Պաշտպանության նախարարության իրավապահ մարմինների խորհրդակցություն

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 15, 2011 15:58

ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվել է նախարարության իրավապահ մարմինների 2010 թվականի աշխատանքների ամփոփիչ խորհրդակցություն: Զեկույցով  հանդես են եկել ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արամ ՏԵր-Սահակյանը, քննչական վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր ելույթում նշել է, որ զինված ուժերում հանցագործությունները նվազեցնելու համար առավել մեծ աշխատանք պետք է տանել կանխարգելման ուղղությամբ` շեշտը դնելով դաստիարակության լավագույն մեթոդների կիրառման, զինծառայողների մասնագիտական գիտելիքների կատարելագործման և զինվորական բարեկրթության պահպանման վրա: Նախարարն ասել է, որ կարգապահության հարցերը 2011 թվականի առաջին կիսամյակում լինելու են պաշտպանության նախարարության ղեկավարության հատուկ ուշադրության ներքո, որպեսզի բոլոր խնդիրներն իրենց հիմնավոր լուծումները ստանան` բարձրացնելով զինված ուժերում կարգապահության մակարդակը:

Անդրադառնալով վերջին շրջանում հանրային հնչեղություն ստացած` զորամասի հրամանատարի և մի խումբ քաղաքացիների միջև տեղի ունեցած միջադեպին` ՀՀ պաշտպանության նախարարը մասնավորապես ասել է. «Ունենալով արցախյան պատերազմին մասնակցի մարտական ուղի` ես առանձնահատուկ հարգանք ունեմ պատերազմի բոլոր մասնակիցների նկատմամբ: Սակայն կարծում եմ, որ արցախյան պատերազմի մասնակից լինելը նաև շատ պարտավորեցնող է, և բնական է, որ մեր հասարակությունը ակնկալում է, որպեսզի պատերազմին մասնակից սպաները իրենց վարքով ու գործողություններով լինեն օրինակելի:

Մենք այսուհետ ևս անհանդուրժող կերպով ենք արձագանքելու ցանկացած օրինախախտման, որպեսզի մեր նահատակված ընկերների կյանքի գնով ձեռքբերված հաջողությունները լինեն շարունակական, իսկ այն ապահովող բանակը` կարգապահ: Զինված ուժերում գործող կանոնակարգերը բոլորի համար են և ենթակա են պարտադիր կատարման»:

Ելույթով հանդես են եկել նաև պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Վլադիմիր Գասպարյանը և ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը:

Դիտվել է 1111 անգամ:
Print Friendly

Leave a Reply