթի օրեր» կազմակերպելու և անցկացնելու մասին փոխըմբռնման հուշագիր»:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Կարոլոս Պապուլիասը հանդիպման արդյունքներն ամփոփել են ԶԼՄ ներկայացուցիչների հետ ունեցած համատեղ ճեպազրույցում:

(Ստորև ներկայացված է ճեպազրույցի ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքն ամբողջությամբ)

Պետական այցով Հունաստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր կայցելեն նաև «Ակրոպոլիս» թանգարան, իսկ երեկոյան Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի անունից` ի պատիվ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և տիկին Ռիտա Սարգսյանի, կտրվի պետական ընթրիք:

***

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ԶԼՄ ներկայացուցիչների հետ ճեպազրույցի ժամանակ

Շատ շնորհակալ եմ, պարոն նախագահ և´ Հայաստան այցելելու հրավերն ընդունելու, և´ մեզ ցուցաբերած ջերմ ընդունելության համար: Նախագահի կարգավիճակում սա իմ առաջին այցելությունն է Հունաստան` չնայած բազմաթիվ անգամներ եղել եմ Ձեր հյուրընկալ և  լավ երկրում: Բարձր մակարդակի այս շփումները մենք դիտում ենք որպես հայ-հունական քաղաքական երկխոսությունը շարունակաբար զարգացնելու փոխադարձ ցանկություն: Ուրախ եմ, որ Ձեզ հետ մենք բովանդակալից և արդյունավետ զրույց ունեցանք երկկողմ համագործակցության ամրապնդման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և երկկողմ մի շարք հարցերի շուրջ: Արձանագրեցինք, որ կարող ենք ավելին անել և պայմանավորվեցինք լրացուցիչ ջանքեր ներդնել հայ-հունական փոխգործակցությունը նոր մակարդակի հասցնելու, այդ փոխգործակցությանը նոր դինամիկա հաղորդելու ուղղությամբ: Հարուստ իրավապայմանագրային դաշտը, որ ընդգրկում է երեք ու կես տասնյակ պայմանագրեր, այսօր էլ´ ավելի հարստացավ և մեր գերատեսչություններին համագործակցելու ավելի մեծ հնարավորություն ընձեռեց:

Կուզենայի հատուկ առանձնացնել պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցությունը: Հաշվի առնելով, որ այդ գերատեսչությունները, դրանց գործունեությունը մշտապես գտնվում են մեր ուշադրության կենտրոնում:

Կարևորեցինք հայ և հույն գործարարների Աթենքում ընթացող համաժողովը և եկանք այն եզրակացության, որ ինչպես Հունաստանի, այնպես էլ Հայաստանի տնտեսությունները թոթափում են ճգնաժամի հետևանքները, և մեր գործարարները կարող են շատ բան անել` օր առաջ այդ ճգնաժամի հետևանքները հաղթահարելու համար:

Մենք երկուստեք կարևորեցինք մշակութային կապերի և մարդկային շփումների ընդլայնման կարևորությունն ու անհրաժեշտությունը: Եւ ես վստահ եմ, որ գալիք տարիներին անցկացվելիք հայկական մշակութային օրերը Հունաստանում և հունական մշակութային օրերը Հայաստանում անցնելու են բարձր մակարդակով և էլ ավելի են ամրապնդելու մեր մշակութային կապերը, մեր բարեկամ ժողովուրդների հարաբերությունները:

Ես իմ հույն գործընկերոջը ներկայացրեցի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները: Վերահաստատեցի հայկական կողմի դիրքորոշումը, որ, չնայած Բաքվի կողմից ուժի կիրառման անվերջ սպառնալիքներին, մենք հավատարիմ ենք հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային ձևաչափով կարգավորելու քաղաքականությանը:

Հայաստանը փորձեց Թուրքիային ընդառաջ քայլ կատարել` հարևան երկրներին վայել հարաբերություններ հաստատելու ուղղությամբ, բայց չգտանք անհրաժեշտ քաղաքական կամք Թուրքիայի կողմից: Ես ուրախ եմ լսելու, որ նաև մեր գործընկերները դեմ չեն Թուրքիայի անդամակցությանը Եվրոպական միությանը, բայց այդ նպատակակետն անցնում է սեփական անցյալի և հարևանների հետ քաղաքակիրթ գործակցության ճանապարհներով: Եւ երբ Թուրքիան համապատասխանի եվրոպական չափանիշներին, մենք կունենաք ավելի կանխատեսելի հարևան:

Մենք ընդգծեցինք նաև միջազգային կազմակերպություններում համագործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը:

Պարոն նախագահ, ամփոփելով խոսքս` թույլ տվեք մեկ անգամ ևս հույս հայտնել, որ հայ-հունական համագործակցությունն օր-օրի զարգանալու է: Մեկ անգամ ևս շնորհակալ եմ ջերմ ընդունելության, Ձեր բարի կամքի համար և վստահ եմ, որ և´ այսօր, և´ վաղը ես արդյունավետ հանդիպումներ եմ ունենալու Հունաստանում: Շնորհակալ եմ:-

Դիտվել է 1680 անգամ:
Print Friendly

Leave a Reply