Թոշակի է գնում Քնեսեթում հայերի գլխավոր լոբբիստը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | January 17, 2011 20:32

Իսրայելական Քնեսեթի պատգամավոր Հայիմ Օրոնը մտադիր է անցնել թոշակի: Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնել է IzRus պորտալի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Գոլդենշտեյնը, Օրոնը 23 տարիների ընթացքում եղել է Քնեսեթի պատգամավոր: «Օրոնին ամենայն հավանականությամբ փոխարինելու է Մերեց կուսակցության մեկ այլ ներկայացուցիչ, լիտվացի Զահավա Գալյոնը, նա մտավորական է եւ կիրթ: Ես պետք է ասեմ, որ Իսրայելում Օրոնի նման քաղաքական գործիչ չի մնացել»,- նշել է Գոլդենշտեյնը:

Վերջին մի քանի տարվա ընթացքում Հայիմ Օրոնն ամեն տարի Քնեսեթի քննարկմանն է դնում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Նա սերտ հարաբերությունների մեջ է «Հայ դատի» երուսաղեմյան կոմիտեի ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ Երուսաղեմում հայկական հյուպատոսարանի հետ: Չնայած նրան, որ Քնեսեթի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նրա բոլոր փորձերը ձախողվել են, նա համառորեն բարձրացրել է այդ հարցը: Նրա հեռանալով հայկական սփյուռքը կորցնում է Քնեսեթում իր շահերի հավատարիմ պաշտպանին:

Զահավա Գալյոնը ձախ ճամբարի ամենավառ ներկայացուցիչներից է: Նա հարում է սիոնիստների արմատական ձախակողմյան թեւին, եւ 90-ականների կեսերին եղել է «Բեցելեմ»1 արմատական ձախակողմյան շարժման գլխավոր քարտուղար: Անցյալում նա բազմիցս արտահայտվել է ահաբեկիչների կետային չեզոքացման, պաղեստինցիների եւ «Ձուլածո արճիճ» օպերացիայի դեմ:

Դիտվել է 1670 անգամ:
Print Friendly

Leave a Reply