Հայաստանը 2009-20011թթ. կօգտվի GSP+ համակարգի արտոնյալ պայմաններից

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | July 31, 2009 13:43

Ձախից` Վահե Դանիելյան

Այս տարվա հունվարի 1-ից Հայաստանն օգտվում է «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգից» (GSP+)։ «Ապրանքներ կան, որոնք մաքսազերծվում են որոշակի տոկոսով`կախված  արժեքից,- այսօր ասաց էկոնոմիկայի փոխնախարար Վահե Դանիելյանը,- որոշներն էլ՝ քաշից կախված»:

GSP+ համակարգից օգտվող երկրները հնարավորություն ունեն մոտ 6400 անուն ապրանքատեսակներ ԵՄ շուկա արտահանել զրոյական կամ զգալիորեն նվազեցված մաքսատուրքերով, օրինակ`  ծխախոտի համար նախատեսված է մաքսատուրքի կրճատում մինչ 52 տոկոս, բնական հյութեր՝ 30 տոկոս, մրգեր՝ 20 տոկոս և այլն:

ԵՄ «Տեխնիկական աջակցության և տեղեկատվության փոխանակման գործիք» (TAIEX) ծրագրի շրջանակներում կազմակերպված աշխատաժողովի նպատակն է հայ տնտեսվարողին հասու դարձնել GSP+ -ի արտոնությունները:

«Ամբողջ խնդիրն այն է, որ ոչ մի երկրի մաքսային ծառայություն պարտավոր չէ ներմուծող տնտեսվարողին, տվյալ դեպքում՝ հայ տնտեսվարողին բացատրել GSP+ առավելությունը,- ասում է Դանիելյանը,- ինքը մաքսազերծում է ստանդարտ ռեժիմով: Ներմուծողը պիտի մաքսազերծողից պահանջի, որպեսզի իր արտադրանքի նկատմամբ կիրառվի արտոնյալ ռեժիմ»:

GSP+ համակարգին, հարավկովկասյան 3 երկրներից բացի, անդամակցում են լատինաամերիկյան և արևելյան Ասիայի մի քանի երկրներ՝ թվով 16, որոնք համարվում են զարգացող երկրներ:

Դանիելյանը կարևորում է, որ հայ տնտեսվարողը պատրաստված լինի ոչ միայն իրավական, այլև ռեժիմի մասին ինֆորմացիայի առումով: «Կարևոր է նաև, որ ավելի մեծ թվով տնտեսվարողներ իմանան արտոնյալ պայմանների մասին,- ասում է Դանիելյանը,-Նրանք կարող են ԵՄ շուկա պոտենցիալ արտահանող դառնալ»:

GSP համակարգը աշխարհում ստեղծվել է 1968թ. ՄԱԿ-ի կողմից: Կան մի քանի GSP համակարգեր, որոնիցից ամենալայնը գործում է ԵՄ-ի շրջանակներում: Համակարգի մեջ ընդգրկված է 176 երկիր:  GSP ներկա ծրագիրը գործում է 2006-2015թթ. համար: Եռամյա GSP+-ն ընդգրկում է 2009-2011թթ. ժամանակահատվածը:

Դիտվել է 1336 անգամ:
Print Friendly

Leave a Reply