Հայաստանի 4.248 ընտանիքում կպարզեն` ինչ ազդեցություն է ունեցել ճգնաժամը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 31, 2009 13:52

Հարցաթերթիկի օրինակ

ՀՀ 11 մարզերում, այդ թվում` Երևանում, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հաշվետարները կայցելեն 4.248 տնային տնտեսություններ` պարզելու` ինչ ազդեցություն է ունեցել ընտանիքների վրա ճգնաժամը:

9 էջանոց հարցաթերթիկները կլինեն անանուն, իսկ հաշվետարները կակնկալեն անկեղծ պատասխաններ: Թե հետազոտության պատկերն ինչպիսին կլինի, պարզ կդառնա աշնանը, երբ հրապարակվեն դրանք:

Հետազոտության համատեղ ծրագիրն իրականացնելու են ՀՀ կառավարությունը` ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ: Այսօր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ստորագրվեց ծրագրի իրականացման փաստաթուղթը` նախարարության, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության միջև:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հացերի նախարար Գևորգ Պետրոսյանն ասաց, որ տնտեսական ճգնաժամը մարտահրավերներ է նետել աշխարհի բոլոր երկրներին, այդ թվում` Հայաստանին: Ճգնաժամի ազդեցությունը, ըստ նախարարի, ամենից առաջ զգում են հասարակության խոցելի խմբերը, ինչին նպաստում է անհավասար մրցակցային պայմաննները:

«Հետազոտությունը մեծապես կնպաստի` բացահայտելու սոցիալական ոլորտում ճգնաժամի ազդեցության չափը, հետևանքները: Այն ինքնանպատակ չէ, շարունակական բնույթ է կրելու, և գործընթացը մշտապես նախարարության ուշադրության կենտրոնում կլինի»,-ասաց նախարարը`հուսալով, որ ծրագիրը կնպաստի ճգնաժամի սոցիալական հետևանքների բացահայտմանը, կանխարգելմանն ու հաղթահարմանը:

ՄԱԿ-ի մշտական համակարգող Կոնսուելո Վիդալը նշեց, որ իրենք պատրաստակամ են  աջակցել ՀՀ կառավարությանը, բայց «պետք է հասկանալ, թե որ ոլորտին առավել շատ պետք է ուղղվեն  քայլերը»:

Հետազոտությանն աջակցում են նաև ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակը, ՄԱԿ-ի Բնակչության, Մանկական, և Արժույթի միջազգային հիմնադրամները:

Դիտվել է 1181 անգամ:
Print Friendly

Leave a Reply