Կգործի հիմնովին վերանորոգված հակատուբերկուլյոզային դիսպանսերի դեղակայուն բաժանմունքը

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | July 31, 2009 16:40

output_fileՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի մասնակցությամբ այսօր վերաբացվել է «Հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՓԲԸ  դեղակայուն բաժանմունքը:

Այն զբաղեցնում է բուժհաստատության 2-րդ և 3-րդ հարկերը: Բաժանմունքը վերանորոգվել և եվրոպական չափանիշներին է համապատասխանեցվել ՀՀ առողջապահության նախարարության Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհի շրջանակներում: Դիսպանսերի դեղակայուն բաժանմունքը հնարավորություն ունի միաժամանակ սպասարկել 90 հիվանդի: Այսօրվա դրությամբ բաժանմունքում բուժօգնություն է ստանում 25 հիվանդ:

ԱՆ Գլոբալ հիմնադրամի «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագրի ուժեղացում» դրամաշնորհային միջոցներով Երևանի մի շարք համայնքներում և հանրապետության մարզերում բացվում են տուբերկուլյոզի դեղակայուն հիվանդների բուժման համար նախատեսված համապատասխան կաբինետներ, վերապատրաստվում են մասնագետներ, խորհրդատվության նպատակով հրավիրվում են միջազգային փորձագետներ:

Կատարված աշխատանքը  Քուշկյանը գնահատել է գերազանց` ընդգծելով, որ 40 տարի շարունակ այս բուժհիմնարկում վերանորոգման աշխատանքներ չէին իրականացվել: «Տուբերկուլյոզով հիվանդների համար պահանջվում են հարմարավետ պայմաններ, որպեսզի նրանք կարողանան շարունակական բուժում ստանալ: Այստեղ հիվանդների համար եվրոպական չափանիշերին համապատասխան պայմաններ են ստեղծված: Սա առաջին քայլն է. շուտով կսկսվի բուժհիմնարկի չորրորդ հարկի վերոնորոգումը, և առաջիկա 2 տարվա ընթացքում հակատուբերկուլյոզային դիսպանսերն ամբողջությամբ կվերանորոգենք»,- ասել է նախարարը:

Ըստ Քուշկյանի` վերջին տարիներին հանրապետությունում տուբերկուլյոզով հիվանդների թվի աճը պայմանավորված է ոչ թե հիվանդացության դեպքերի, այլ հետազոտությունների և բացահայտումների թվի ավելացմամբ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` յուրաքանչյուր տարի ամբողջ աշխարհում բազմադեղակայուն տուբերկուլյոզի 500 հազ. դեպք է գրանցվում: Այդ հիվանդությունից աշխարհում տարեկան   մահանում է 110 հազ. մարդ:

Դիտվել է 1485 անգամ:
Print Friendly

Leave a Reply