Ի՞նչ կարելի է ակնկալել կրթության ոլորտից 2011-ին

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | January 17, 2011 20:42

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր  ներկայացրեց կրթական ոլորտի 2011-ի առաջնահերթությունները:

Ըստ այդմ` մինչև օգոստոսի մեկը նախատեսվում է բեռնաթափել միջին դպրոցի հիմնական առարկաների ուսումնական ծրագրերը15-20 տոկոսով. հայտարարեց ԿԳ նախարարը` ներկայացնելով 2011-ի կրթության ոլորտի առաջնահերթությունները:

Նրա խոսքով` հանրակրթական ծրագրերի վերանայումը հնարավորություն կտա ուսումնական նյութն ավելի մատչելի դարձնել աշակերտների համար: Աշոտյանը նշում է, որ առարկայական ծրագրերից որոշ թեմաներ կբացառվեն, որոշներն ավելի թեթև կմատուցվեն:

Նախարարը նշում է, որ տարիներ շարունակ բոլոր  առարկաների  մասնագետները, իրենցը համարելով ամենակարևորը, առարկայական ծրագրում հնարավորինս շատ թեմա են ընդգրկել: Արդյունքում «ունենք ամենաբարդ հանրակրթական ծրագիրը Եվրոպայի տարածքում»: «Փոքրածավալ դասագրքով և քիչ ժամաքանակով փորձում ենք աշակերտներին հնարավորինս շատ բան սովորեցնել, ինչն իրատեսական չէ: Նպատակն է ունենալ իրատեսական ծրագիր, որ երեխաները և նրանց ծնողները չվախենան սովորելուց»:

Նախարարը նշում է, որ փոփոխությունները սկսում են միջին դպրոցից, քանի որ 2011-ը միջին դպրոցի նոր դասագրքերի մրցութային տարի է: «Եթե փորձը հաջողվի, ամեն տարի վերահրատարակվող գրքերի համար բեռնաթափման ծրագիր կիրականացնենք»:

Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին կտրամադրվի անվճար դպրոցական հագուստ և կոշիկ

Այս տարի  Արմավիրի, Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի 70 համայնքներում  կհիմնադրվեն նախակրթական հաստատություններ, որտեղ նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն կունենա 2 հազարից ավել երեխա. այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Նա նեց, որ այս տարի կամբողջանա նաև ավագ դպրոցների ցանկը. Նախնական հաշվարկներով հանրապետությունում կգործի104-105 ավագ դպրոց. Դրանցից 14-15 պետք է ստեղծվեն այս տարի:

Կշարունակվի նաև դպրոցներում տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման ներդրման և ընդլայնման քաղաքականությունը. մինչև տարեվերջ համացանցին կմիանան ևս 414 դպրոցներ: Տարեվերջին 1358 դպրոց ապահովված կլինի ինտերնետով, ինչը կապահովի  հանրակրթության ոլորտում ինտերնետի ծածկույթի 93,5 տոկոսը:

ԿԳՆ-ն այս տարի կիրականացնի նաև պիլոտային ծրագիր Վայոց Ձորի մարզում. Սոցիալական անապահովության նպաստ ստացող ընտանիքների երեխաներին անվճար կտրամադրվի դպրոցական հագուստ և կոշիկ, ինչը հնարավորություն կտա աստիճանաբար անցում կատարել միասնական դպրոցական համազգեստին:

Պատասխանելով հարցին, թե արդյոք այդ հագուստը դպրոցում տարբերակում չի առաջացնի աշակերտների միջև` ի ցույց դնելով, թե ով է նպաստ ստանում, Աշոտյանը նշեց, թե ընտանիքները կարող են հրաժարվել հագուստից` այն չի պարտադրվի:

«Ցավում եմ, որ դա որոշ տեղերում բերում է չարաշահումների և դրամահավաքի»

2011-ին ԿԳՆ-ն 120 մլն դրամ կհատկացնի սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին անվճար դասագրքերով ապահովելու համար:

Նախարարը նշեց, որ նախատեսում են 2012-ից տարրական դպրոցում անվճար տրամադրել նաև երաժշտության և օտար լեզուների դասագրքրերը` 1-4-րդ դասարաններում դրամահավաքը բացառելու համար:

«Անկախ»-ի հարցին ի պատասխան, թե եթե նախարարությունը գիտակցում է, որ կան դասագրքերի համար վճարելու անընդունակ ընտանիքներ, ապա ինչու են այդ նույն ընտանիքների երեխաներին պարտադրվում դպրոցական աշխատանքային տետրերը, որոնց արժեքը դասագրքերի արժեքից քառապատիկ ավել է, նախարարը  նշեց. «Աշխատանքային տետրեը կարևոր բաղկացուցիչ են ուսումնական գործընթացում, ցավում եմ, որ դա որոշ տեղերում բերում է չարաշահումների և դրամահավաքի»:

Աշոտյանը զարմացավ լրագրողի նկատառմանը, թե աշխատանքային տետրերը ծնողների համար ավելի մեծ ծախս են, քան դպրոցական դասագրքերը` նշելով, որ ինքը տեղյակ չէ տետրերի գներին:

«Չգիտեմ թե տետրերը ինչ արժեն: Հանրակրթության վարչության պետին կասես ինձ աշխատանքային տետրերի ցանկը տա»,- ասաց Աշոտյանը` դիմելով ԿԳՆ մամուլի քարտուղարին:

Նշենք, որ ԿԱԻ կողմից երաշխավորվող աշխատանքային տետրերի գինը 350-400 դրամ է (մինչդեռ դպրոցական դասագրքի տարեկան արժեքը կազմում է 300-350 դրամ): Յուրաքանչյուր առարկայից ամեն կիսամյակ աշակերտին պարտադրվում է 1-2 տետր` ընթացիկ աշխատանքային և ստուգողական աշխատանքների համար: Որոշ դեպքերում աշխատանքային տետրերը նաև ինքնանպատակ են. օրինակ, 9-րդ դասարանի հանրահաշվի ստուգողական աշխատանքների տետրի վրա նշված է, որ այն ուղեցույց է ուսուցիչների համար, մինչդեռ դպրոցները այդ տետրերը պարտադրում են գնել բոլոր աշակերտներին:

Մասնավոր բուհերը ևս ընդունելություն կիրականացնեն միասնական քննակարգով

2011-ին մասնավոր բուհերը պետական բուհերի հետ համատեղ ընդունելության քննություն կիրականացնեն միասնական քննակարգով: Աշոտյանը վստահեցնում է, որ այս տարի որևէ աշակերտի դպրոցական  ավարտական վկայական չի տրամադրվելու, չեն լինելու էքստեռն քննություններ:

Այս տարի ստուգումներ կիրականացվեն 30 մասնավոր բուհերում և, ըստ նախարարի, հավանական է, որ դրանց թիվը կկրճատվի 7-10-ով:

Դիտվել է 2149 անգամ:
Print Friendly

Leave a Reply