ՔԶՀԿ Ֆրանսիայի մասնաճյուղի տնօրենը Ժնևում խոսել է Ջուղայի խաչքարերի ոչնչացման մասին

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | January 15, 2011 9:47

2011թ. հունվարի 13-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում կայացավ Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (World Intellectual Property Organization – WIPO) կողմից կազմակերպված “Մտավոր սեփականության տնտեսություն” (“The economics of Intellectual Property”) թեմայով գիտաժողովների շարքի հերթական հանդիպումը: Հրավիրված էին շուրջ 40 երկրների, այդ թվում` Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Ռուսաստանի, ինչպես նաև մի շարք աֆրիկյան և արաբական երկրների կառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հայաստանը ներկայացնում էր Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի Ֆրանսիայի մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Սասուն Հովհաննիսյանը:
WIPO կազմակերպության գլխավոր տնտեսագետ Կարստեն Ֆինկի բացման խոսքից հետո զեկույցով հանդես եկավ Օքսֆորդի համալսարանի դասախոս, պրոֆեսոր Քրիստին Գրինհալխը, որին հաջորդեցին գիտաժողովի մասնակիցների ելույթներն ու հարցերը:

Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի Ֆրանսիայի մասնաճյուղի տնօրեն Սասուն Հովհաննիսյանն իր ելույթի սկզբում անդրադարձավ Հայաստանում մտավոր սեփականության ոլորտում իրականացված բարեփոխումներին` ընդգծելով միջազգային փորձի ներդրման զարգացման անհրաժեշտությունը:
Հովհաննիսյանի ելույթի մեծ մասը վերաբերում էր Ադրբեջանի կողմից Հին Ջուղայի խաչքարերի ոչնչացման` որպես հայ մտավոր սեփականության ոչնչացման փաստին:
“2005թ. դեկտեմբերին ադրբեջանցիների կողմից պետական մակարդակով կազմակերպված հանցագործության հետևանքով վերջնականապես ոչնչացվեցին Նախիջևանի Հին Ջուղայի գերեզմանոցի ավելի քան 5000 խաչքարեր` հայ բարձրարվեստ մշակույթի ինքնատիպ կոթողները, հայ ազգի մտավոր սեփականությունը”, նշեց Սասուն Հովհաննիսյանը, ավելացնելով, որ փաստին քաղաքակիրթ մարդկությունը դեռ իր գնահատականը չի տվել. “Ցավալի է, որ նավթադոլլարների շահերն են փոշիացնում մշակութային հարստությունը”:

Դիտվել է 1525 անգամ:
Print Friendly

Leave a Reply