ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը եւ պատասխանները հարցերին արտաքին քաղաքական տարվա ամփոփմանը նվիրված ասուլիսին

Հարցազրույց | | January 14, 2011 23:10

Հարգելի լրագրողներ,

Տիկնայք եւ պարոնայք,

Նախ շնորհավորում եմ բոլոր ներկաների Ամանորն ու Սուրբ Ծնունդը, մաղթում եմ, որ 2011 թ. հաջող տարի լինի, ձեր, ձեր ընտանիքների, մեր երկրի համար:

Այսօր, մեր ասուլիսի առիթը ավանդաբար նախորդ տարվա արտաքին քաղաքականության ամփոփումն է:

Հավանաբար տեղյակ եք անցյալ տարեվերջին Հանրային Հեռուստատեսությանը իմ տված հարցազրույցին, որտեղ որոշ իմաստով արդեն ամփոփված է անցած տարվա արտաքին քաղաքականությունը: Հարցազրույցի սղագրությունը տեղադրված է ԱԳՆ կայքում, կարող եք օգտվել:

Իմ խոսքում ես կկենտրոնանամ առավել կարեւոր իրադարձությունների վրա, իսկ նախարարության մանրամասն հաշվետվության մեջ, որ ձեզ կառաքվի, արդեն առավել ծավալուն տեղեկատվություն կգտնեք:

Հանրապետության Նախագահի արտաքին քաղաքականության սահմանած ուղենիշների եւ հանձնարարականների հիման վրա 2010 թվականին արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են եղել պետության զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, երկրի հեղինակության ամրապնդմանը, արտերկրում Հանրապետության և նրա քաղաքացիների շահերի պաշտպանության արդյունավետության բարձրացմանը, միջազգային ասպարեզում Հայաստանի դիրքորոշումների ներկայացմանը, միջազգային կազմակերպություններում և գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը, ինչպես նաև հարաբերությունների կարգավորմանը այն երկրների հետ, որոնց հետ գոյություն ունեն խնդիրներ:

Հայաստանի դիվանագիտության կողմից ձեռնարկված ջանքերի շնորհիվ արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում առավել ակնհայտ դարձավ, որ ՀՀ մոտեցումները համահունչ են միջազգային հանրության դիրքորոշումներին, ինչը արտահայտվեց Աստանայի ԵԱՀԿ գագաթաժողովին դեկտեմբերի 1-ի հնգակողմ հայտարարությամբ, Մեծ ութնյանի գագաժողովի շրջանակներում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների հունիսի 26-ի Մուսկոկայի հայտարարությամբ, Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հոկտեմբերի 27-ի Աստրախանի հռչակագրով, Ալմաթիի ԵԱՀԿ անդամ պետությունների նախարարների հանդիպման շրջանակներում ընդունված Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների  հուլիսի 17-ի հայտարարությամբ:

Տարվա ընթացքում Հանրապետության Նախագահն այցելեց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բոլոր մշտական անդամ երկրներ, հանդիպումներ ունեցավ այդ երկրների ղեկավարության հետ:

Անցնող տարին նշանավորվեց հայ-ռուսական դաշնակցային եւ ռազմավարական հարաբերությունների առավել ամրապնդմամբ, որի գագաթնակետն էր Ռուսաստանի Նախագահ Մեդվեդեւի պետական այցը Հայաստան, բանակցությունները Հայաստանի Նախագահ Սարգսյանի հետ, այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները  եւ ստորագրված փաստաթղթերը:

2010 թ. որակական նոր մակարդակի բարձրացան Հայաստանի հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, ինչը հատկապես նշանավորվեց Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի այցելությամբ Վաշինգտոն, հանդիպումով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, ինչպես նաեւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի երեւանյան այցելությամբ:

Մեկնարկեցին Եվրոպական Միության հետ ասոցիացման համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունները, որոնցում էական առաջընթաց է արձանագրվել: Դրանց արդյունքում էապես նոր հիմքի վրա կդրվի Հայաստանի եւ ԵՄ միջեւ համագործակցությունը: Մերձեցումը եվրոպական ընտանիքին շարունակում է հանդիսանալ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը:

Շարունակվել է բազմաբովանդակ համագործակցությունը հարեւան Վրաստանի ու Իրանի հետ: Հիմքեր են դրվել այդ երկրների հետ ռազմավարական կարեւորագույն նշանակության ծրագրերի իրագործման համար:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Հայաստանի կողմից վարվող քաղաքականությունը լիակատար ըմբռնում եւ աջակցություն ստացավ միջազգային հանրության կողմից:

Շարունակվել են նպատակաուղղված քայլերը ասիական երկրների, մասնավորապես` Չինաստանի, Հնդկաստանի եւ Ճապոնիայի հետ փոխշահավետ համագործակցության զարգացման համար:

Տարվա ընթացքում ակտիվ քայլեր են ձեռնարկվել արաբական երկրների հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ:

Ջանքեր են գործադրվել լատինաամերիկյան երկրների հետ համագործակցության առավել ընդլայնման ուղղությամբ:

Հայաստանն ակտիվորեն ներգրավված է եղել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում ընթացող համագործակցության մեջ, Երեւանում եւ Սեւանում կայացել են կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների հանդիպումները:

Հայաստանը ինտենսիվորեն մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության եւ ԵՎՐԱԶԵՍ-ի գործունեությանը, եւ այդ կազմակերպությունների շրջանակներում տեղի ունեցող գործընթացներին:

Հաջողությամբ իրականացվել է ՆԱՏՕ-ի հետ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը:

Հայաստանը շարունակել է իր մասնակցությունը միջազգային խաղաղապահ գործողություններին:

Շարունակվել է մասնակցությունը ՄԱԿ-ի եւ միջազգային այլ կազմակերպությունների գործունեությանը, ակտիվ ներգրավվածությունը ահաբեկչության եւ այլ մարտահրավերների դեմ միջազգային հանրության պայքարում:

Հարավային Կովկասում կայունության, համագործակցության, անվտանգության ու խաղաղության հաստատումը հանդիսացել է արտաքին քաղաքականության առանցքային խնդիրներից մեկը: Հայաստանը ջանքեր է գործադրել կայուն եւ անվտանգ տարածաշրջանի կայացման գործում:

Արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչը շարունակել է կարեւոր տեղ զբաղեցնել մեր օրակարգում` ինչպես առանձին երկրների հետ երկկողմ, այնպես էլ` միջազգային կառույցների եւ ֆինանսական ինստիտուտների հետ բազմակողմ դիվանագիտության հարթություններում: Տասնյակ երկրների հետ միջկառավարական առեւտրատնտեսական հանձնաժողովների աշխատանքների շարունակման արդյունքում ձեռք են բերվել տնտեսական հետագա համագործակցության ծավալման պայմանավորվածություններ, նախանշվել են նոր ծրագրեր:

Շարունակվել է միջազգային համագործակցությունը մշակութային եւ կրթական ոլորտներում:

Արտգործնախարարությունն իր աջակցություն է բերել Հայաստանի այլ պետական կառույցներին` արտաքին կապերի զարգացման գործում:

Տեղի են ունեցել բազմաթիվ փոխայցելություններ, քաղաքական խորհրդատվություններ, հանդիպումներ եւ միջոցառումներ միջպետական, միջգերատեսչական եւ ապակենտրոնացված մակարդակներով, ձեռք են բերվել պայմանավորվածություններ, կնքվել են շուրջ յոթանասուն միջազգային պայմանագրեր, որոնք լավ հիմք կարող են հանդիսանալ երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունների հետագա խորացման համար:

Արտաքին քաղաքականության օրակարգում էր Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը: Ցեղասպանության 95-րդ տարելիցի կապակցությամբ շուրջ չորս տասնյակ երկրներում անց են կացվել միջոցառումներ, որոնց իրենց աջակցությունն են ցուցաբերել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները:

2010 թ. բացվեց ԱԳՆ դիվանագիտական դպրոցը, որը շուտով կտա իր առաջին շրջանավարտներին: Եւ արդեն հայտարարվել է երկրորդ ընդունելությունը:

Փոփոխության ենթարկվեց Դիվանագիտական ծառայության մասին օրենքը, նախարարությունում կատարվեցին կառուցվածքային փոփոխություններ:

Անցած տարի  7 երկրներում բացվեցին ՀՀ դեսպանություններ (Քուվեյթ, Չեխիա, Իսպանիա Ճապոնիա, Բրազիլիա, Իրաք, Նիդեռլանդներ):

Շարունակվել են աշխատանքները միջազգային հանրային կարծիքի ձեւավորման ուղղությամբ: ՀՀ Նախագահն ու արտգործնախարարը ելույթներ են ունեցել աշխարհի հեղինակավոր քաղաքագիտական կենտրոններում, հարցազրույցներ են տվել միջազգային առաջատար լրատվամիջոցներին:

Հանրապետության նախագահը կատարել է 22 օտարերկյա այց, Հայաստան է ժամանել այլ երկրների 6 ղեկավար: ԱԺ նախագահը 9 այցելություններ է կատարել արտերկիր: Վարչապետը 8 օտարերկրյա այցելություններ է ունեցել, Հայաստան է այցելել օտարերկրյա 3 կառավարության ղեկավար, ԱԳ նախարարը 24 այցելություն է կատարել, Երեւան է ժամանել  14  երկրի արտգործնախարար եւ 5 միջազգային կազմակերպությունների ղեկավար:

Ակտիվ եւ նախաձեռնողական արտաքին քաղաքականության շնորհիվ միջազգային ասպարեզում Հայաստանը շարունակեց իր դիրքերի ամրապնդումը որպես  կանխատեսելի եւ վստահելի գործընկեր:

Թույլ տվեք մեկ անգամ եւս շնորհավորել Ձեզ անցած տոների կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ համագործակցություն նոր` 2011 թվականին:

Պատրաստ եմ պատասխանել ձեր հարցերին:

«Արմինֆո» լրատվական գործակալություն, երկու կարճ հարց ունեմ: Թուրքիայի վարչապետի կարգադրությունը, որը կապված է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը խորհրդանշող հուշարձանի ապամոնտաժելուն, եւ երկրորդ հարցը՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ հնարավոր հանդիպման վերաբերյալ:

Էդվարդ Նալբանդյան: Երկկողմ հարաբերությունների կարգավորման շինությանը նոր քար ավելացնելու փոխարեն այդ կարգի հայտարարությունները եւ գործողությունները կարող են միայն վնաս հասցնել: Միջազգային հանրությունը չի մոռացել այդ կարգի վերջին հայտարարությունները եւ սրանց ավելանում է նորը: Միայն կարելի է ափսոսանք հայտնել:

Ինչ վերաբերվում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախարարների հնարավոր հանդիպմանը մոտ ապագայում, ապա, այո, Ռուսաստանի ԱԳ նախարարի նախաձեռնությամբ այդպիսի հանդիպում նախատեսված է այս ամսվա 24-ին Մոսկվայում, հնարավոր է, որ մյուս ամսվա սկզբին հանդիպում կայանա նաեւ եռանախագահների հետ:

Агентство Панармениан.нет, господин министр, как вы думаете азербайджанская истерика может ли испугать людей которые посещают Нагорный Карабах, спасибо.

Էդվարդ Նալբանդյան: Նախ եւ առաջ կցանկանայի ողջունել բոլոր նրանց, ովքեր այցելում են Արցախ, չնայած նրան, որ ադրբեջանցիները ասում են, որ մի գնացեք, մի տեսեք, հալած յուղի պես ընդունեք ինչ որ մենք ենք ասում Ղարաբաղի մասին եւ եթե գնաք persona non grata կհայտարարենք ձեզ: Չնայած անհասկանալի  այս մոտեցմանը թե լրագրողներ, թե քաղաքական, թե մշակութային գործիչներ այցելում են Ղարաբաղ, որ տեսնեն իրենց աչքով իրականությունը: Բաքվի այս մոտեցումը միգուցե այդքան էլ անհասկանալի էլ չէ:  Ադրբեջանը փորձում է թաքցնել իրենց սուտը, իրենց կեղծիքը Ղարաբաղի մասին, Ղարաբաղում կատարված իրենց հանցագործությունները: Իսկ ինչո՞ւ չեն թողնում Նախիջեւան գնալ, Նախիջեւանն էլ իրենց հսկողության տակ է գտնվում: Միգուցե որ չտեսնեն ջախջախված, քանդված խաչքարերը, ոչնչացված հայկական մշակութային ժառանգությունը: Այն մեծ, շատ կարեւոր ներկայությունը հայկական մշակութային ժառանգության, որը գոյություն ունի Նախիջեւանում: Միգուցե նրանք, ովքեր այցելեն հարց տան «բա ո՞ւր է այս ժողովուրդը» եւ ինչ պատճառով այստեղ չէ: Այս քաղաքականությունը չեմ կարծում, որ հեռատես քաղաքականություն է եւ կարող է տալ Բաքվի կողմից սպասված արդյունքներ:

Հանրային Ռադիո, Պարոն նախարար Դուք նշեցիք Ձեր խոսքում, որ անցյալ տարի մի շարք երկրներում դեսպանություններ բացվեցին, մասնավորապես Իրաքում: Ի՞նչ կարելի է անել Իրաքի հետ հարաբերությունների զարգացման տեսանկյունից:

Էդվարդ Նալբանդյան: Ողջունելի է, որ դեկտեմբեր ամսի վերջին Իրաքի խորհրդարանը միաձայն հաստատեց կառավարության կազմը՝ Նուրի ալ-Մալիկիի գլխավորությամբ եւ այդ կառավարությունը հնարավոր քայլեր է ձեռնարկում կայունության հաստատման եւ երկրի վերակառուցման գործում: Այս իմաստով Հայաստանը շահագրգռվածություն ունի իր մասնակցությունը բերելու Իրաքի վերակառուցմանը: Եվ Հայաստանի դեսպանության բացումը  Բաղդադում հենց այս նպատակին է նաեւ ծառայելու: Սրա մասին էինք մենք խոսել նաեւ մեր հանդիպման ընթացքում Իրաքի արտգործնախարար Զեբարիի հետ դեռ սեպտեմբեր ամսին, սրա մասին է խոսել Բաղդադում նշանակված մեր նոր դեսպանը Իրաքի բարձրագույն ղեկավարության հետ եւ իր այցելությունների ընթացքում Իրաքի տարբեր շրջաններ:

Հայաստանի Հանրապետություն: Պարոն նախարար տեղի է ունենում Հարավային Սուդանի անկախության հանրաքվեն եւ կան տեսակետներ, որ այն կարող է ամրագրվել որպես ինքնիշխան պետություն: Ո՞րն է ձեր տեսակետը ինչպես հանրաքվեի այնպես էլ նախադեպային գործում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերաբերյալ: Շնորհակալություն:

Էդվարդ Նալբանդյան: Գիտեք, որպես նախադեպ Լեռնային Ղարաբաղի համար կարծեմ պակաս չկա: Դա ուղղակի վերջին օրինակներից մեկն է, որովհետեւ եթե վերցնենք 192 ՄԱԿ-ի անդամ երկրներին, դրանց մեծամասնությունը կարող են օրինակ ծառայել եւ նախադեպ ծառայել հենց Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման համար: Այն ինչ կատարվում է Հարավային Սուդանում եւս մեկ անգամ ցույց տվեց, որ ժողովրդի կամքին դեմ գնալով, բռնության կամ ժողովրդի ոչնչացման գնով խոչընդոտել ինքնորոշման իրավունքի իրականացմանը անհնար է: Եվս մեկ ապացույց է եւ ակնհայտ է, թե միջազգային հանրությունը ինչ ճանապարհով է ընթանում:

Ժամանակ, Էմմա Գաբրիելյան: Պարոն Նալբանդյան արդեն նշել եք, պաշտոնական Երեւանը Աստանայի գագաթնաժողովից հետո հայտարարել է, թե Հայաստանի մոտեցումները համահունչ են միջազգային հանրության հետ ԼՂ հարցում, մինչդեռ հայտնի է, որ միջազգային հանրությունը հիմք է ընդունում Ակվիլայում երեք նախագահների բացահայտած վեց սկզբունքները, որոնցից մեկն էլ ` ԼՂին հարակից օկուպացված տարածքների վերադարձն է, Հայաստանի համար, պաշտոնական Երեւանի համար այս մոտեցումը ընդունելի է թե ոչ:

Էդվարդ Նալբանդյան: Ես բազմիցս ասել եմ, նորից կրկնեմ, այսօր բանակցությունների սեղանին գտնվում է երեք սկզբունք եւ վեց դրույթ: Այդ վեց դրույթները այն հիմնական դրույթներն են, որ եռանախագահները առաջարկել են մադրիդյան փաստաթղթի մեջ: Ի՞նչ է ասում միջազգային հանրությունը, ի՞նչ են ասում միջնորդները, ի՞նչ է ասում Հայաստանը: Միջազգային հանրությունը, միջնորդները, եւ ինչպես դուք նշեցիք Լ՛Աքվիլայի եւ նաեւ Մուսկոկայի հայտարարությունների մեջ եռանախագահող երկրների նախագահները՝ Մեդվեդեւը, Օբաման, Սարկոզին ասում են, որ այս սկզբունքները, այս էլեմենտները մշակված են որպես ամբողջություն եւ ներկայացված են որպես այդպիսին եւ անջատել մեկ սկզբունքը կամ մեկ դրույթը մյուսներից անընդունելի է եւ կխոչընդոտի կարգավորմանը: Ի՞նչ է ասում Ադրբեջանը, Հայաստանը: Հայաստանը ասում է այս սկզբունքները, այս դրույթները, մենք ընդունում ենք որպես հիմք բանակցությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, ընդունում ենք որպես ամբողջություն եւ նույն կարծիքին ենք, որ չի կարելի առավելություն տալ մեկ սկզբունքը մյուսին կամ մեկ դրույթը մյուսին: Ի՞նչ է ասում Ադրբեջանը: Եթե կարող եք ասել ի՞նչ է ասում Ադրբեջանը: Կարծում եմ ադրբեջանցիները իրենք չեն հասկանում թե ինչ են ցանկանում ասել: Ասում են «այո բայց», «այո սակայն ոչ», եսիմ ինչ: Այսինքն պարզ պետք է պատասխան տալ «այո» թե «ոչ»: Այս է՝ միջազգային հանրությունը եւ Հայաստանը ասում են նույնը: Եթե ցանկանում եք, ես կարող եմ հիշատակել այդ երեք սկզբունքները եւ վեց դրույթները. երեք սկզբունքները դա ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառում, ինքնորոշման իրավունք եւ տարածքային ամբողջականություն: Վեցը դրույթներն են. Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, իր կամարտահայտությամբ, որը պետք է ունենա միջազգային իրավական ուժ: Երկրորդը, մինչեւ այս կամարտահայտության կազմակերպումը Լեռնային Ղարաբաղը պետք է ունենա միջանկյալ կարգավիճակ, ի՞նչ է նշանակում միջանկյալ, այսինքն միջանկյալից հետո լինելու է վերջնական կարգավիճակ: Այս միջանկյալ կարգավիճակը պետք է նախատեսի այն ինչ որ ունի այսօր Լեռնային Ղարաբաղը, բայց այդ միջանկյալ կարգավիճակը պետք է ճանաչվի նաեւ միջազգային հանրության կողմից: Երրորդը անխափան կապ Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ: Չորրորդը վերադարձ բոլոր փախստականների եւ տեղահանված անձանց երբ լինեն համապատասխան միջազգային անվտանգության երաշխիքներ: Հինգերորդը. անվտանգության միջազգային երաշխիքներ ներառյալ նաեւ այսպես կոչված խաղաղապահ գործողությունները Ղարաբաղի շուրջ: Վեցերորդը. վերադարձ տարածքների:  Խոսքը գնում է տարածքների վերադարձի մասին: Այո, Հայաստանը այս բոլոր դրույթները եւ բոլոր սկզբունքները ընդունում է որպես հիմք բանակցությունների, որպես ամբողջություն այս գործընթացի առաջ շարժման եւ կարգավորման համար: Ադրբեջանցիները փաստորեն երեք սկզբունքից միայն մեկն են ընդունում այն էլ իրենց մեկնաբանությամբ՝ դա տարածքային ամբողջականությունն է, իսկ վեց դրույթից միայն մեկն են ընդունում՝ տարածքների վերադարձ, այն էլ նորից իրենց տեսանկյունից մեկնաբանելով եւ ասում են, որ տարածքների վերադարձից հետո պատրաստ կլինեն քննարկել մյուս դրույթները: Հենց դրա պատճառով էր, որ Ալմաթիում Մինսկի Խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները հայտարարությամբ հանդես եկան, որ ոչ՝ անթույլատրելի է բաժանել մեկ սկզբունքը մյուսից կամ մեկ դրույթը մյուսից: Աստանայում դրա մասին հիշեցրեց նաեւ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը իր ելույթի մեջ եռանախագահող երկրների անունից: Այո, այն ինչ ասում են եռանախագահները, իսկ եռանախագահները արտահայտում են միջազգային հանրության կարծիքը, որովհետեւ իրենք ունեն միջնորդի միջազգային մանդատ: Այդ կարծիքը համահունչ է Հայաստանի մոտեցմանը:

Հարց: Պարոն նախարար, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ 2011թ. որոշակի փոփոխություններ կկրի պաշտոնական Երեւանի քաղաքականությունը` հաշվի առնելով թուրքական մարտավարությունը եւ քաղաքականությունը: Եւ երկրորդ հարցը. Դուք միակ պաշտոնյան էիք, որ ամբողջ տարվա ընթացքում մի քաղաքական ուժ պահանջում էր անվանական Ձեր հրաժարականը:Կադրային փոփոխությունների ընթացքում պաշտոնը կորցնելու մտավախություններ ունեք, թե ոչ: Շնորհակալություն:

Էդվարդ Նալբանդյան: Գիտեք ինչ` եթե որեւէ պաշտոնյա ամեն օր մտահոգված լինի, թե իրեն պիտի հանեն, ուրեմն պետք է չաշխատի ընդհանրապես եւ չվերցնի այդ պատասխանատվությունը` վարելու որեւէ ոլորտ: Կարծեմ, որ կարծիքներ տարբեր կարող են լինել, դժգոհներ կարող են լինել. դա բնական է: Եթե դու վստահ ես նրանում, ինչ որ անում ես, եւ դա նաեւ աջակցություն ունի երկրի ղեկավարության կողմից, ուրեմն վստահությամբ պետք է շարունակես վարել այդ քաղաքականությունը:

Հայ-թուրքականի վերաբերյալ. Հայաստանը փոփոխության կարիք չունի: Հայաստանը միշտ ասել է այն, ինչ որ արել է, եւ արել է այն, ինչ որ ասել է: Եթե փոփոխության կարիք ունի, դա Թուրքիայի դիրքորոշումն է, որը որ մինչեւ գործընթացի սկիզբ` սեպտեմբեր 2008թ., վարում էր այն քաղաքականությունը, ինչը որ Թուրքիան վարում է համապատասխան արձանագրությունների ստորագրումից հետո, այսինքն` վերադարձել է նախապայմանների լեզվին, որոնք Թուրքիան օգտագործել էր այս գործընթացից առաջ: Ուրեմն Թուրքիան է, եւ ամբողջ միջազգային հանրությունը սպասում է, որ Թուրքիան պետք է փոխի իր քաղաքականությունը՝ առանց նախապայմանների վավերացնի, հարգի պայմանավորվածությունները, որպեսզի հնարավոր լինի ընթանալ առաջ եւ կարգավորել հարաբերությունները: Սա ամբողջ աշխարհի, ամբողջ միջազգային հանրության սպասելիքն է Թուրքիայից: Իսկ Հայաստանի վերաբերյալ ասվում է հետեւյալը, որ Հայաստանը անցել է իր ճանապարհը, Հայաստանը արել է հնարավորը. այսօր Թուրքիան պետք է անի համարժեք քայլեր:

Հարց: Պարոն նախարար, Ադրբեջանը միջազգային կառույցներում անընդհատ հակահայկական հայտարարություններով է հանդես գալիս: Դուք ինչ ջանքեր եք գործադրում եւ որքանով են դրանք արդյունք տալիս: Եվ երկրորդ հարցս. Wikileaks-ի հրապարակումների մեջ Հայաստանի շուրջ սկանդալային բան չեղավ: Արդյոք չկար, թե չեն հրապարակվել: Շնորհակալություն:

Էդվարդ Նալբանդյան: Կարծեմ իմ խոսքի մեջ էլ, պատասխանների մեջ էլ հստակ նշեցի, որ այսօր Հայաստանի մոտեցումները  Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ համահունչ են միջազգային հանրության դիրքորոշումներին: Սա, այո, արդյունք է. նաեւ արդյունք է մեր դիվանագիտության, մեր քաղաքականության: Այն հայտարարությունները. ինչպես Դուք ասում եք, հակահայկական, որ արվում են Ադրբեջանի կողմից, ի՞նչ արդյունքի բերեցին:  Իրենց դիրքորոշո՞ւմն է համահունչ միջազգային հանրության դիրքորոշմանը: Ոչ, Հայաստանինը: Սա հենց այն պատասխանն է, որ կարելի է տալ Ձեր հարցին: Իսկ Wikileaks -ի վերաբերյալ, կարծում եմ դա լոկ միայն պարզ խոսք չէ, երբ մենք ասում ենք, որ Հայաստանը միշտ ասում է այն, ինչ որ անում է, եւ անում է այն, ինչ որ ասում է:

Հարց: Tert.am Պարոն նախարար, Դուք միջազգային հանրության արձագանքին անդրադարձաք բայց Բարոզոն կարծեմ այսօր հայտարարել է, որ իրենք սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ ցանկություն ունեն, որ պահպանվի տարածքային ամբողջականությունը: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:

Էդվարդ Նալբանդյան: Դուք պետք է ծանոթանաք նրան ինչ ասել է Բարոզոն ըստ Եվրոմիության կայքէջի, այլ ոչ թե ադրբեջանական լրատվամիջոցների: Երկրորդը, վան Ռոմպույը Եվրամիության անունից հայտարարել էր Աստանայում Եվրամիության դիրքորոշումը, որը աջակից է եռանախագահների կողմից առաջարկված սկզբունքներին եւ դրույթներին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: Սա է Եվրամիության մոտեցումը եւ դա համահունչ է մեր մոտեցումներին:

Նոյան Տապան – Highlights. Պարոն նախարար, կուզեի հարց տալ մի խնդրի շուրջ, որը սկզբունքորեն արտգործնախարարության խնդիրը չէ, դա խորհրդարանին է: Բայց արտգործնախարարությունը նույնպես չի կարող անտարբեր լինել: Ինչպիսին է հայկական կողմի դիրքորոշումը Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի այսպես կոչված հնարավոր Ղարաբաղյան հանձնաժողովի գործունեության վերաբերյալ, մինչդեռ թվում էր թե այդ հանձնաժողովը չի հավակնում փոխարինել Մինսկի Խմբին, այլ ծառայել որպես մի ֆորում հայ-ադրբեջանական դիալոգի համար, իսկ որ հայկական կողմը սկզբունքորեն միշտ տարակուսել էր: Զարմանալի չէ՞ այսպիսի դիրքորոշումը, եթե առավել եւս հաշվի առնենք, որ հայկական կողմը ժամանակին կարծես թե կողմ էր այդ հանձնաժողովի ստեղծմանը:

Էդվարդ Նալբանդյան: Հայաստանը եւ ոչ միայն Հայաստանը, այլ միջնորդները կողմ են այն ձեւաչափի պահպանմանը, որը գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման համար: Դա Մինսկի Խմբի եռանախագահների ձեւաչափն է եւ դրա մասին բազմիցս արտահայտվել են եւ միջնորդ երկրները, եւ Հայաստանը եւ բոլոր տեսակի փորձերը այս գործընթացը տեղափոխել այլ ձեւաչափեր, այլ հարթություններ, չեմ կարծում, որ կարող են օգուտ տալ:

Կարծեմ երեկ էր, որ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը՝ Ռուսաստանի արտաքին քաղաքականության ներկայացման խոսքում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ասաց, որ գլխավորը не навредить՝ վնաս չհասցնել այս գործընթացին: Եւ բոլորն էլ այն կարծիքին են, որ  փորձերը տեղափոխել այլ հարթություններ դժվար թե նպաստավոր լինեն այս գործընթացին:

Դիտվել է 2395 անգամ:
Print Friendly

Leave a Reply