Էդվարդ Նալբանդյանը ամփոփում է 2010-ը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | January 14, 2011 14:52

2010-ին ԱԳ նախարարության գործունեությունն ուղղված է եղել երկրի համար արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, երկրի հեղինակության ամրապնդմանը, արտերկրում հանրապետության քաղաքացիների շահերի պաշտպանության բարելավմանը, միջազգային կազմակերպություններում ներգրավածության խորացմանը և գործընկեր երկրների հետ հարաբերությունների զարգացմանը. ամփոփելով նախորդ տարվա Հայաստանի արտաքին քաղաքականությունը` այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Ըստ ԱԳ նախարարի` նախորդ տարին նշանավորվել է նրանով, որ ակնհայտ դարձավ` Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման առումով Հայաստանի դիրքորոշումը համընկնում է միջազգային հանրության դիրքորոշումներին` ի հակադրություն Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումների:

Նախորդ տարի, Նալբանդյանի խոսքով, ամրապնդվել են նաև հայ-ռուսական ռազմավարական և դաշնակցական հարաբերությունները, նոր որակի են հասել հայ-ամերիկյան հարաբերությունները, շարունակվել են բազմաբովանդակ հարաբերությունները հարևան Վրաստանի և Իրանի հետ, ակտիվ քայլեր են ձեռնարկվել արաբական երկրների, ինչպես նաև Չինաստանի և Ճապոնիայի հետ փոխշահավետ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ:

Նալբանդյանը նշում է, որ անցած տարի ՀՀ նախագահը 22 արտերյա աշխատանքային այցելություն է կատարել, Հայաստան են ժամանել 6 երկրների ղեկավարներ: ԱԳ նախարարն էլ օտարերկրյա 24 այցելություն է կատարել, Հայաստան են ժամանել 14 երկրների արտաքին քաղաքական կառույցի ղեկավարներ:

Նալբանդյանը նշում է, որ անցած տարի բացվել է նաև ԱԳՆ դիվանագիտական դպրոցը, որը շուտով շրջանավարտներ կունենա, բացի այդ` յոթ երկրներում բացվել են ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ:

Դիտվել է 863 անգամ:
Print Friendly

Leave a Reply