Միջին դպրոցի ուսումնական ծրագիրը կբեռնաթափվի 15-20 տոկոսով

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | January 17, 2011 14:39

Մինչև օգոստոսի մեկը նախատեսվում է բեռնաթափել միջին դպրոցի հիմնական առարկաների ուսումնական ծրագրերը15-20 տոկոսով. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը` ներկայացնելով 2011-ի կրթության ոլորտի առաջնահերթությունները:

Նրա խոսքով` հանրակրթական ծրագրերի վերանայումը հնարավորություն կտա ուսումնական նյութն ավելի մատչելի դարձնել աշակերտների համար: Աշոտյանը նշում է, որ առարկայական ծրագրերից որոշ թեմաներ կբացառվեն, որոշներն ավելի թեթև կմատուցվեն:

Նախարարը նշում է, որ տարիներ շարունակ բոլոր  առարկաների  մասնագետները, իրենցը համարելով ամենակարևորը, առարկայական ծրագրում հնարավորինս շատ թեմա են ընդգրկել: Արդյունքում «ունենք ամենաբարդ հանրակրթական ծրագիրը Եվրոպայի տարածքում»: «Փոքրածավալ դասագրքով և քիչ ժամաքանակով փորձում ենք աշակերտներին հնարավորինս շատ բան սովորեցնել, ինչն իրատեսական չէ: Նպատակն է ունենալ իրատեսական ծրագիր, որ երեխաները և նրանց ծնողները չվախենան սովորելուց»:

Նախարարը նշում է, որ փոփոխությունները սկսում են միջին դպրոցից, քանի որ 2011-ը միջին դպրոցի նոր դասագրքերի մրցութային տարի է: «Եթե փորձը հաջողվի, ամեն տարի վերահրատարակվող գրքերի համար բեռնաթափման ծրագիր կիրականացնենք»:

Դիտվել է 1701 անգամ:
Print Friendly

Leave a Reply