Հանրային խորհրդի`ՀՀ-ԼՂՀ համագործակցության հայեցակարգը կկանխի ռազմավարական սխալների կրկնումը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 31, 2009 14:00
hovhannes-hovhannisyan

Հովհաննես Հովհաննիսյան

«Ձեռք բերված ռազմական հաջողություններն Ադրբեջանի նկատմամբ հնարավոր չի լինի պահպանել, եթե դրանք չամրապնդվեն նաև տնտեսական հաջողություններով: Ազատագրված տարածքները պետք է բնակեցվեն, Ղարաբաղի յուրաքանչյուր բնակիչ իրեն ապահով պետք է զգա բոլոր առումներով՝ թե´ տնտեսական, թե´ ռազմական».- այսօր ասաց Հանրային խորհրդի (ՀԽ)Քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ երբ 1994-ի ռազմադադարից հետո Ղարաբաղը դադարեց լինել բանակցող կողմ, Հայաստանը ռազմավարական սխալ թույլ տվեց. «Ղարաբաղը պետք է փաստաթղթով լիազորեր Հայաստանին իր անունից բանակցություններ վարել»:

ՀՀ-ԼՂՀ համագործակցության հայեցակարգը, որը առաջիկայում մշակելու է ՀԽ-ն, ըստ Հովհաննիսյանի, թույլ կտա խուսափել նման ռազմավարական սխալներից:

Հովհաննիսյանն ասում է, որ հայեցակարգի միջոցով հնարավոր կլինի լուծել նաև Ղարաբաղում առկա մի շարք խնդիրներ.«Ղարաբաղը կարող է արտադրել իր պահանջարկից 2-3 անգամ ավել հացահատիկ, միայն թե պետք է արտահանման խնդիրը լուծել»:

Մադրիդյան սկզբունքները, Հովհաննիսյանի կարծիքով, Ղարաբաղի բանակցային գործընթացում բոլորովին էլ վերջակետը չեն. դրանք պետք է վերամշակվեն և կատարելագործվեն:

«Մադրիդյան բանաձևն  առաջընթաց է դրանից առաջ եղած բանաձևերի համեմատությամբ, սակայն այն դեռևս մշակման կարիք ունի»,- ասում է Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ Մադրիդյան սկզբունքներում այլևս չի խոսվում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, ինչը ձեռքբերում է: «Սակայն զիջումների հիմնական բեռը դրված է Ղարաբաղի վրա, ինչն անընդունելի է,- ասում է Հովհաննիսյանը,-Ղարաբաղը չունի օկուպացված տարածքներ, որ հանձնի: Ընդհակառակը՝ Ադրբեջանի կողմից օկուպացված են պատմական Ղարաբաղի մի շարք տարածքներ»:

Հովհաննիսյանը Մադրիդյան սկզբունքների թերի կողմ է համարում նաև այն, որ փաստաթուղթը հայկական կողմին պարտադրում է բացել Ադրբեջան-Նախիջևան երկաթգիծը, մինչդեռ Ադրբեջանից չի պահանջում բացել ՌԴ-Հայաստան երկաթգիծը:

«Սկզբունքներին հետևելու դեպքում փոխզիջումները վերածվելու են միակողմանի զիջումների Հայաստանի կողմից»,- ասում է Հովհաննիսյանը:

Դիտվել է 1497 անգամ:
Print Friendly

Leave a Reply