Կբարեփոխվի շենքերի կառավարման առկա համակարգը

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | January 14, 2011 23:48
Բազմաբնակարան շենքերի կառավարման, շահագործման և սպասարկման ռազմավարական ծրագրի հիմնական մոտեցումները ձևակերպելու և հստակեցնելու նպատակով քաղաքապետարանում կազմակերպվել էր աշխատանքային քննարկում, որին մասնակցում էին համատիրությունների նախագահներ, ոլորտի խնդիրներով զբաղվող ՀԿ-ների և կառավարության կողմից ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի ներկայացուցիչներ։
Քննարկումը վարող փոխքաղաքապետ Կամո Արեյանը նախ ներկայացրեց վերոնշյալ խնդրի մասով Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի մոտեցումը` համաձայն որի պետք է պետականորեն աջակցել և խրախուսել համեմատաբար արդյունավետ աշխատող համատիրություններին՝ միաժամանակ  բարեփոխելով շենքների կառավարման առկա համակարգը։
Նշվեց, որ կառավարության նախաձեռնած հնգամյա ռազմավարական  ծրագրով նախատեսվում է  շենքերի կառավարման նոր մոդելի ձևավորում: Ըստ այդմ, օրենքով սահմանված կարգով, յուրաքանչյուր շենքում սեփականատերերի ժողովը կընտրի կառավարիչ, ով կունենա առևտրային գործունեությամբ զբաղվելու իրավասություն: Վերջինս պարտավոր է լուծել շենքի նորոգման և սպասարկման խնդիրները, իսկ այդ նպատակով օգտագործվելիք միջոցները կգոյանան ինչպես վարձավճարների գանձումից, այնպես էլ բազմահարկ շենքի ընդհանուր բաժնային սեփականության արդյունավետ կառավարումից։ Փոխքաղաքապետը հավելեց, որ բնակֆոնդի կառավարման նոր մոդելի ներդրումը ենթադրելու է օրենսդրական փոփոխություններ և որ ներկայացվող ծրագիրը մշակվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ՝ հիմնված մեր երկրում կատարված ուսումնասիրությունների և Արևելյան Եվրոպայի երկրների փորձի վրա։
Կամո Արեյանը նաև ընդգծեց, որ թեև  բնակֆոնդի պահպանումն ու վերանորոգումը բնակարանների սեփականատերերի պարտականությունն է, այնուամենայնիվ, առաջարկվող ծրագրով  նախատեսվում է նաև պետական աջակցություն, որը կլինի նպատակային լրավճարների ձևով։ Ծրագրի մեկնարկը կտրվի արդեն այս տարվանից, ընդ որում` արդեն իսկ նախատեսված են 2011-2012թթ.-ին միանվագ պետական  ֆինանսավորմամբ շենքերի ենթակառուցվածքների վերականգնման միջոցառումներ։ Պետական սուբսիդավորման մեխանիզմը կներդրվի 2014թ.-ից։ Համաձայն ծրագրի` նախատեսվում է ներդնել նաև բնակարանային նպաստի ծրագիրը, որը կհատկացվի սոցիալապես անապահով խավերին։
Համատիրությունների նախագահները ծրագրի վերաբերյալ ներկայացրին իրենց մտահոգություններն ու առաջարկները, որոնց մասով փոխքաղաքապետը տվեց պարզաբանումներ։ Քննարկման արդյունքներն ամփոփելով` Կամո Արեյանը համատիրությունների նախագահներին ու հասարակական կազմակերպություններին հորդորեց լինել ակտիվ և գրավոր առաջարկներ ներկայացնել խնդիրը լուծելու վերաբերյալ։ Վերջնական շտկումներից հետո Բնակելի ֆոնդի կառավարման ռազմավարական ծրագիրը կներկայացվի կառավարության հաստատմանը։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Դիտվել է 1114 անգամ:
Print Friendly

Leave a Reply