S-300-ները և Հայաստանի պաշտպանական գերատեսչության տեղեկատվական ներուժը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | January 18, 2011 16:16

«Հայաստանը հաստատում է S-300 ունենալու մասին փաստը», «Հայաստանը S-300-ներով սպառնում է Ադրբեջանին» վերտառությամբ հոդվածները հայ ու ադրբեջանցի լայն հասարակության մեջ սկսեցին շրջանառվել միայն այս տարվա հունվարի առաջին տասնօրյակից հետո: «Փորձագետները» սկսեցին իրենց գնահատականը տալ` թերևս փորձելով նվազեցնել փաստի միջազգային հնչեղությունն ու Հայաստանի պաշտպանական գերատեսչության անհամեմատ առավելությունն ադրբեջանականի նկատմամբ: Նրանց հիմնական թեզն այն էր, թե Սեյրան Օհանյանի արձագանքն ուշացած է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին S-300 համակարգի վաճառման մասին 2010 թ. շրջանառվող լուրերի տեսանկյունից:

Բայց մի՞թե ուշացած էր Հայաստանի պաշտպանության նախարարի արձագանքը, կամ ինչո՞վ էր պայմանավորված Պն-ի` S-300 ունենալու փաստի հաստատումը  2010 թ. դեկտեմբերին և ոչ դրանից առաջ:

1979 թ. Խորհրդային Միությունում ստեղծված և շարունակ նորացված զենիթահրթիռային այդ համակարգերի 1 մարտկոց Ռուսաստանը Հայաստանում տեղակայել էր դեռևս 1990-ականների վերջին` համաձայն Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքված միջպետական պայմանագրերի և 1997 թ. բարեկամության և համագործակցության երկարաժամկետ դաշինքի: Հայտարարվել է, որ ռուսական 102-րդ ռազմաբազան, որը գործում է ԱՊՀ հակաօդային պաշտպանության միասնական համակարգի շրջանակներում, զինված է S-300 հրթիռազենիթային համալիրով:

Ռուս պաշտոնյաները շարունակ հայտարարել են, որ Մոսկվան հետագայում էլ թարմացրել է Հայաստանի հակաօդային ներուժը և մասնագետներ է վերապատրաստել S-300-ների գործարկման ոլորտում, իսկ Հայաստանի պաշտպանության գերատեսչությունը հաստատել է վերապատրաստման փաստը` նշելով, որ գործընթացը սկսվել է 2005 թ.: Ամեն դեպքում, դեռևս պաշտոնապես չէր հաստատվել, թե ռուսներն իրականում Հայաստանի զինված ուժերում նման զենքեր տեղակայե՞լ են, թե՞ ոչ:

Այսպես, 2010 թ. դեկտեմբերի 20-ին Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի համագործակցության արդյունքում հակաօդային պաշտպանության համատեղ հրամանատարական կետի բացման արարողության մասին ՊՆ մամուլի հաղորդագրության մեջ նշվեց, որ «ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է նաև ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորամասերից մեկի բանակային շինությունների բացման արարողությանը, ծանոթացել զորանոցային պայմաններին ու գերճշգրիտ S-300 զենիթահրթիռային համակարգերի աշխատանքին»:

Իսկ դրանից հետո Հայաստանի S-300 համակարգերն առաջին անգամ ցուցադրվեցին դեկտեմբերի 25-ին Հանրային հեռուստատեսության «Զինուժ» ծրագրով` հակաօդային պաշտպանության զորատեսակի և առկա սպառազինության առանձնահատկությունների մասին պատմող ծավալուն տեսանյութով: Տես` http://www.youtube.com/watch?v=HUetMx5iz4M&feature=related

Ցուցադրվեցին Հայաստանի ԶՈՒ-ում տեղակայված զենիթահրթիռային համալիրներն ու դրանցից ամենահզորը` S-300-ը, որը կարգաբերված է այնպես, որ Հայաստանի լեռնային պայմաններում դրա մարտական հնարավորություններն առավելագույնս օգտագործվեն:

Դեկտեմբերի վերջին, կապված տոնական օրերի հետ, որոշ լրատվական աղբյուրների տեղեկատվությունը այդ փաստի մասին հանրային ուշադրությունը թերևս չգրավեց: Միայն հունվարի առաջին շաբաթից հետո սկսեց ակտիվորեն քննարկվել այդ տեղեկատվությունը. միջազգային հեղինակավոր մամուլի ու լրատվական գործակալությունների կողմից նույնպես այդ կապակցությամբ ակտիվություն նկատվեց:

Խնդիրը նաև այն էր, որ արևմտյան երկրներում Նոր տարվա տոները տևում են դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 5-ը, նաև 6-ը. և լուրը սոցիալական ցանցերով ու լրատվամիջոցներով կշրջանառվեր այս օրերից սկսած. հայտարարություն անելիս միգուցե հաշվի էր առնվել նաև այդ հանգամանքը, և հնարավոր է` նպատակ կար հավասարակշռել Նոր տարվա առիթով ադրբեջանական նախագահի, արտգործնախարարի, պաշտպանության նախարարի ավանդույթ դարձած ռազմատենչ հայտարարություններով ստեղծվելիք տեղակատվական մթնոլորտը: Այսինքն` հայկական կողմի համապատասխան արձագանքն իրականում եղավ դրանից հետո, ինչը և արդյունավետորեն նստվածք թողեց հասարակական շերտերի տեղեկատվական համակարգում` ի հեճուկս որոշ հայ փորձագետների ջանքերի:

S-300-ներ ունենալու մասին հայկական կողմի հայտարարությունները ժամանակային առումով ճիշտ էին արված, իրենց բովանդակությամբ գերճիշտ էին և տեղեկատվական հասանելիության ապահովման առումով` շատ լավ մշակված:

Փաստը հատկապես արդյունավետ էր ադրբեջանական տեղեկատվական ռեսուրսների սպառման տեսանկյունից. ադրբեջանցի տեղեկացված հասարակությունն այդ մասին իմացավ միայն հունվարի 4-ից սկսած, ինչին ստիպված էին արձագանքել ադրբեջանական իշխանությունները ու կրկին փորձել ռազմատենչ մթնոլորտով հաղթահարել ադրբեջանական հանրության մեջ արդեն ձևավորված պատկերացումը հայկական պաշտպանության ոլորտի գերակա վիճակի մասին:

Փաստորեն, որոշակի արդյունքի համար ադրբեջանցիներն ավելի շատ տեղեկատվական ռեսուրս ծախսեցին, քան մենք:

Եվ ինչպես սպասվում էր, պաշտոնական մարմինների կողմից և Ալիևի իշխանությունը սպասարկող քաղաքական ուժերի ու փորձագետների կողմից ռազմաշունչ հայտարարություններ եղան` շաղախված շաբլոն ու հոգնեցուցիչ դարձած «20 տոկոսի» ու «բոլոր հնարավոր միջոցների, այդ թվում՝ ռազմականի» մասին դրույթներով:

Այս համատեքստում, սակայն, ուշագրավ էին տեղեկատվական ռեսուրսները դեռ երեկ սպառած Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության ղեկավարի հայտարարության մեջ առկա շեշտադրումները:

Էլմար Մամեդյարովը հայտարարեց, որ ղարաբաղյան հակամարտությունը Ադրբեջանի ամենամեծ հիմնախնդիրն է, նշեց 1992 թ. Խոջալուի «ադրբեջանական բնակչության դեմ իրականացված սպանդի» մասին, ապա մի քանի անգամ` խաղաղ բանակցություններով հարցը լուծելու իրենց պատրաստակամության մասին, և միայն Ադրբեջանի դեմ ռազմական միջոցների կիրառման հնարավորության և դիվանագիտական միջոցների սպառման մասին նշելուց հետո` «տարածքները վերադարձնելու համար բոլոր հնարավոր միջոցների» մասին:

Թերևս մեկնաբանություններ չունի նմանօրինակ հայտարարությունը. ակնհայտ է, որ Հայաստանի S-300-ների փաստը մի տեսակ հոգեբանական ընկճվածություն է հաղորդել ադրբեջանական ԱԳՆ-ի շրջաններում: Եվ դա բնական է, եթե հատկապես հաշվի առնենք վերը նշված տեսանյութում տեղ գտած տեղեկատվությունը, ըստ որի` Հայաստանի ունեցած S-300-ի հայտնաբերման ռադարն ունակ է հայտնաբերելու օդային նշանակետեր մինչև 330 կմ հեռավորության և մինչև 25 կմ բարձրության վրա: Մինչդեռ Ադրբեջանին վաճառվող (հայտարարված) S-300-ները` S-300PMU-2 Favorit (SA-20b Gargoyle b) գումարտակային համակարգը, լինելով նոր հթիռներ, ավելի մեծ մարտագլխիկով և ավելի լավ` մինչև 200 կմ հեռահարության ուղենիշով, ի տարբերություն նախորդ տեսակի, որն ուներ 150 կմ ուղենիշ, այնուամենայնիվ, ավելի քան 2 անգամ զիջում են հայկականին:

Թեև խոսքը S-300P (սահմանված` խոցելու թևավոր հրթիռներ և այլ ցածր հեռահարության թիրախներ) տեսակի համակարգերի մասին է, այնուամենայնիվ, հիմք կա ենթադրելու, որ Հայաստանն ունի S-300VM (SA-X-23)` S-300V-ի (սահմանված` ոչնչացնելու տակտիկական բալիստիկ հրթիռներ) կատարելագործված տարբերակը, որովհետև դրանք են կրում 9S15MT-3 Bill համախմբի A թիրախի հայտնաբերման ռադարների F խմբի ռադարներ, որոնք միայն 330 կմ հեռավորության վրա թիրախ որսալու հնարավորություն ունեն:

Այս առումով ուշագրավ էր նաև տեսանյութում Հայաստանի ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի ելույթը, որում ասվում է. «Մենք ձեռք ենք բերել նոր միջոցներ, այդ նոր միջոցներն այսօր տեղադրվում են մարտական հերթապահության, և այդ ձեռքբերումները 2011 թ. ընդլայնվելու են այնքան, որքան մեր հակառակորդներն իրենց հակաօդային պաշտպանության համակարգում չունեն նմանատիպ և նման թվաքանակով միջոցներ»:

Իսկապես, պատահական չէ S-300-ների կատարելագործված համակարգի հայկական զինուժի տիրապետման փաստը, եթե հաշվի առնենք հատկապես 2010 թ. օգոստոսի վերջին Սեյրան Օհանյանի արած մեկ այլ կարևոր հայտարարությունը: «Մենք լավ ծանոթ ենք այդ համակարգերին (S-300), մենք դրանք կիրառում ենք բավականին երկար ժամանակ և գիտենք այդ համակարգերի արդյունավետությունը կրճատելու հնարավորությունները»,- ասել է նախարարը՝ ավելացնելով,- նույնիսկ այդ համակարգերի գործադրման դեպքում Ադրբեջանին բավական երկար ժամանակ կպահանջվի` զարգացնելու ինտեգրացված ռադիոտեխնիկական համակարգի ապահովում»:

Խոսքը զենիթահրթիռային այդ համալիրների բաղկացուցիչների` հայտնաբերման ռադիոլոկատորի, մարտական կառավարման կետի և էլեկտրասնուցման միջոցների մասին է:

Այդուամենայնիվ, հայկական կողմը, ինչպես նշել է պաշտպանության նախարարը, կարող է միայն կրճատել Ադրբեջանի հնարավոր S-300-ների արդյունավետությունը, բայց ոչ չեզոքացնել դրանք: S-300-ները տեղծված են` պաշտպանելու պետության կենսականորեն կարևոր ինֆրակառույցներն ու զինված ուժերը ժամանակակից ու գերժամանակակից օդանավերի, ռազմավարական նավարկային հրթիռների, տակտիկական ու բալիստիկ հրթիռների և այլ օդային հարձակման զենքերի զանգվածային գրոհներից:

Ամեն դեպքում, այս ոլորտում մեր կենսականորեն կարևոր ինֆրակառույցներն անհամեմատ ավելի ու կատարյալ են պաշտպանված մեր ունեցած հակաօդային զարգացած համակարգերի շնորհիվ:

Ամփոփելով նշենք, որ Հայաստանի պաշտպանական գերատեսչությանը հաջողվել է համապատասխան բարենպաստ տեղեկատվական միջավայր ստեղծել ռազմական մրցակցության մասին տեղեկատվական պայքարում` օգտագործելով նվազագույն ռեսուրսներ առավելագույն նպատակի հասնելու համար:

Մեր պաշտպանության գերատեսչության տեղեկատվական զինանոցի դեռևս ոչ ուժեղացված աշխատանքի արդյունքն արդեն նկատելի է նաև ադրբեջանական իշխանությունների հայտարարություններում, որոնք այլևս չեն թաքցնում հայկական զինուժի նկատմամբ ունեցած հոգեբանական վախը և ուղղակիորեն կամ անուղղակիորեն սկսում են զարգացնել Հայաստանի կողմից ռազմական նախաձեռնության մասին պարբերաբար շրջանառվող թեզը. օրինակ` Մամեդյարովի հայտարարությունը «Ադրբեջանի դեմ ռազմական ուժի կիրառման հնարավորության» մասին:

Այս առումով ուշագրավ է նաև ադրբեջանական Eхo-Аz թերթի «В Армении заговорили о войне: Что это – внутриполитический ход или подготовка к реализации грузинского варианта против Азербайджана?» հոդվածը, որում խոսվում է նաև հեղինակիս կողմից ռազմական նախաձեռնությանն աջակցելու մասին:

Հայաստանի կողմից ռազմական նախաձեռնության մասին թեզի համար նաև լավ հիմք ծառայեցին միջազգային հեղինակավոր լրատվական աղբյուրները, որոնք S-300-ների փաստը զուգորդեցին Հայաստանի` Ադրբեջանին սպառնալու տրամադրությունների մասին մեկնաբանությամբ:

Տվյալ միտումի զարգացմանը զուգընթաց` ադրբեջանցիները  կփշրեն սեփական ռազմատենչ վարքագծի վերաբերյալ հասարակական ընկալումը, որի ձևավորման համար երկար ժամանակ են աշխատել:  Այդուամենայնիվ, հարկ ենք համարում նշել, որ նման թեզի շրջանառումը կարող է նաև ոչ համարժեք ընկալվել հայ հասարակության կողմից և դրդել զսպվածությունից անցնելու հարձակողականության: Այս առումով մեզ զգոնություն է պետք` սադրանքի չենթարկվելու համար:

Դիտվել է 4622 անգամ:
Print Friendly

Leave a Reply