Գլոբալ աղետները և մենք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 17, 2011 20:12

Ամեն ժամ համաշխարհային մամուլում հայտնվում են նորություններ գլոբալ աղետների մասին:  Բրազիլիայում վերջին տվյալներով ջրհեղեղի արդյունքում զոհվել է 550 մարդ: Ոչ ոք չի համարձակվում գուշակել, թե որքան մարդկային մարմին է գտնվում է կավի շերտի տակ: Անօթեւան է մնացել ավելի քան 15 հազար մարդ: Ավստրալիայում զոհվել է 25 մարդ: 90 մարդ մինչ օրս համարվում է անհետ կորած: Քվինսլենդ նահանգում ջուրը բարձրացել էր 4 մետրով: Վնասը գնահատվում է 18 միլիարդ դոլլար: Ջրի տակ է հայտնվել նաեւ Եվրոպան: Նույնիսկ այնպիսի կազմակերպված երկիրը, ինչպիսին Գերմանիան է,  չի կարողանում հաղթահարել աղետը: Եւ ինչպես հաղթահարել, եթե օրական տեղում են ամսական նորմայի չափ տեղումներ: Ի՞նչ միջոցներ ձեռնարկել, ինչպե՞ս վերացնել հետեւանքները:

Այս հարցերը դեռ մեզ համար չեն: Հեղեղները մեզ խնայել են: Թեպետ Հայաստանին բնորոշ են սողանքները, բայց դրանք էլ են մեզ խնայել, չեն դարձել անդառնալի հետեւանքով աղետ: Նույնիսկ շոգն է խնայել, այն շարունակվեց մեկ ամիս, եւ ոչ ոք շոգից չմահացավ: Իսկ անտառային հրդեհները մարդու ձեռքի գործն է: Բայց այստեղ էլ խնդիր կա: Չարագործներին մեզ մոտ չեն կանգնեցնում: Պարզապես արձանագրում են` այսինչ շրջանում անտառային հրդեհ, այրվել է այսքան հեկտար եւ վերջ: Կամ արձանագրում են, որ թունաքիմիկատների գերեզմանոցը շարժվում է, որովհետեւ գտնվում է սողանքային գոտում եւ վերջ: Հետո որքան եւ ում է գումար անհրաժեշտ, իսկ գերեզմանոցը սողում է: Կամ արձանագրում են, որ Սեւանա լճում վերացել են ձկան արդյունաբերական պաշարները: Հետո` թե որքան եւ ում է գումար անհրաժեշտ պաշարների վերականգնման համար, իսկ ձուկ չկա ու չկա: Գլխավորն այն է, որ նույնիսկ սպասելիքներ չկան, որ ինչ-որ բան կփոխվի:

Իսկ ի՞նչ կանենք, եթե աղետ լինի, եթե մեզ մոտ սկսվի շարունակական երաշտ: Եւ թող ջրհեղեղ էլ չլինի, բայց կակտիվանան սողանքային գործընթացները, կսկսեն չորանալ աղբյուրները, լեռներից կսողա հողը, որտեղ կտրել են բոլոր անտառները: Սա գլոբալ տաքացման սարսափներից չէ, այլ Կլիմայի փոփոխության ազգային 2-րդ զեկույցի կանխատեսումը: Արդյո՞ք պատրաստ ենք մենք նման հետեւանքների, թե՞ կարծում ենք, որ ինչ-որ պատճառով բնությունը մեզ կխնայի: Սպասեք պատասխանի… սպասեք պատասխանի… սպասեք պատասխանի…

ԷկոԼուր

Դիտվել է 1038 անգամ:
Print Friendly

Leave a Reply