Նապոլեոնը չի նեղանա Հրայր Թովմասյանից կամ լրագրողները նախարարի զինակիցներն են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | January 17, 2011 17:26

Արդարադատության նորանշանակ նախարար Հրայր Թովմասյանն օրերս հրավիրված անդրանիկ ասուլիսում ներողություն հայցեց Նապոլեոնից, որ 100 օրը չլրացած՝ հաշվետվություն է ներկայացնում հանրությանը:

Նախարարն, ըստ էության, ոչ թե հաշվետվություն էր ներկայացնում, քանի որ՝ տոները հանած, աշխատել է ընդամենը 15 օր, այլ՝ այն ոլորտները, որոնք գլոբալ վերափոխումների կարիք ունեն:

Թովմասյանը խիստ կարևորում է ԶԼՄ-ների հետ աշխատանքը և գոհունակություն հայտնեց, որ լրագրողները սվիններով չեն ընդունել իր նշանակումը: «Թեպետ ինձ ասացին, որ դա երկար չի տևի, բայց ես չեմ ուզում հավատալ դրան»,- ասաց նա:

Նախարարին մտահոգում է  իր գլխավորած նախարարության վերաբերյալ մամուլում տեղ գտած ցանկացած հրապարակում, առաջարկություն կամ քննադատություն: «Դրանք բոլորը լինելու են իմ ուշադրության կենտրոնում, ավելին, նախարարությանը կից կստեղծվի մի կաբինետ, որը կզբաղվի հենց դրանով,- ասաց նա,- ես չեմ ուզում մամուլում կարդալ «ախչի, բա իմացա՞ր» երանգով գրված հրապարակումներ, թեպետ գիտեմ, որ  դրանք լինելու են»:

Թովմասյանը  լրագրողներին համարում է իր զինակիցները: «ԶԼՄ-ն ես համարում եմ օրգանիզմում առկա ֆունկցիոնալ խանգարումների մասին ուղեղին տեղեկատվություն հասցնող նյարդային համակարգ»,- ասաց նա:

Հանրությանը հետաքրքրում է ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի ճակատագիրը, քանի որ հենց նա պատճառ հանդիսացավ Արդարադատության նախարարի փոփոխությանը: «Նա իր արարքի համար կարգապահական տույժի արդեն է ենթարկվել,- մեկնաբանեց Թովմասյանը,-  Իսկ իրավական պետությունում անձին մի բանի համար երկու անգամ չեն պատժում: Եթե  աշխատանքը շարունակելու ընթացքում նոր  խախտում անի,  ապա նախորդ նկատողությունը հաշվի կառնվի»:

Թովմասյանն ասաց, որ չկան անլուծելի խնդիրներ. Կան այդ խնդիրները լուծել չցանկացող մարդիկ. «Ցանկացած խնդիր լուծում ունի, որը, միգուցե չի լինել լուծել մեկ օրում կամ մի տարում, սակայն կարելի է մշակել այն քայլերի ամբողջությունը, որը կտանի այդ խնդիրների լուծմանը»:

Առաջիկայում ամուսնության գրանցումը կդառնա 3-5 օր: Նախարարն ասաց, որ այս փոփոխությունը կատարվելու է քաղաքացիների կողմից ստացված միջնորդությունների հիման վրա: Կփոխվի նաև նոտարիատների լիազորությունները:

«Մեր նոտարները ամեն օր վավերացնում են միջինը 23 գործարք, որը միջին եվրոպական ցուցանիշից բարձր է երկու անգամ,- ասաց նախարարը,- դա նշանակում է, որ  նոտարիատի առաջ հերթեր  են գոյանում, որոնք դժգոհության պատճառ են: Դրանց թիվն աստիճանաբար ավելացվելու է, և գնալու ենք դեպի ազատականացված նոտարիատների»:

Ազատականացված նոտարիատ ասելով ենթադրվում է, որ  գործարքի կատարման ամբողջ բեռը չի ընկնի հաճախորդի վրա, և հաճախորդը իրավունք կունենա նոտարից պահանջելու գործարքի համար անհրաժեշտ այս կամ այն փաստաթուղթը:

Նախարարը հավաստիացրեց, որ ունենալու է մարդկանց մի խումբ՝ ոչ Արադարադատության համակարգի աշխատակիցներ, որոնք ժամանակ առ ժամանակ կայցելեն նախարարության ենթակայության տակ գտնվող այս կամ այն ծառայություն՝ պարզելու համար, թե ինչպիսին է քաղաքացու նկատմամբ վերաբերմունքը:

Նորանշանակ նախարարը համակարգի ամենաբարդ ու ոչ կարճամկետ իրականցվող փոփոխության ոլորտ է համարում ՔԿՀ-երը, որոնք թվով 12-են: Այս ոլորտում իրականացվող  բարեփոխումները նախարարը չի տեսնում նոր բանտերի կառուցմամբ, այլ գտնում է, որ գործող ռեժիմի փոփոխության անհրաժեշտություն կա:

«Պետք է դուրս գալ սովետական տիպի կազարմայական խցերից և անցնել մենախցերի, որոնք կհսկվեն տեսախցիկներով,- ասաց նա,- իսկ  կալանքի դերը պետք է մեծացվի»:

«Անկախի» հարցին, թե պատրաստվում են նոր շենքեր կառուցել ՔԿՀ-երում գերծանրաբեռնվածությունը թեթևացնելու նպատակով՝ Թովմասյանը պատասխանեց, որ դա ընդգրկված է 2009-2014թթ. ՔԿՀ բարեփոխումների ծրագրով, որով նախատեսված է 12  ՔԿՀ-ի փոխարեն ունենալ հինգ-վեց 1000-1200 տեղանոց  հիմնարկններ և որոնց  95 տոկոսը տեսաձայնագրվելու է:

«Սակայն ես կարծում եմ, որ գերբնակեցումը փոքրացնելու համար նոր գաղութ կառուցելը խնդրի լուծում չի,- ասաց Թովմասյանը,- կարելի է, օրինակ,  2-5 տարի ազատազրկումներ նախատեսած հանցագործությունների համար պատժաժամկետը փոխարինել կարճաժամկետ կալանքով»:

Այս տարի՝ նախարարի խոսքով, երկու ՔԿՀ-ներում, ամենայն հավանականությամբ կվերակառուցվեն Սևանի և Կոշի ՔԿՀ-երը, որի արդյունքում կբացվի 400 լրացուցիչ տեղ:

Ազատազրկման վայրերում կխստացվի բջջային հեռախոսների նկատմամբ հսկողությունը, քանի որ ազտազրկված անձն ունի սովորական հեռախոսով օգտվելու իրավունք, որոնք կան բոլոր ՔԿՀ-ներում: Ըստ նախարարի՝ եթե այդ ոլորտում ազատականացման խնդիր կա, դա չի կապվում բջջային հեռախոսների թույլատրման հետ, քանի որ այդ գործոնը չի սահմանափակում դատապարտյալի իրավունքը. բջջային հեռախոսները բանտերում՝ արգելված են ամբողջ աշխարհում:

Դիտվել է 1997 անգամ:
Print Friendly

Leave a Reply