ԿԳ նախարար. «Ցավում եմ, որ դա որոշ տեղերում բերում է չարաշահումների և դրամահավաքի»

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | January 17, 2011 16:06

«2011-ին ԿԳՆ-ն 120 մլն դրամ կհատկացնի սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին անվճար դասագրքերով ապահովելու համար»,-  այսօր հայտարարեց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Նախարարը նշեց, որ նախատեսում են 2012-ից տարրական դպրոցում անվճար տրամադրել նաև երաժշտության և օտար լեզուների դասագրքրերը` 1-4-րդ դասարաններում դրամահավաքը բացառելու համար:

«Անկախ»-ի հարցին ի պատասխան, թե եթե նախարարությունը գիտակցում է, որ կան դասագրքերի համար վճարելու անընդունակ ընտանիքներ, ապա ինչու են այդ նույն ընտանիքների երեխաներին պարտադրվում դպրոցական աշխատանքային տետրերը, որոնց արժեքը դասագրքերի արժեքից քառապատիկ ավել է, նախարարը  նշեց. «Աշխատանքային տետրեը կարևոր բաղկացուցիչ են ուսումնական գործընթացում, ցավում եմ, որ դա որոշ տեղերում բերում է չարաշահումների և դրամահավաքի»:

Աշոտյանը զարմացավ լրագրողի նկատառմանը, թե աշխատանքային տետրերը ծնողների համար ավելի մեծ ծախս են, քան դպրոցական դասագրքերը` նշելով, որ ինքը տեղյակ չէ տետրերի գներին:

«Չգիտեմ թե տետրերը ինչ արժեն: Հանրակրթության վարչության պետին կասես ինձ աշխատանքային տետրերի ցանկը տա»,- ասաց Աշոտյանը` դիմելով ԿԳՆ մամուլի քարտուղարին:

Նշենք, որ ԿԱԻ կողմից երաշխավորվող աշխատանքային տետրերի գինը 350-400 դրամ է (մինչդեռ դպրոցական դասագրքի տարեկան արժեքը կազմում է 300-350 դրամ): Յուրաքանչյուր առարկայից ամեն կիսամյակ աշակերտին պարտադրվում է 1-2 տետր` ընթացիկ աշխատանքային և ստուգողական աշխատանքների համար: Որոշ դեպքերում աշխատանքային տետրերը նաև ինքնանպատակ են. օրինակ, 9-րդ դասարանի հանրահաշվի ստուգողական աշխատանքների տետրի վրա նշված է, որ այն ուղեցույց է ուսուցիչների համար, մինչդեռ դպրոցները այդ տետրերը պարտադրում են գնել բոլոր աշակերտներին:

Դիտվել է 1831 անգամ:
Print Friendly

Leave a Reply