Ուշադի’ր եղեք Սևանում լողացողների ձայներին. այս տարի Հայաստանում խեղդվել է 14 մարդ, որոնցից 5-ը` Սևանում

Շաբաթվա լուր | | July 30, 2009 18:53

sevan1Այս տարի Հայաստանում գրանցվել է ջրահեղձման 14 դեպք, որից 5-ը` Սևանա լճում, 9-ը` հանրապետության տարբեր ջրավազաններում: Հատուկ ջրափրկարարական ջոկատի կողմից հսկվող հատվածներում կանխվել է 21 ջրահեղձման դեպք:

Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) տվյալով` խեղդվողների 90տոկոսը մինչև 35 տարեկան մարդիկ են:

Երբեմն ջրահեղձման ժամանակ զոհվածի հարազատները մեղադրում են փրկարարներին՝ իրենց աշխատանքը բարեխիղճ չկատարելու համար: Փրկարարներն էլ մեղադրում են քաղաքացիներին. «Դժվար է բացատրել մեր համաքաղաքացիներին, որ նավակներից չնետվեն ջուր, ցուցանակներից այն կողմ չանցնեն, վտանգավոր գոտիներում չլողանան, նման պարագայում գոնե պետք է իրազեկված լինեն խեղդվողին փրկելու և առաջին օգնություն ցույց տալու կանոններին»,- ասում է Հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար, փոխգնդապետ Սամվել Մկրտչյանը:

Երեկ լրագրողները Սևանում իրենց աչքով հետևեցին հատուկ ջրափրկարարական ջոկատի աշխատանքներին: Արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը ևս ներկա էր իրազեկման նպատակով անցկացվող փրկարարական միջոցառմանը:

prkararner@«Մեր փրկարարները բարեխիղճ են կատարում իրենց ծառայողական պարտականությունները, չնայած տեխնիկական ոչ բավարար հնարավորություններին, աշխատակիցների նվազ թվաքանակին»,-ասում է նախարարը:

Շահգելդյանն ասում է, որ արտակարգ իրավիճակներն ամենաթանկ ոլորտն է, որտեղ մեծ ներդրումներ են պետք: Միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում առաջիկայում կիրականացվեն փրկարարների վերապատրաստման կուրսեր: Փրկարարական ջոկատները կվերազինվեն նոր տեխնիկայով, կհամալրվեն նոր փրկարարանդամներով:

Այս տարի հատուկ ջրափրկարարական ջոկատը համալրվել է 8 մոտորանավակով և 12 ջրասուզական հանդերձանքով:

Մկրտչյանն ասում է, որ մեծ նավերի կարիք կա, եղածները փոքր են և չեն կարողանում ուժեղ քամու ժամանակ ալիքները հաղթահարել: Նման դեպքում դժվար է լինում ժամանակին տեղ հասնել և փրկել խեղդվողին:

«Սևանա լճում միայն 19 կետերում է հնարավոր փրկարարական հսկողություն սահմանել. ունենք 36 ջրափրկարար, ռադիոկապի միջոցով ստացվում է կանչը, և ջոկատը շարժվում է նշված ուղղությամբ»,-ասում է Մկրտչյանը:

Ջոկատի ամենահին փրկարարներից է Արևշատ Պետրոսյանը, աշխատում է արդեն 21 տարի. ասում է, որ ամեն տարի առնվազն 2-3 մարդու կյանք է փրկում. «Աշխատավարձը շատ քիչ է՝ 60-70.000 դրամ, բայց ես սիրում եմ իմ աշխատանքը. ամեն անգամ, երբ շնորհակալ են լինում ինձ իրենց ջրից հանելուց հետո, հասկանում եմ, թե ինչքան կարևոր և պիտանի գործ եմ անում»:

Ջրափրկարարներն աշխատում են հերթափոխով. նավակներով շրջում են վտանգավոր գոտիներում, հրահանգներ տալիս լողացողներին, ռադիոկապով միմյանց տեղյակ պահում իրավիճակի մասին:

Անդրադառնալով այս տարի Սևանում գրանցված ջրահեղձման 5 դեպքերին՝ Մկրտչյանն ասում է, որ իրենք հատկապես ծանր են տարել վերջին դեպքը: «Երկու երիտասարդներ մեկ շաբաթ առաջ թերակղզու վերջնամասում ջրահեղձ եղան, չհասցրինք օգնություն ցույց տալ, քանի որ կանչը ուշ էր եղել. լողափը մասնավոր էր, իսկ մենք մասնավոր լողափերում այդքան էլ վերահսկողություն չենք իրականացնում, մենք ավելի շատ ազատ լողափերում ենք աշխատում»:

Ըստ Մկրտչյանի՝ մասնավոր լողափերը պետք է ունենան իրենց փրկարարները, աշխատանքն այս դեպքում կենտրոնացված կլինի և ավելի արդյունավետ:

2005թ. ջրահեղձման 43 դեպք է եղել, 2006թ՝ 27, 2007թ՝ 20, իսկ 2008թ` 19 դեպք:

«Եթե լավ լողանում ես, ուրեմն կարաս հանգիստ մարդ փրկել, ես ջրից կհանեմ, Հասմիկս էլ(կինը) բուժքույր ա, առաջին օգնություն ցույց կտա»,-ծիծաղելով ասում է Սևանի ափին հանգստացողԼևոնը:

Սևանի ափին հանգստացողները նախ չգիտեն, թե ինչպես փրկարար կանչեն, եթե դրա կարիքը լինի, հետո էլ բոլորը համոզված են, որ կարող են առանց փրկարարի էլ գլուխ հանել: «Ջրից հանելը հասկացանք, բայց մարդուն նաև պետք ա ուշքի բերել»,-ասում է տիկին Կարինեն:

Փրկարարներն ասում են, որ մասնավոր լողափերում խեղդվող տեսնելիս անմիջապես ահազագել տնօրինությանը, որը զբաղվում է կանչով, իսկ հանրային լողափերում փրկարարներն անձամբ են իրականացնում վերահսկողություն:

Սևանում, ինչպես նաև ծովերի, լճերի և օվկիանոսների ափերին հանգստացող մեր համաքաղաքացիներին խորհուրդ է տրվում նախ ուշադիր լինել ճիչերի, աղմուկների հանդեպ: Մասնագետներն ասում են, որ նախ պետք է ձող, փայտ կամ պարան մեկնել խեղդվողին: Եթե ջուրն եք նետվել և տուժածը երեսնիվայր է, զգուշորեն շրջեք նրան, թևատակերից բռնելով, հասցրեք ափ: Անմիջապես կատարեք գլխի և ողնաշարի շարժումներ. բռնեք տուժածի բազուկներից և վեր բարձրացրեք գլխի երկայնքով: Ջրահեղձ եղածի ձեռքերը գլխին սեղմելով՝ նրա գլուխը ետ տարեք և շնչուղիներից հեռացրեք ջուրը:

Դիտվել է 1688 անգամ:
Print Friendly

Leave a Reply