Ծաղկաձորում պեղված գտածոները սեպտեմբերին կցուցադրվեն Օրբելի եղբայրների տուն-թանգարանում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | July 31, 2009 14:47
Կեչառիս եկեղեցական համալիրը

Կեչառիս եկեղեցական համալիրը

Ծաղկաձորի Կեչառիս եկեղեցու մոտակայքում հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերված ամրոցի և դամբարանադաշտի գտածո բացառիկ նմուշները սեպտեմբերին կներկայացվեն Ծաղկաձորում՝ Օրբելի եղբայրների տուն-թանգարանում:

Հնագիտական արշավախմբի ղեկավար Հուսիկ Մելքումյանն ասում է, որ հայտնաբերված ամրոցը վաղ միջնադարյան կառույց է. դրա մասին վկայում է  ճարտարապետական շարվածքը:

Հայտնաբերված նյութեղեն իրերը, սակայն, թվագրվում են 10-րդ դարի սկզբից մինչև 14-րդ դար: Դամբարանադաշտն ուրարտականից մինչեւ անտիկ ժամանակաշրջանի հնավայր է:

Նախորդ տարի հայտնաբերված բացառիկ նմուշները՝ կճուճով պղնձե բյուզանդական դրամները, ևս ցուցադրության կներկայացվեն:

Գտածոները կցուցադրվեն 1-2 ամիս, ապա կվերադարձվեն` ուսումնասիրությունների շարունակման և բացառիկ արժեք ունեցող հնավայրերի վերաբերյալ պատկերն ամբողջությամբ բացահայտելու համար:

Ֆինանսական միջոցների բացակայության պատճառով այս տարի ընդհատված պեղումները, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կվերսկսվեն 2010-ին. նպատակ կա հնավայրը վերածել բացօթյա թանգարանի:

Պատմամշակութային հուշարձանները և բնության հարուստ ժառանգությունը հանրությանը և զբոսաշրջիկներին ներկայացնելու նպատակով օգոստոսի 8-ին Սևանի վանքի տարածքում կտեղադրվեն բազմալեզու տեղեկատվական վահանակներ: Ծրագիրն իրականացնող «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիր» հկ-ի տնօրեն Ռիչարդ Նեյն ասում է, որ նման միջոցառումները կնպաստեն պատմական և տեսարժան վայրերի մեկնաբանմանը և Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը:

Դիտվել է 2053 անգամ:
Print Friendly

Leave a Reply