ԱՄՆ Կոնգրեսի 82 անդամներ նամակ են հղել նախագահ Օբամային
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | July 31, 2009 13:26
Կոնգրեսականներ Ֆրանկ Փալոնեն, Մարկ Քըրքը, Ադամ Շիֆը և Ջորջ Ռադանովիչը մի խումբ օրենսդիրների հետ մեկտեղ նամակ են հղել նախագահ Բարաք Օբամային`ընդգծելով Թուրքիայի ձախողումը` Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումն առանց նախապայմանների ի կատար ածելու գործում:
«Մենք Ձեզ գրում ենք այն մտահոգություններով, որ Թուրքիան հետընթաց քայլեր է կատարում` «Ճանապարհային քարտեզի» առնչությամբ Հայաստանի ու Թուրքիայի միջև ձեռք բերված համաձայնությունների շրջանակներում».-ասված է նամակում` շեշտելով, որ հարաբերությունների կարգավորումը պետք է լինի խելամիտ ժամանակամիջոցում և առանց նախապայմանների:
Նամակում միաժամանակ ընդգծված է Հայաստանի կառուցողական մոտեցումն այս հարցում, և բարձրացված է Թուրքիայի հետադիմական գործողությունները:
«Մինչ Հայաստանի կառավարությունը շարունակում է մնալ հավատարիմ «Ճանապարհային քարտեզ»-ին և փորձում է եզրեր գտնել Թուրքիայի հետ հարաբերություններում, առանց նախապայմանների, Թուրքիայի հանրային հայտարարությունները և գործողությունները` սկսած Ապրիլի 24-ից, ընդգծված կերպով հակասում են համաձայնագրին և խարխլում ԱՄՆ քաղաքական դիրքորոշումը. այն է` կարգավորումը պետք է տեղի ունենա առանց նախապայմանների».ասված է նամակում:
Ամերիկայի Հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին նշել է, որ Թուրքիան կտրուկ մերժում է Հայաստանի առաջարկները` հարաբերությունների բարելավման շրջանակներում: Նա ավելացրել է, որ իրենք համաձայն են Վարչակազմի այն դիրքորոշման հետ, որ պետք է տարանջատել հարաբերությունների բարելավման հարցը Ցեղասպանության ճանաչման հարցից:






Facebook
Tweet This
Email This Post
