Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին անվճար դպրոցական հագուստ և կոշիկ կտրամադրվի

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | January 17, 2011 15:01

2011-ին Արմավիրի, Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի 70 համայնքներում  կհիմնադրվեն նախակրթական հաստատություններ, որտեղ նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն կունենա 2 հազարից ավել երեխա. այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Նա նշեց, որ այս տարի կամբողջանա նաև ավագ դպրոցների ցանկը. նախնական հաշվարկներով հանրապետությունում կգործի 104-105 ավագ դպրոց. դրանցից 14-15 պետք է ստեղծվեն այս տարի:

Կշարունակվի նաև դպրոցներում տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման ներդրման և ընդլայնման քաղաքականությունը. մինչև տարեվերջ համացանցին կմիանան ևս 414 դպրոցներ: Տարեվերջին 1358 դպրոց ապահովված կլինի ինտերնետով, ինչը կապահովի  հանրակրթության ոլորտում ինտերնետի ծածկույթի 93,5 տոկոսը:

ԿԳՆ-ն այս տարի կիրականացնի նաև պիլոտային ծրագիր Վայոց Ձորի մարզում. սոցիալական անապահովության նպաստ ստացող ընտանիքների երեխաներին անվճար կտրամադրվի դպրոցական հագուստ և կոշիկ, ինչը հնարավորություն կտա աստիճանաբար անցում կատարել միասնական դպրոցական համազգեստին:

Պատասխանելով հարցին, թե արդյոք այդ հագուստը դպրոցում տարբերակում չի առաջացնի աշակերտների միջև` ի ցույց դնելով, թե ով է նպաստ ստանում, Աշոտյանը նշեց, թե ընտանիքները կարող են հրաժարվել հագուստից` այն չի պարտադրվի:

Դիտվել է 1485 անգամ:
Print Friendly

Leave a Reply