Ռուսաստանը խնդրել է Հայաստանին Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կազմակերպման մրցավայր դառնալու հայտը հետ վերցնել
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | July 31, 2009 15:12
Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիան պայքարում է, որ այդ մարզաձևի 2010-ի Եվրոպայի առաջնությունն անպայման անցկացվի Երևանում. երեկ «Անկախ»-ին այդ մասին հայտնեց բռնցքամարտի ՀՀ ֆեդերացիայի առաջին փոխնախագահ, ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը: Նա նշեց, որ բռնցքամարտի Ռուսաստանի ֆեդերացիայան իր հերթին փորձում է այնպես անել, որ այդ ստուգատեսի մասնակիցներին հյուրընկալի Մոսկվան: Այդ կազմակերպությունը ևս համապատասխան հայտ է ներկայացրել:
«Ռուսաստանի ներկայացուցիչները հեռախոսով զրուցել են ինձ հետ և խնդրել, որ հնարավորության դեպքում Հայաստանը հանի Եվրոպայի առաջնության կազմակերպման մրցավայր դառնալու իր հայտը: Սակայն ես նրանց պատասխանել եմ, որ դա հնարավոր չէ, քանի որ այդպիսի մտադրություն չունեն ոչ միայն բռնցքամարտի ՀՀ ֆեդերացիայի, այլև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ղեկավարները»,-ասաց Գաբրիելյանը:
Բռնցքամարտի 2010-ի Եվրոպայի առաջնության մրցավայրի հարցը վերջնականորեն վճռվելու է սեպտեմբերի 10-ին` Իտալիայի Միլան քաղաքում կայանալիք Բռնցքամարտի Եվրոպայի ֆեդերացիայի համաժողովում:






Facebook
Tweet This
Email This Post
